ԷկոԼուր
«Նուբարաշենը 50 տարվա պատմություն ունեցող աղբավայր է, որի աղբի նշանակությունն այլևս հնարավոր չէ օգտագործել: Ինքը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, այնտեղից շահույթ ստանալն անհնարին է»: Այսպես արձագանքեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ո՞րն է մեր քաղաքականությունը. մենք ուզում ենք փակել Նուբարաշենի աղբավայրը, թե՞ մենք ուզում ենք աղբի վերամշակման համակարգ ունենալ: Հարցուպատասխանը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ի գործադիրի նիստում, երբ Սուրեն Պապիկյանը ներկայացնում էր «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգելու մասին» նամակ-համաձայնագրի ստորագրմանը հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
«Ոչ մի կողմ շահագրգռված չէ. կարող է գումար ներդնել և շահույթ չստանալ: Եթե պետությունը պատրաստ լինի ֆինանսավորել, իհարկե, կարելի է ներգրավվել, բայց սա հավելյալ ծախս է՝ հաշվի առնելով նաև այդ աղբի որակը: Մենք անընդհատ խոսում ենք, որ աղբը շատերին է հետարքրրում, բազմաթիվ ընկերություններ բախում են մեր դռները, բայց իրականում իրենց հետաքրքիր է որակյալ աղբը: Խորհրդային տարիների աղբի մեջ չկան այն մասերը, որ այսօր հետաքրքիր է ներդրողին. չկա մետաղ, չկա պլաստմասա, պակաս է դրանց թիվը և հետաքրքիր չէ», - ասաց Սուրեն Պապիկյանը:
«Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր»-ը, որի իրականացման համար վարկային համաձայնագիրը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ կնքվել է 2015 թ-ի դեկտեմբերին, դեռ չի իրականացվել, առ այսօր գումարներ չեն ծախսվել: Վարկայինհամաձայնագրիժամկետըլրանումէ 2018 թ-ի դեկտեմբերի 11-ին: Այժմ նոր կառավարությունը, հավանություն տալով համաձայնագրի նախագծին, նամակով պիտի դիմի ՎԶԵԲ-ին՝ վարկային համաձայնագրի ժամկետը մինչև 2021 թ-ի հուլիսի 1-ը երկարաձգելու համար:
«Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով» նախատեսվումէՆուբարաշենումկառուցելտարածաշրջանայինաղբավայրևփակելԱջափնյակիևՆուրաբաշենիգործողաղբավայրերը: Ծրագրի իրականացման համար նոր կառավարությունը պետք է կարգավորի առկա հարցերը, նոր կապալառուի ընտրության մրցույթ հայտարարի, որից հետո պետք է սկսվեն մշակվել և հաստատվել անհրաժեշտ փաստաթղթերը:
«Նոր կապալառուի ընտրության մրցույթը նախատեսվում է իրականացնել ՎԶԵԲ-ի գնումների ընթացակարգերի համաձայն՝ երկու փուլով: Նմանատիպ մրցույթները կարող են տևել 6 ամսից մինչև 1 տարի, որի ավարտից հետո նախատեսվում է կապալառուի հետ կնքել պայմանագիր, և վերջինս 6 ամսվա ընթացքում պետք է մշակի նոր աղբավայրի կառուցման և երկու հին աղբավայրերի փակման նախագծերը: Վերջնական նախագծի հաստատումից և համապատասխան ՇՄԱԳ-երի մշակումից և հաստատումից հետո միայն կմեկնարկի նոր աղբավայրի կառուցման և հին աղբավայրերի փակման աշխատանքները, որի տևողությունը 2 տարի է», - նշված է որոշման նախագծում:
Նշենք, որ «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի» ընդհանուր արժեքը 26 միլիոն եվրո է: 16 միլիոն եվրո վարկի տեսքով տրամադրում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական ներդրումային բանկը (յուրաքանչյուրը 8 միլիոն եվրո), ևս 8 միլիոն եվրո դրամաշնորհի տեսքով՝ Եվրամիության NIF հիմնադրամը: 2 միլիոն եվրո դրամաշնորհով ծրագրին միացել է Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամը:
Դեկտեմբեր 13, 2018 at 18:33