ԷկոԼուր
Արարատի մարզի բնակիչները պահանջում են, որպեսզի «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության ազդակիր համայնքներ ճանաչվեն Արարատի մարզի Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխավան և Պարույր Սևակ գյուղերը: Նրանք իրենց պահանջը բարձրաձայնեցին հոկտեմբերի 9-ին ԷկոԼուրի կողմից Արարատի ինֆոտանը կազմակերպված «Եղեք իրազեկ և պահանջատեր, պաշտպանեք ձեր շահերն ու իրավունքները ԱՃԹՆ հայաստանյան գործընթացում» թեմայով քննարկման ժամանակ:
«Արարատի մարզում կան գյուղեր, որ ընկերության գործունեության հետևանքով ազդեցություն են կրում: Դրանք պետք է ճանաչվեն ազդակիր համայնքներ: Կա ազդեցություն ջրային ռեսուրսների վրա, քանի որ կա արտադրություն, և ջուր է օգտագործվում: Տեղի է ունենում փոշով աղտոտում պոչամբարի տարածքից: Պոչամբարի հարևանությամբ կան ձկնաբուծական լճեր: Պոչամբարից ներծծվող ջուրը գնում է Կախանովի ջրանցք, որով ոռոգվում են Սուրենավան, Արմաշ, Երասխավան և Պարույր Սևակ համայնքները: Այդ համայնքները պետք է հնարավորություն ունենան օգտվել բնապահպանական վճարներից»,- պահանջեցին տեղի բնակիչները:
Արարատի ցիանային պոչամբարը
Պոչամբարի պատվարը
Արմաշի լճերը
Նշենք, որ ազդակիր համայնքը սահմանում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Քննարկմանը ԷկոԼուրի փորձագետ Վիկտորյա Բուրնազյանը ներկայացրեց «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի վերաբերյալ ՀՀ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 1-ին ազգային զեկույցի տվյալները:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն շահագործում է Գեղարքունիքի Սոտք համայնքում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատ քաղաքում գտնվող Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան և Արարատ գյուղում գտնվող ցիանային պոչամբարը:
Սոթքի ոսկու հանքավայրը
Արարատի ոսկու կորզման ֆաբրիկան
ԱՃԹՆ 1-ին ազգային զեկույցի համաձայն՝ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության վնասակար ազդեցությանն են ենթարկվել Արարատ քաղաքն ու Սոթք գյուղը: Արարատ քաղաքում օդային ավազան վնասակար նյութերի արտանետման վնասակար ազդեցությունը սահմանված է 15%, իսկ Սոտք գյուղում՝ 85 %: Զեկույցի համաձայն՝ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի է ունեցել միայն Սոտքում, Արարատը հիշատակված չէ:
Մինչդեռ Արարատում բնապահպանական վճարներից ստացված սոբվենցիաներով իրականացված ծրագրերը վերաբերել են ջրերին: 2016թ-ին 4 042 000 դրամով իրականացվել են արտեզյան խորքային հորի նորոգման և գործարկման կամ կոնսերվացված հորի գործարկման աշխատանքներ, մշակվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր: Սոտք գյուղում բնապահպաանական վճարներով աշխատանքներ չեն կատարվել: Համայնքներում չեն իրականացվել նաև առողջապահական ծրագրեր: Փոխարենը «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Սոտք համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման համար ստանձնել է պարտավորություններ և 2017թ-ին գյուղին տրամադրել 9 600 000 դրամ:
Արարատի բնակիչները «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի գործունեության թափանցիկության և հաշվետվողության բարձրացմանն ուղղված մի շարք առաջարկներ հնչեցրին.
1. հրապարակել «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության կողմից իրականացվող արտադրության ծավալները
2. մշակել Արարատի ցիանային պոչամբարի անվտանգության ապահովմանն ու վտանգների նվազեցմանն ուղղված ծրագիր, ներկայացնել քաղաքացիական հասարակությանը
3. ստանձնել սոցիալ-տնտեսական պարտավորություն Արարատ քաղաքի, Արարատ, Սուրենավան, Արմաշ, Երասխավան և Պարույր Սևակ գյուղերի նկատմամբ
4. Իրականացնել անվճար առողջապահական հետազոտություններ թիրախային խմբերի համար:
Հիշեցնենք, որ սույն թվականի հուլիսի 23-ին «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ն Արարատ քաղաքում հանրային քննարկում է անցկացրել՝ տեղեկացնելով ֆաբրիկայի արտադրողականությունը 75 տոկոսով ավելացնելու մտադրության մասին: Դեռ այն ժամանակ Արարատի մարզի բնակիչներն իրենց անհանգստությունն էին հայտնել «Արարատի ոսկու կորզման» ֆաբրիկայի արտադրողականության ավելացման դեպքում ցիանային պոչամբարի տարածքի ընդլայման վերաբերյալ: «Հայաստանի Հանրապետության հարստապոչերի հետ կապված առաջնահերթ խնդիրները» գիտական աշխատության համաձայն՝ Արարատի ցիանային պոչամբարը 20 միլիոն խմ նախագծային ծավալ ունի, որի լցվածությունը 2014 թ. դրությամբ արդեն իսկ կազմել է 12,5 միլոն խմ:
Այցի օրը տեղի բնակիչները ԷկոԼուրին ցույց տվեցին, որ պոչամբարի հարևանությամբ իրականացվում են հողային աշխատանքներ:
Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։
Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հոկտեմբեր 16, 2019 at 13:11