Ջրագծի փոխումը չի լուծում Աստղաձոր համայնքի խմելու ջրի սուր խնդիրը

Ջրագծի փոխումը չի լուծում Աստղաձոր համայնքի խմելու ջրի սուր խնդիրը

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում իրականացված սուբվենցիոն երկու ծրագրերի շրջանականերում 1300 գծամետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվել Զորավար Անդրանիկ փողոցում: Այս մասին գրում է «Արմենպրես»-ը, հղում անելով Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությանը, և նշում է, որ բարելավվել է խմելու ջրի մատակարարումը շուրջ 400 տնտեսություններում: Ասֆալտապատվել է նույն փողոցի մի հատվածը՝ 630 գծամետր երկարությամբ:

Ջրագծի փոխումը սակայն չի լուծում Աստղաձոր համայնքի խմելու ջրի սուր խնդիրը, քանի որ խմելու ջրի մատակարարումն ապահովում են բացառապես խորքային հորերը, և բնակիչները դժգոհ են հորերի ջրի որակից:

«Ճիշտ է, Զորավար Անդրանիկ փողոցի խմելու ջրատարի ներքին ցանցը փոխվել է: Սակայն ջուրը, որը տրամադրվում է մեզ, խորքային հորերի արտեզյան ջուր է: Այդ ջուրը որակապես խիստ զիջում է Աստղաձոր գետի ակունքի ջրին, որը մենք հարևան Զոլաքար համայնքի հետ համատեղ օգտագործում էինք խմելու համար: 2016թ-ին իրականացված ծրագրի արդյունքում գետի ջուրն ուղղվեց Զոլաքար: Աստղաձորը մնաց միայն խորքային հորերի հույսին: Բացի այն, որ արտեզյան ջուրը որակապես զիջում է Աստղաձոր գետի ակունքի ջրին, այն նաև տարեց տարի նվազում է՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ: Մենք մտավախություն ունենք, որ խորքային հորերը մի օր կցամաքեն, և Աստղաձորը կմնա առանց որևէ ջրի»,- ԷկոԼուրի հետ հեռախոսազրույցում ասաց Աստղաձորի բնակիչ Վարդան Գրիգորյանը: Նա նշեց, որ շարունակելու են պայքարել, որպեսզի Աստղաձոր գյուղը նորից ջուր ստանա Աստղաձոր գետի ակունքից:

Հիշեցնենք, որ Աստղաձոր գետի ջուրը 2016թ-ին ամբողջությամբ տեղափոխվել է Զոլաքար համայնք «Համայնքների գյուղատնեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցության» ծրագրերի իրականացման արդյունքում: Ծրագրերն իրականացվել են Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային միջոցներով:

16:50 Դեկտեմբեր 04, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news