Սյունիքում մինչև 2020թ-ը կկառուցվի նոր աղբավայր, որը կփոխարինի մարզի բոլոր աղբավայրերին

Սյունիքում մինչև 2020թ-ը կկառուցվի նոր աղբավայր, որը կփոխարինի մարզի բոլոր աղբավայրերին

ԷկոԼուր

Սյունիքի մարզում մինչև 2020 թ-ը կկառուցվի նոր սանիտարական աղբավայր, որը կսպասարկի ամբողջ մարզի բնակչությանը: Սյունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարման հայեցակարգին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց 2017 թ-ի տարեվերջյան նիստում:

Նոր աղբավայրը նախնական առաջարկվում է կառուցել Կապան համայնքի Չափնի բնակավայրում` 20 հեկտար տարածքի վրա, 20 տարվա շահագործման ժամկետով: Հայեցակարգում նշվում է, որ այն պետք է բավարարի ԵՄ չափանիշները: Նոր աղբավայրի շահագործումից հետո մարզում առկա բոլոր աղբավայրերը ենթակա են փակման: 2017 թ-ի «Մաքուր Հայաստան» ծրագրի տվյալներով` Սյունիքի մարզում կա գույքագրված 137 աղբավայր, որից 83-ն արդեն փակվել են:

Սյունիքի մարզում խոշորացումից հետո կա 8 համայնք` Գորիս, Սիսիան, Կապան, Մեղրի, Գորայք, Տաթև, Տեղ, Քաջարան: Հայեցակարգում նշվում է, որ համայնքներում աղբավայրերը շահագործվում են առանց պատշաճ խնամքի և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանման: Աղբավայրերում փաստացի կառավարում չի իրականացվում: Կուտակված բոլոր տեսակի թափոնները հեռացվում են տեղական աղբանոցներ` առանց բնապահպանական միջոցառումների, բացակայում են թափոնների վերահսկողության, տեսակների և քանակի գրանցումը: Բացի այդ, աղբավայրերի տարածքներն այլևս ի վիճակի չեն երկար ժամանակ շարունակել աղբի ընդունումը:

Ըստ Հայեցակարգի, 2020-ից մինչև 2040 թ-ը նոր աղբավայր տեղափոխվող թափոնների ծավալները կաճեն մոտ 44 տոկոսով` 2020 թ-ի 24.879 տոննա/տարի ցուցանիշից հասնելով 35.794 տոննա/տարի 2040 թ-ին:

Առաջարկվում է ներդնել մի համակարգ, որը կնվազեցնի և կչեզոքացնի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա կոշտ կենցաղային թափոնների բացասականներգործությունը, բնակչության համար կապահովվեն հարմարավետ և էկոլոգիապես անվտանգ պայմաններ: Սակայն Հայեցակարգով, ինչպես Լոռու մարզի դեպքում, աղբի վերամշակում նախատեսված չէ, իսկ աղբի նախնական տեսակավորման հնարավորություններ կան միայն քաղաքային բնակավայրերում:

«Աղբի վերամշակումն ու օգտահանումը թեև ունի բնապահպանական մեծ նշանակություն և իրականացվում է գրեթե բոլոր առաջադիմական հասարակություններում, սակայն Սյունիքի մարզի պարագայում, դրա սոցիալ-տնտեսական և տնտեսագիտական կանխատեսումները չեն հանգեցնում մոտ ապագայում այդպիսի համակարգերի ներդրմանը, եթե չլինեն շահավետ ներդրումային հայտեր», - նշված է Հայեցակարգում:

 

18:20 Հունվար 15, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news