Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ ջրառի օրինագիծը՝ չնայած հանրային բողոքին

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանից հավելյալ ջրառի օրինագիծը՝ չնայած հանրային բողոքին

ԷկոԼուր

Օգոստոսի 28-ի արտահերթ նիստում ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառի մասին օրինագիծը: Քվեարկությանը մասնակցեց 69 պատգամավոր, որոնցից միայն մեկը դեմ քվեարկեց՝ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը: Օրինագծի երկրորդ ընթերցումը օգոստոսի 29-ին է:

Օրինագիծը ներկայացնող ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը նշեց, որ այսօր առանց Սևանա լճի հնարավոր չէ ապահովել ոռոգման ջրի պահանջարկը: «Բնակլիմայական պայմանների թելադրանք է սա: Հունիսից ոռոգման համակարգն անցել է խնայողական խստագույն ռեժիմի: Առկա 120 միլիոն խմ դեֆիցիտը լրացնելով հնարավոր բոլոր աղբուրներով` այսօր այն կրճատել ենք մինչև 40 միլիոն խմ: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի չգերազանցենք 25 միլիոն խմ-ն, - ասաց Ինեսսա Գաբայանը և նշեց - Սևանը մեր քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարն է: Մեր ծրագրերը տանում են նրան, որ մենք կարողանանք հրաժարվել լճից ոչ միայն հավելյալ, այլ նաև նորմատիվային ոռոգման նպատակով»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով` Ջրային կոմիտեի ներկայացրած հիմնավորումները «խոցելի են և թույլ»: Ապացուցված չէ հավելյալ ջրառի անհրաժեշտությունը և համադրելիությունը գործող իրավիճակին: «Սևանում S.O.S է և փրկության խնդիր ունենք», - ասաց պատգամավորը:

«40 միլիոնը հիմնավորված թիվ է: Մենք ունենալու են 55.000 գյուղընտանիքների հողի ամբողջ տարվա ընթացքում մշակված արդյունքը ստանալու հնարավորությունը, որոնք տեղակայված են Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում, գումարած Երևանի տարածքը, որտեղ բոլոր ոռոգվող տարածքները ոռոգվում են Սևանից եկող ջրի հաշվին», - արձագանքեց Ինեսսա Գաբայանը:

«Այս տարիների ջրառը խիստ խախտել է Սևանի էկոհամակարգը և լրջագույն վնաս է հասցրել տուրիզմին: Մենք ճիշտ հաշվարկ չենք անում և մինչև 70 տոկոս ջրի կորստի պարագայում շարունակում ենք այդ արատավոր պրակտիկան: Այդ նույն գյուղացու հարստությունն է ոչ միայն իր այգու բանջարեղենը, այլ նաև Սևանը:

Մենք 7 միլիարդ 650 միլիոն դրամի ջուր ենք տալիս` դիմացը ստանալով կես միլիարդի գյուղացիական տնտեսություններին շահույթ տալու հնարավորություն: 7 միլիարդ ծախսում ենք կես միլիարդ ստանալու համար», - ասաց Սերգեյ Բագրատյանը:

«Այսօր գոյություն չունի Սևջուր գետը, մենք այստեղ կորցրել ենք 90 միլիոն խմ ջուր: Գետով հոսում են միայն Արմավիրի, Մեծամորի կոյուղաջրերը: Արփա-Սևան թունելով 250-260 միլիոն խմ ջուր պետք է դեպի Սևան տեղափոխվեր, բայց այսօր 100-110 ենք տեղափոխում: Սա բերում է պարզ արդյունքի, որ մոտ 250 միլիոն խմ համակարգում պակասում է, չեմ ասում մնացած կորուստները: Ինչ վերաբերում է ջրի մաֆիային, գոյություն ունի, թե ոչ, եթե կոչում ենք ջրի մաֆիա, ես կարծում եմ գոյություն ունի: Պետք է բացահայտենք, ովքեր են, ով է այդ մաֆիան», - նշեց Ինեսսա Գաբայանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ասաց. «Մենք ոլորտի պատասխանատուներից լսեցինք ոչ միայն եղանակի տեսություն, այլ նաև բուն պատճառներ, թե ինչու է տարեցտարի Սևանից ջրառի կարիք լինում:

15 տարի շարունակ, ամեն տարի Արարատյան արտեզյան ավազանից ջրառը նորմայից գերազանցել է 660 միլիոն խմ-ն: Ջրամբարները բարվոք վիճակում չեն, կորուստները մեծ են: Համակարգում լինում են ջրագողություններ: Ոչ ճիշտ, անպատասխանատու կառավարումը, ջրային ռեսուրսի գողությունը և կոռուպցիան հանգեցրել են այս վիճակին, որ մենք ստիպված փաստի առաջ ենք կանգնել և պետք է լուծում տանք` 40 միլիոն խմ ջրառ անելով Սևանից»:

«Քննադատում էին մեր աշխատանքը, բայց շարունակում են նույնը», - իր ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյան և նշեց, որ օրինագծի հիմնավորումները համոզիչ չէին:

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Ազգային ժողովը պետք է ցուցաբերի պետական դիրքորոշում այս հարցի վերաբերյալ` հաշվի առնելով բոլոր պլյուսներն ու մինուսները: Մենք ընտրում ենք վատի և վատթարագույնի միջև: Կա պետական ծրագիր և Սևանի աղտոտվածության դեմ, և Սևանի մակարդակի բարձրացման համար: Սևանը մեր ազգի հարստությունն է, բայց մենք ունենք օրհասական հարց, եթե չոռոգվեն այդ հողերը, մենք կունենանք լուրջ գյուղատնտեսական աղետ, միգուցե նաև պետական: Մենք պետք է ընտրենք վատ, պետք է ջուր բաց թողնենք, հակառակ դեպքում կգնանք աղետի»:

«Այս հարցի պատասխանը միանշանակ այո է, - իր ելույթը սկսեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը, - մեր ոռոգման համակարգը կառուցված է Սևանա լճից բաց թողնելու վրա, և այդ ջուրը պետք է բաց թողնվի այնքան ժամանակ, մինչև չունենանք այլ աղբյուր»:

Հակոբյանի հետ համաձայն է ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը. «Անկասկած բաց թողնել ջուրը, խնդիրն այլընտրանք չունի»:

«Այն քննադատությունները, որ ժամանակին լինում էին նախորդ կառավարության հասցեին, կամ իրավիճակին չէին տիապետում, կամ դա քաղաքական մանիպուլյացիա էր, - ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը և շարունակեց, - դեռ մայիս-հունիս ամսիներին մենք զգուշացրել էինք կառավարությանը, որ այս օրենքն անխուսափելի է: Մինչ դա պետք է լիներ հանրային քննարկում, պետք է լինեին մասնագիտական քննարկումներ, սակայն մեր հորդորները ուշ տեղ հասան: Մենք կողմ ենք քվեարկելու` հաշվի առնելով այն փաստը, որ գյուղացուն չի կարելի թողնել առանց ոռոգման ջրի»:

«Ծառուկյան դաշինքը ևս կողմ է քվեարկելու նախագծին», - ասաց ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը:

Նիստին զուգահեռ ԱԺ-ի շենքի դիմաց «S.O.S Սևան» նախաձեռնությունը բողոքի ակցիա էր անցկացնում: «Միասին փրկենք Սևանը», «Սևանին սպառնում է էկոլոգիական կաթված», «Ջուրը կյանք է» գրությամբ պաստառներով բնապահպանները կոչ էին անում պատգամավորներին չընդունել օրինագիծը:

«Այսօր բոլորը խոսում են այն մասին, որ գյուղացին ոռոգման ջրի կարիք ունի, բայց չեն խոսում այն մասին, որ եթե 5 տարի հետո չլինի Սևանը, լինի ամբողջովին ճահճացված զանգված, գյուղացին առհասարակ չի ունենալու այդ ջուրը: Պետք է մտածել ոչ թե այն մասին, որ Սևանի հաշվին ապահովել գյուղացու ջուրը, այլ պետք է մտածել ինչպես լուծել այն խնդիրները, որոնք առաջ են եկել, ինչպես կանխել Սևանի ճահճացումը, որովհետև Սևանի գոյությունից է կախված մեր ազգի գոյությունը Հայաստանի տարածքում», - ասաց բնապահպան Կարինե Փանոսյանը:

«Այս տարի մենք Սևանում չենք ունեցել դրական բալանս, իսկ «Սևանա լճի մասին» օրենքով սահմանված է, որ լիճը չպետք է ունենա բացասական բալանս: Մենք այցելել ենք Արարատի մարզ և հասկացել, որ խնդիրը ոռոգման համակարգի վատ կառավարման մեջ է: Ջրային կոմիտեն պետք է հստակ թվեր ցույց տա, եթե անօրինական ջրօգտագործողներ կան, որքան են տանում, ով է տանում ջուրը…ոչ մի նման փաստաթուղթ չկա, մենք պետք է ունենանք ստույգ փաստաթուղթ», - ասաց «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

«Կարծում եք ջուրը գնում է Արարատյան դաշտավայր` ժողովրդի համար: Ոչ, մարդիկ բողոքում են, ասում են` ջուր չենք ստանում: Ո՞ւր է գնում Սևանի ջուրը: Այստեղ էներգետիկ շահ կա, այն էլ ինչպիսի: Կառավարությունը պետք է մշտադիտարկի` ուր է գնում Սևանի ջուրը, - ասաց Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը, - հանրային լսումների մասին էլ խոսք չկա, բայց այսպես չի կարող շարունակվել: Մենք մեր խոսքն ասելու ենք, մենք մեր պայքարը տանելու ենք»:

«Սա «Սևանա լճի մասին» օրենքի կոպիտ խախտում է: Հայտարարվում է, որ լիճը վատ վիճակում է, ջրիմուռների քանակն այնքան է ավելացել, որ առողջապահության նախարարությունը հայտնում է` ջուրը վտանգավոր է առողջության համար: Այս պարագայում նման նախագիծ Ազգային ժողով ուղարկելը և որոշել, որ այդ ջրով պետք է գյուղատնտեսական հողերը ոռոգվեն, հանցագործություն է: Այդ ջուրն օգտագործման համար պիտանի չէ, եթե այնտեղ թունավոր նյութեր կան:

Բացի այդ, սեպտեմբերին գյուղացուն ջուր պետք չէ: Պարզ է, որ էներգետիկ նպատակով է այդ ջուրն օգտագործվելու», - ասաց «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:

Գեղարքունիքի մարզի «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սաթիկ Բադեյանն ասաց. «Սևանի բնակիչները ոչ մի քննարկման մասնակից չեն եղել: Մենք տեսանք, որ լիճն աննախադեպ ծաղկում ապրեց այս տարի, ինչը հետևանք էր լճի ջրի բարձր ջերմաստիճանի: Չի հաշվի առնվում Սևանա լճի բնակիչների սոցիալական ծանր վիճակը: Լիճն այդ տարածաշրջանի ժողովրդի եկամտի հիմնական աղբյուրն է, և մարդիկ այստեղ եկել բնակվել են միայն այդ լճի համար: Այսօր անհաշվենկատ շահագործման արդյունքում լճում արդեն չկան ձկան պաշարներ, և մարդկանց հիմնական եկամտի աղբյուրը մնացել է ամիս ու կես ափամերձ հանգստի կազմակերպումը: Մարդիկ ամբողջ տարի ապրել են պարտքերով, գարնանը վարկեր են վերցրել, որպեսզի բարեկարգեն իրենց հանգստի գոտիները, որ կարողանան զբոսաշրջիկներ և հանգստացողներ ընդունել: Բայց փաստացի լիճը ծաղկեց թունավոր ջրիմուռներով, մարդիկ ոչ մի հանգստացող չունեցան:

Արփա-Սևանը ամբողջ ներուժով չի աշխատում, Որոտան-Արփա թունելը, որի կառուցման միլիոներ ծախսեցին, դեռ ոչ մի կաթիլ ջուր չի տեղափոխել, մենք ներքին ինֆորմացիա ունենք, որ թունելը սխալ է կառուցված, և ընդհանրապես հնարավոր չէ, որ թունելով ջուր գա:

Ունենք լճում ցանցավանդակներ, որտեղ ձկներին պահում են արհեստական կերերով, մենք ունենք ջրասուզակների պատմածը, իրենք ևս պատրաստ են վարչապետի հետ հանդիպել և իրավիճակը ներկայացնել, որ ասում են ցանցավանդակների տակ դանակը ձեռքիցս որ ընկնում է հանկարծակի, հետո հանում եմ, էլ չեմ կարողանում մաքրել, չի մաքրվում, այնքան շատ է ֆոսֆորի կուտակումը»:
Սևան քաղաքի երիտասարդները դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Արման Եղոյանին` վարչապետի հետ հանդիպելու և Սևանի խնդիրները ներկայացնելու համար:

Օգոստոս 28, 2018 at 19:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր