«Ամբողջ գյուղը մի ձկի չա՞փ էլ չկա». Հայանիստի բնակիչները կրկին բարձրաձայնում են ջրի խնդիրը

«Ամբողջ գյուղը մի ձկի չա՞փ էլ չկա». Հայանիստի բնակիչները կրկին բարձրաձայնում են ջրի խնդիրը

ԷկոԼուր

Արարատի մարզի Հայանիստ համայնքի Գետաշեն թաղամասի բնակիչները՝ շուրջ  171 տնտեսություն, 30 տարի շարունակ խմելու ջրի լուրջ խնդիր ունեն: Ամռան այս շոգ սեզոնին գետաշենցիները մնացել են ոչ միայն առանց ոռոգման, այլև՝ առանց խմելու ջրի: «Եթե ջուր չկա, կյանք չկա: Բնությունը չորանում է…Ոչ մի տեսակի ջուր չունենք՝ ո՛չ ոռոգման, ո՛չ խմելու...Հիմա գնանք, ծորակները բացենք՝ ջուր չկա, չոր-չոր է...Անասուն պահելով ենք եկամուտ ստանում, բայց էդ խեղճ անասունը դաշտում ջուր չունի, որ խմի: Լեզուները կախ դաշտից տուն են գալիս»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասացին բնակիչները: 

Հայանիստ համայնքում ներկայումս կա գործող չորս ձկնաբուծարան: Ձկնաբուծարանների լճերից մեկի հայելու մակերեսը 4000 քառակուսի մետր է, մյուսներինը՝ համապատասխանաբար 4500, 7000 և 20 հազար քառակուսի մետր: Որպես ջրի աղբյուր ձկնաբուծական տնտեսություններն օգտվում են Արարատյան արտեզյան ավազանից: «Գիտեք՝ այստեղ ինչքան ձկնաբուծարան կա: Այս ամբողջ գյուղը մի ձկան չա՞փ էլ չկա»,- դժգոհեցին բնակիչները:

Ներկայումս Գետաշեն թաղամասում օրվա ընթացքում արտեզյան երկու հորերից երկու ժամ տևողությամբ ոռոգման ջուր է մատակարարվում, բայց գյուղացիները չեն հասցնում այդ երկու ժամվաընթացքում բավարար քանակի ջուր հավաքել. «Օրական 2 ժամ ջուր են տալիս, էն էլ՝ ոռոգման, խմելու պիտանի չէ: Բայց ստիպված կամ խմում ենք, կամ էլ՝ առնում: Ջուրը, որ տալիս են, տունը քաոս է. կինը չգիտի լվացք անի, ճաշ եփի, ջուր հավաքի... Ջուրը, որ առավոտ-իրիկուն երկու-երկու ժամով տան, ամեն ինչ էլ կհասցնենք»,- նշեցին գետաշենցիները:

Համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանի խոսքով՝ ոռոգման ջրի՝ նման ռեժիմով մատակարարումը պայմանավորված է հորերի վրա տեղադրված պոմպերը չվնասելու խնդրով: «Ամեն միացնել-անջատելիս՝ հոսանքն ուժեղ է վերցնում, պոմպի հերն անիծում է: Ջուր մատակարարողն ասում է, ես կսարքեմ, 300-400 հազար դրամ է դնում, վերանորոգում, բայց հետո իր ծախսած գումարը ջրի վարձով չի կարողանում վերադարձնել»,- պարզաբանեց գյուղապետը:

Գետաշենի բնակիչները նշեցին, որ ոռոգման ջրի սակավության հետևանքով շատերը չեն կարողացել բերք ստանալ և մոտ 80 տոկոսի չափով վնաս են կրել: «Առանց ջրի հողը փոշի է դարձել, այստեղից մինչև այնտեղ հասնում ես, փոշին քեզ խեղդում է...Հողը մշակում ենք, հասնում է սեզոնի էս տաք ժամանակին ու չորանում... Ջերմոց էի մշակում, 2500 քոլ լոլիկը բերքի ժամանակ հողին հավասարվեց»,- նշեց մի գետաշենցի:

Նշենք, որ 2012թ-ին «Save the children» կազմակերպության աջակցությամբ Գետաշեն թաղամասի համար կառուցվել է 2.8 կմ երկարությամբ ջրագիծ` Արմավիրի մարզի Ոսկեհատի ջրամբարից: Մի քանի տարի անց ծորակների անսարքության պատճառով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հետ Գետաշեն թաղամասի ջրամատակարարման վերաբերյալ կնքված պայմանագրի գործողությունը կասեցվել է մինչև այնտեղ ներքին ցանցի կառուցումը: 2018թ-ին ՀՀ կառավարության աջակցությամբ Գետաշեն թաղամասում կառուցվել է ներքին ցանց՝ 10,5 միլիոն դրամ արժողությամբ: Սակայն «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն հրաժարվում է սպասարկել թաղամասում կառուցված ջրի ներքին ցանցը: Այս տարվա ապրիլի 2-ին Գետաշեն թաղամասի բնակիչները փակել էին Երևան-Հայկաշեն-Էջմիածին-Մասիս խաչմերուկը՝ պահանջելով հրատապ լուծում տալ իրենց ջրի խնդրին: Բողոքի ակցիայի ժամանակ, ըստ համայնքապետի, «Վեոլիա Ջուր» ընկերությունը համաձայնվել էր ապահովել Գետաշենի թաղամասի ջրամատակարարումը, սակայն խոստումը մինչ օրս չի իրագործել:

Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

19:39 Հուլիս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news