Սյունիք գյուղի ոռոգման ջրատարը կոտրողին պարզելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

Սյունիք գյուղի ոռոգման ջրատարը կոտրողին պարզելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն

ԷկոԼուր

Սյունիքի մարզի Սյունիք գյուղի ոռոգման ջրատարը կոտրողին պարզելու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ԷկոԼուրի ահազանգի հիման վրա հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին: Այս մասին նամակով ԷկոԼուրին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեղակալ Ա. Հակոբյանը:

Հիշեցնենք, որ ԷկոԼուրը դեռ 2018թ-ին ահազանգ էր ուղղել տեսչական մարմնին այն մասին, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերը լցվում են Սյունիք գյուղի ոռոգման ջրանցք:

2013-2014 թթ. ՄԱԶԾ/ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի և ԵԱՀԿ-ի կողմից տրամադրված աջակցության շնորհիվ վերականգնվել է Սյունիք գյուղի համար այլընտրանքային ջրանցք, որի շնորհիվ գյուղը մի քանի տարի ստացել է մաքուր ջուր։

Մինչ այդ այլընտրանքային ջրանցքի վերականգնումը, այդ գյուղի հողերը ոռոգվում էին Արծվանիկի պոչամբարից դուրս եկած և մեխանիկական մաքրում անցնելուց հետ Աճանան գետ թափված ջրով: Արդյունքում, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի 2007-2008թթ. ուսումնասիրությունների համաձայն, Սյունիք գյուղում աճած բույսերը համարվել են չափազանց վտանգավոր օգտագործման համար:

ԷկոԼուրն ահազանգ էր ստացել, որ 2018թ-ին կատարվել է նոր կառուցված ջրանցքի ջրառի մասնակի քանդում, և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աղտոտված ջրերը միացվել են մաքուր ջրին, հավանաբար, ջրի քանակն ավելացնելու համար։

ԷկոԼուրն ահազանգն ուղղել էր տեսչական մարմին՝ խնդրելով.

- ստուգումներ անցկանել և պարզել, թե ինչպես են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կեղտաջրերը հայտնվել Սյունիք գյուղի ոռոգման ջրանցքում;

- գնահատել շրջակա միջավայրին կեղտաջրերով ոռոգման արդյունքում պատճառված վնասը և սահմանել մեղավորի կողմից փոխհատուցման տրամադրում հողօգտագործողներին և պետությանը;

- պարտավորեցնել, որպեսզի կեղտաջրերը հեռացվեն ջրանցքից և ապօրինի ջրառ չիրականացնել;

- պարտավորեցնել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տեղադրել քիմիական մաքրման կայաններ արտադրական կեղտաջրերի մաքրման համար:
Տեսչական մարմնի 2019թ. սեպտեմբերի 11-ի թիվ 04/20/2764.19 պատասխան նամակում նշված է. «ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ » ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման ընթացքում անդրադարձվել է Ձեր գրության 1-ին կետով բարձրացված հարցին, ինչի արդյունքում պարզվել է, որ այն առնչություն չունի ընկերության գործունեության հետ:

Հիմք ընդունելով վերոգրյալը, տեսչական մարմնի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժին՝ պարզելու, ինչպես կամ ում կողմից է ջարդվել Սյունիք համայնք մատակարարվող ոռոգման բետոնյա ջրատարը:

Գրության 3-րդ և 4-րդ կետերին ի պատասխան հայտնում եմ, որ օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով նախատեսված չէ տեղադրել քիմիական մաքրման կայաններ»:

 

19:03 Հոկտեմբեր 03, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news