ԷկոԼուր
Համաշխարհային բանկը դադարեցրեց Գառնիի բնակիչների բողոքի հիման վրա Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ ծրագրի հետաքննությունը: Բանկը դա հիմնավորեց նրանով, որ ազդակիր համայնքի առաջարկների հիման վրա արված նախագծային փոփոխությունները տրամադրում են համապատասխան հավաստիացումներ, որ կկանխեն Ծրագրի հավանական վնասը:
Քաղցրաշենի փոփոխված ծրագրով Ազատ գետից ջրառն իրականացվելու է Ազատ գետի ավելի ցածրադիր հատվածում` օգտագործելով գոյություն ունեցող Հացավանի պոմպակայանը: Ըստ ծրագրի` գետում պետք է թողնվի 850լ/վրկ բնապահպանական թողք:
Համաշխարհային բանկի պատասխանի հետ համաձայն չէ Գառնիի ակտիվիստ Արուսյակ Այվազյանը. «Գառնեցիները պահանջում էին չեղարկել Քաղցրաշենի ծրագիրը, քանի որ ի սկզբանե նա կործանարար ծրագիր էր: Ծրագրի բոլոր տարբերակներն էլ աղետաբեր են Ազատի կիրճի համար, քանի որ Ազատ գետը խիստ սակավաջուր է և չի կարողանում ապահովել կիրճի բնականոն կյանքը` կենդանական աշխարհի, բուսական աշխարհի, ձկնաշխարհի: Օգոստոս ամիսն ենք` 700-800 լիտր ջուր է հոսում գետով: Ինչպե՞ս կարող է գետը կատարել ինքնամաքրման ֆունկցիան, համ պահպանել կենդանական աշխարհը, բուսական աշխարհը և հետո մոտ 1000 լիտր վարկյանում ջուր տալ` Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրն իրականացնելու համար: Այդ տարբերակով եթե հաշվարկ ենք կատարում, գետը պարտք է մնում Քաղցրաշենի ծրագրին»,- ասաց Արուսյակ Այվազյանը: Նա նշեց, որ գառնեցիներին նորմալ ոռոգման ջուր չեն տալիս, որպեսզի ցույց տան, որ գետի մակարդակը բարձր է: «Ոտնահարվում է մարդու իր հայրենիքում ապրելու իրավունքը: Մարդն ինքնակամ լքում է իր հայրենիքը, որ կարողանա գոյատևել»,- ասաց Արուսյակ Այվազյանը:
Գառնիի ջրի խնդրով վրդոհված են նաև Գառնիի այլ բնակիչներ:
ԷկոԼուրի հետ զրույցում Գառնիի բնակչուհի Լուսինե Չիլինգարյանը նշեց, որ արդեն 2-րդ տարին է, ոռոգման ջուր չունեն տնամերձ հողատարածքը ոռոգելու համար: «Ունենք 1300քմ տնամերձ հողատարածք, պտղատու ծառեր` խնձոր, գիլաս, դեղձ, ծիրան, բայց ամբողջը չորանում է, վերջին 2 տարիներին ընդհանրապես ոռոգման ջուր չենք ունեցել: Խմելու ջուր մինչև մայիս ունեցել ենք, բայց գալիս է հունիս, հուլիս, օգոստոս, նույնիսկ սեպտեմբեր, շատ ցավալի վիճակ է, օր է լինում 1 ժամ, օր է լինում կես ժամ, առավոտյան, երեկոյան ու դա բավարար չէ: Ամռան շոգին ոնց կարելի է նման ձևով, երեխաներ կան, մեծեր կան, կենդանիներ կան»,- ասաց Լուսինե Չիլինգարյանը:
«Գառնին, ջրային պաշարներով հարուստ լինելով հանդերձ, ջրային ռեսուրսներով բավարարում է Երևանի մեծ մասին, ինչպես նաև Արտաշատի որոշ գյուղերին, սակայն այսօր Գառնիի բնակիչը և խմելաջրով, և ոռոգման ջրով ապահովված չէ: Ընդամենն այս տարի մեզ երեք անգամ ջուր է տրվել, բայց երեք անգամից և ոչ մի անգամ հողամասը լիարժեք չի ջրվել: Իսկ այս ամառվա տապին, որ հողամասը նորմալ չի ջրվում, բնականաբար ծառն էլ է չորանում, թուփն էլ է չորանում: Մի ամսից ավել մեր ծորակից ջուր չի հոսել, ստիպված տեղադրել ենք ջրահավաքման մի կես տոննայանոց տարրա, դրա միջոցով հոսանք ծախսելով կարողանում ենք տարական կենցաղային հարցեր լուծել»,- ասաց Գառնիի բնակչուհի Ռուզան Մուրադյանը:
Քաղցրաշենի ծրագրը անարդյունավետ ծրագիր է, կարծում են գառնեցիները և թվում ռիսկերը.
• Քաղցրաշենի ծրագրի իրագործման արդյունքում Հացավանի պոմպակայանի կետից մինչև Ազատի ջրամբար Գառնիի կիրճն անապատանալու է ջուր չլինելու պատճառով:
• Ազատի ջրամբարը չի լցվելու, որը ոռոգում է 7100 հա հողատարածք, առաջացնելով սոցիալական լարվածություն և մեծացնելով աղքատության մակարդակը:
• Երաշխիք չկա, որ Ազատի ջրամբարից պոմպակայաններով ոռոգվող հողատարածքները Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագրի իրականացման դեպքում ջուր կստանան, և որ այդ ջուրը չի ուղղվի միայն մի քանի նորատունկ այգիների:
• Ազատի ջրամբարի չլցվածությունը կօգտագործեն Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար:
Ստացվում է, որ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացվող Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի ծրագիրը հակասում է Համաշխարհային բանկի առաքելությանը՝ պայքարել աղքատության դեմ եւ ապահովել էկոլոգիական եւ սոցիալական կայունություն:
Ստորև ներկայացնում ենք Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման և Ազատի ջրամբարի լուսանկարները:
Հացավանի պոմպակայան
Հացավանի պոմպակայանի համար ջրառը Ազատ գետից
Հացավանի պոմպակայանի տարածքում Քաղցրաշենի ծրագրի համար պոմպակայանի շենքի և նոր ջրառ կանալի լուսանկարներ
Ազատ գետը Հացավանի պոմպակայանի ջրառից հետո
Քաղցրաշենի ծրագրով խողովակաշարերի անցկացման աշխատանքների տարածք Գառնիի կիրճում
Ազատի ջրամբար
Օգոստոս 18, 2017 at 17:27