Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կրկին ուշադրության կենտրոնում է

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը կրկին ուշադրության կենտրոնում է

ԷկոԼուր

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում պահվող 512 տոննա թունաքիմիկատները պետք է տարհանվեն և պահեստավորվեն: Գերեզմանոցում թունաքիմիկատների փաթեթավորումը քայքայված է, գերեզմանոցը գտնվում է ակտիվ սողանքային գոտում և իրենից վտանգ է ներկայացնում ջրերի և մոտակա բնակավայրերի համար: Գերեզմանոցի անմիջական հարևանությամբ գտնվում է Էրեբունի արգելոցը, որտեղ պահպանվում է վայրի ցորենների աշխարհում եզակի գենոֆոնդը:

Խնդրի վերաբերյալ քննարկում անցկացրեց «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն «Հանուն թույներից զերծ շրջակա միջավայրի՝ տեղական մակարդակից մինչև համընդհանուր» ծրագրի շրջանակներում:

Ամենավիճելի հարցը պահեստավորման տարածքի ընտրությունն է: Նախնական դիտարկվում է Կոտայքի մարզում` Հրազդան քաղաքի հարևանությամբ գտնվող ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տնօրինման տակ գտնվող քաղպաշտպանության և բժշկական ապրանքների նախկին պահեստային տարածքը: Այստեղ նախատեսվում է ստեղծել վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոն: Այս հանգամանքն  անհանգստացնում է հրազդանցիներին և որոշ բնապահպանների: «Պահեստարանի տարածքի հարևանությամբ գտնվում են մեր արոտավայրերը…Պահեստարանից  800մ հեռավորության վրա գտնվում է բնակելի տուն… Մենք չենք ցանկանում նման պահեստ ունենալ մեր բնակավայրի հարևանությամբ», - նշում են Հրազդանի բնակիչները:

Ի պատասխան մտահոգությունների` «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը նշեց. «Մենք հետաքրքրված ենք այս խնդրի էկոլոգիայի տեսանկյունից ճիշտ լուծման հարցում: Եթե լինեն հիմնավոր պատճառներ Հրազդանի մոտ պահեստ չստեղծել, եթե լինեն հիմնավորված ռիսկեր առողջության և շրջակա միջավայրի համար, կգրենք հաշվետվություն, որ կան հիմնավորված ռիսկեր և պետք է այլ տեղ ընտրել պահեստավորման համար»:

Պահեստարան պետք է տեղափոխվեն ինչպես Նուբարաշենի կայուն օրգանական աղտոտիչները, այնպես էլ խորհրդային տարիներից մնացած 24 պահեստներից այլ քիմիական թափոններ` հետագայում այլ երկիր արտահանելու և ոչնչացնելու պայմանով:

Նուբարաշենի գերեզմանոցի լիկվիդացման ծրագրի ազդակիր համայնքներն են` Մուշականը, Ողջաբերդը, Գեղադիրը, Հրազդանը, Քաղսին, Լեռնանիստը:

«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծում`քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագիրն իրականացնում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

Լուսանկարները՝ «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի

14:28 Մայիս 18, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news