ԷկոԼուր
Մայիսի 25-ին ՀՀ կառավարությանը հանձնվեց պահանջագիր առևտրի կետերում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումն արգելելու մասին:
«Արգելե՛ք մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակների տրամադրումը առևտրի կետերում» խորագրով change.org կայքում ստորագրահավաք էր նախաձեռնել Միքայել Հովհանիսյանը և հավաքել 931 ստորագրություն: Պահանջագրում ասված է.
«Պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը մեր օրերում համամոլորակային խնդիր է դարձել: Աշխարհում աղբի 75 % կազմում են պոլիէթիլենային տոպրակները: Դրանք բնության մեջ շատ երկար են քայքայվում՝ 100-400 տարվա ընթացքում: Միջինում այդ տոպրակների օգտագործելիության ժամկետը կազմում է 20 րոպե, բայց հետագայում այն դեռ պիտի քայքայվի դարերի ընթացքում:
Հայաստանում պոլիէթիլենային տոպրակներն աղբի տեսքով ամենուր են՝ քաղաքներում, գյուղերում, պատմամշակութային վայրերում, դաշտերում, ճանապարհների եզրերին, լճերում, գետերում, իսկ քամու ժամանակ ականատես ենք լինում տհաճ տեսարանի՝ թռչող տոպրակների ալիքի: Ըստ վերջին տարիների միջինացված տվյալների՝ Հայաստանի Հանրապետությունում տարեկան օգտագործվում է մոտ 823 տոննա պոլիէթիլենային տոպրակ, ինչից գոյացած աղբը գրեթե չի վերամշակվում: Աղբանոցներում դրանք քամու միջոցով տարածվում է շրջակայքում, իսկ այրելու դեպքում արտադրվում է միջավայրն աղտոտող խիստ թունավոր, քաղցկեղածին քիմիական միացություն՝ դիօքսին:
Այս խնդիրները հաշվի առնելով՝ Հայաստանում պետք է արգելվի մեկանգամյա օգտագործման տոպրակների տրամադրումը խանութներում, իսկ փոխարենը վաճառվեն որակյալ, բազմամյա օգտագործման տոպրակներ (գնում եք մեկ անգամ, օգտագործում ամեն անգամ առևտուր անելիս): Կարելի է կիրառել նաև կտորե կամ թղթե պայուսակներ և արկղեր: Գուցե սկզբում դժվարություններ առաջանան բնակչության շրջանում, բայց եթե մի շարք երկրներ (ինչպես օրինակ՝ Իտալիա, Գերմանիա, Իռլանդիա, Ֆրանսիա, ԱՄՆ-ի մի շարք նահանգներ, այս սեպտեմբերից նաև Վրաստան, և այլն) կարողանում են ապրել առանց մեկանգամյա օգտագործման տոպրակների, ապա մենք նույնպես կարող ենք: Կարևորը հասարակության գիտակցումն է և սերը բնության ու հայրենիքի նկատմամբ»:
ԷկոԼուրը նույնպես միացել է այս պահանջագրին:
Հիշեցնենք, որ մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման կոչով հանդես է գալիս նաև 44 միլիոն անդամ ունեցող Avaaz միջազգային ցանցը և իրականացնում ստորագրահավաք: «Եթե մեզանից մեկ միլիոն մարդ աջակցի այս գլոբալ կոչին, ապա ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրերի ղեկավարը մեր խնդրագրի մասին կհայտարարի բարձր ամբիոնից և մեզ հետ միասին կպահանջի, որպեսզի երկրներն արգելեն միանգամյա օգտագործման պլաստիկները և թույլ տան մեր օվկիանոսներին շնչել»,- նշված է Avaaz-ի կոչում: Աշխարհի տարբեր անկյուններից 806 567 մարդ արդեն միացել է այս կոչին, այդ թվում և ԷկոԼուրը: Avaaz-ի ստորագրահավաքին կարելի է միանալ` հետևելով այս հղմանը:
Մայիս 26, 2017 at 15:43