Ճառագայթային վտանգից պաշտպանող պարագաները թղթի վրա. Նոր Ամանոսի խնդիրները

Ճառագայթային վտանգից պաշտպանող պարագաները թղթի վրա. Նոր Ամանոսի խնդիրները

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արագածոտնի մարզի Նոր Ամանոս համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Արագածոտնի մարզի 845 բնակիչ ունեցող Նոր Ամանոս համայնքը Հայկական ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) գտնվում է 7-8 կմ հեռավորության վրա:

Ճառագայթային անվտանգության տեխնիկական ապահովվածությունը ճառագայթային վտանգի դեպքում

Համայնքը չունի ճառագայթային վտանգի դեպքում ֆունկցիոնալ առումով հարմարեցված հակաճառագայթային ապաստարան: Պատսպարվելու համար կարող են ծառայել դպրոցի և մշակույթի տան, ինչպես նաև՝ բնակիչների տան նկուղները, որոնք չեն կարող ապահովել մարդկանց հակաճառագայթային անվտանգությունը:

«Մշակույթի տունը 400-500 քառակուսի մետր նկուղ ունի, որը հիմնականում նախատեսված է պատասպարվելու համար: Դպրոցի նկուղն էլ է դրա համար նախատեսված: Ընդհանուր 800 մարդ կարող է մնալ: Բայց բարեկարգում պետք է իրականացվի: Մենք պետք է կատարենք այդ բարեկարգումը, բայց նման գումար չունենք»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Նոր Ամանոսի համայնքի ղեկավար Վահրամ Ավետիսյանը: Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է ապաստարանում 2-3 օր մնալ մինչ օգնության հասնելը, նա արձագանքեց՝ ընդամենը 2-3 ժամ:

Գյուղն ունի վտանգի ազդարարման շչակ, սակայն այն միացված չէ հոսանքին: Ըստ Վահրամ Ավետիսյանի՝ համայնքապետարանն ունի տարհանման պլան. «Հստակ ծրագիր ունենք, թե ինչ պետք է արվի, ժողովրդին ինչպես պետք է տեղահանենք համայնքից, որ համայնքում ենք պատսպարվելու: Իրազեկման ու բժշկական անձնակազմ ունենք»,- ասաց նա: Ճառագայթային վտանգի դեպքում Նոր Ամանոսի բնակիչները պետք է տարհանվեն հարևան Առուճ գյուղ, ինչի նպատակով համարակալված են բնակիչների ավտոմեքենաները:

Համայնքում միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ չկան: Հարցված բնակիչներից քչերն են ծանոթ վտանգի դեպքում առաջնահերթ քայլերին:

Համայնքն անհրաժեշտ ճառագայթային անվտանգության ապահովման համար յոդի պատրաստուկ, հակագազեր չունի: Եղած հակագազերը դպրոցին «ժառանգություն» է մնացել խորհրդրային տարիներից և ֆունկցիոնալ նշանակություն չունեն:

Խոսելով իրենց կողմից աճեցված պտուղ-բանջարեղենի հնարավոր ճառագայթման մասին՝ Նոր Ամանոսի ղեկավարը նշեց. «Լավ կլիներ, որ մասնագետներ գային, չափումներ անեին: Ենթադրենք այստեղ միրգ եմ մշակում, այդ միրգը պիտանի՞ է օգտագործման համար: Ես վաճառում եմ այն, բայց չգիտեմ, թե որքան է այն ճառագայթվել, իմ արտադրած բանջարը պիտանի՞ է վաճառքի կամ օգտագործման համար»:

Ատոմակայանի հարևանությամբ՝ առանց գազի ու ոռոգման ջրի

Նոր Ամանոսում հարցվածները դեմ չեն ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանը: «Հայաստանում էլեկտրաէներգիա ստանալու այլ միջոց չունենք, համաձայն ենք Կառավարության որոշման հետ: Բայց պետք է գոնե էլեկտրաէներգիան զիջեին...»,- ասացին բնակիչները՝ նշելով, որ գյուղը գազաֆիկացված չէ, և էլեկտրաէներգիայի սուբսիդավորումը մեծ աջակցություն կլիներ իրենց համար:

Նոր Ամանոսում որպես վառելանյութ օգտագործում են փայտը և բիովառելիքը: Վերջին մի քանի տարիներին բնակիչներն ակտիվորեն սկսել են կիրառել նաև արևային ջրատաքացուցիչներ: Ըստ համայնքապետի՝ ներդրումներն արդարացրել են սպասելիքները, բնակիչների ծախսերը՝ նվազել:

Համայնքը ոռոգման ջրի խնդիր ունի: Ըստ Վահրամ Ավետիսյանի՝ ջուրը կա, սակայն համայնքը գտնվում է Արզնի-Շամիրամի ջրանցքի վերջնամասում և քիչ ջուր է հասնում համայնքին: «Ոռոգման ջուրը չի գալիս, կորուստը շատ է, կանալը պետք է նորոգել: Մարդիկ այգիները քանդել են, սարքել վարելահող, բայց էլի նորմալ չի լինում մշակել: Թե՛ խմելաջուր, թե՛ ոռոգման ջուր նորմալ ունենք, բայց ճիշտ կառավարման ռեսուրս չունենք, որ ռացիոնալ կերպ կառավարվի, համակարգվի: Սակավաջրության հետևանքով բերքատվությունը նվազել է: Նախկինում խողողի այգուց 25 տոննա խաղող էի ստանում, հիմա միայն 300 կիլոգրամ»,- նշեց Նոր Ամանոսի բնակիչը:

«Խորհրդային տարիներին մեր համայնքում մշակվել է 400-420 հա հողատարածք, այս պահին լավագույնը 200-220 հա-ն է մշակվում: Մշակաբույսը դնում են, գալիս է շոգ ժամանակ, ջրի սակավության պատճառով չորանում է: Շատ բերրի հողեր են եղել: Ոռոգման ջրի սակավության պատճառով դեգրադացվել են»,- ասաց համայնքապետը և հավելեց, - «ԽՍՀՄ տարիներից հետո ես չեմ հիշում, որ ոգոռման ցանցը նորոգած լինեն: Հիմա անհատույց օգտագործում է ջրօգտագործող ընկերությունը: Համայնքին ասում է՝ սարքի: Եթե դու ես օգտագործում, ջուրը բերում, համայնքի վրա ծախում, համայնքն ինչի՞ պետք է սարքի: Համայնքը չի կարող դա անել, մոտ 7 կմ ջրատար է: Եթե հնարավորություն ունենայի համայնքի ներքին ցանցը կվերանորգվեր»:

Ջրի սակավությանը զուգահեռ մեկ այլ խնդիր է ջրանցքի՝ կենցաղային աղբով աղտոտվելը: «Մարդիկ կենցաղային աղբը նետում են ջրատարը, մյուս համայնքներով անցնում է այդ ամենն ու գալիս է մեր համայնք»,- նշեց համայնքապետը:

Գյուղը ժամանակին նաև խմելու ջրի խնդիր է ունեցել, սակայն ճիշտ կառավարման արդյունքում այսօր Ոսկեթասի համակարգից դեպի Նոր Ամանոս վայրկյանում 1,8 լ ջուր է հոսում: «Խմելու ջուրը նախկինում 4 օրը մեկ է եղել՝ մի քանի ժամով, Ոսկեթաս համայնքով էր գալիս: Այս պահին ամենօրյա խմելաջուր ունենք: Եթե սարից պակասում է՝ ավելի քիչ, բայց կարողանում ենք ռացիոնալ կառավարել ջուրը: Ամեն օր մաքուր խմելու ջուր ունենք: Եթե սարի ջուրը կտրվի, մեր համայնքը պետք է ջուրն առնի: Չունենք բնական աղբյուր, որ կարողանանք վերցնել, կամ հոր չունենք, որ կարողանանք այդտեղից հանել: Թող մեզ մոտ մեկ հատիկ լիներ, երբ ջուր չլիներ, գոնե այդտեղից հնարավոր կլիներ հանել, մարդիկ կենցաղային նպատակով օգտագործեին»,- նշեց գյուղապետը:

Գյուղը՝ կորոնավիրուսի օրերին

Նոր Ամանոսում կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված ոչ ոք արտագնա աշխատանքի չի մեկնել: Փոխարենը՝ զարկ է տրվել գյուղական այգեգործությանը:«Այս վիճակը նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը: Մարդիկ չկարողացան դրսում աշխատել, 6-7 հա այգի են հիմնել այս գարնանը, սկսել են բանջարաբոստանային մշակաբույսեր աճեցնել: Եղանակներն անձրևային էին, իսկական ծառ հիմնելու տարի կարծես լիներ: Ամբողջը կպել է, զբաղվում են: Խորհրդային Միության տարիների 102 հա այգուց մնացել էր 10 հա-ը: Հիմա նոր-նոր ուզում են հիմնել, շատացնել: Սպառման մասին դեռ ոչ ոք չի մտածում»,- ասաց Նոր Ամանոսի համայնքապետը:

12:45 Հունիս 05, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news