Քիմիական աղտոտվածություն Ախթալայում հանքարդյունաբերական թափոններից

Քիմիական աղտոտվածություն Ախթալայում հանքարդյունաբերական թափոններից

ԷկոԼուր

Վերջին տասնօրյակում Ախթալա գետի աղտոտումը շարունակական է դարձել: Գետը դեղնադարչնագույն երանգ է ստացել: «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ն պարզաբանել է, թե Ախթալա գետն աղտոտվել է շեկ հողով` հանքախորշերում շինարակական աշխատանքների իրականացման հետևանքով: «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, ով մշտադիտարկում է Ախթալա գետը, ԷկոԼուրի հետ զրույցում ասաց. «Այս դեղին հոսքը նկատվել է թե՛ 2018, թե՛ 2019թթ., թե՛ տասն օր առաջ և թե՛ մեկ շաբաթ առաջ: Ստորգետնյա հանքախորշերի՝ մետաղներով աղտոտված հողերը թափում են գետի մեջ: Շամլուղի կողմից մինչև Ախթալա ամբողջ կիրճի տարբեր հատվածներում Ախթալա գետի շրջակայքում կան դեղին նստվածքներ: Դա արդյունաբերական թափոն է, որը բնության մեջ երկար մնալու արդյունքում դառնում է դեղին. դա կավ չէ: Եթե «Նահատակ» պոչամբարը չշահագործվի և ռեկուլտիվացիա չկատարվի, ապա որոշ ժամանակ անց այն նույնպես դեղին կդառնա: «Պայթուցիկների ձորի» պոչամբարի պոչերը հանել, բերել-լցրել են ճանապարհից ոչ հեռու՝ Արամյանցի դղյակի մոտ: Դրանք հիմա դեղին են: Ժամանակին «Նազիկ» պոչամբարի պոչերը հանում, լցնում էին Ախթալայի վանքի շրջակայքի ձորերում, Ախթալա գետի հունում: Թափոնակույտեր կան նաև Շամլուղում՝ բնակելի տներից ոչ հեռու։ Այդ կուտակումներն էլ են դեղին: Ախթալա գետի ամենատարբեր հատվածներում ջուրն անցնում է այդ նստվածքների միջով և դեղնում: Մեկ շաբաթ առաջ արձանագրեցի, որ ռեկուլտիվացված Նազիկի պոչամբարից նույնպես ջուր է դուրս գալիս, միախառնվում ստորգետնյա ջրերին, լցվում Ախթալա գետ և այնուհետ խառնվում Դեբեդ գետին»,- ասաց Օլեգ Դուլգարյանը:

Նա նշեց, որ աղտոտման վերջին դեպքի հետ կապված տարածք են այցելել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները, գետից նմուշառում են վերցրել, սակայն հետազոտության արդյունքների մասին դեռևս տեղեկություն չկա:

Օլեգ Դուլգարյանը Ախթալան թափոնակույտերից մաքրելու հարցը բարձրացրել է հունիսի 5-ին Ախթալա խոշորացված համայնքում տեղի ունեցած հանրային լսման ժամանակ, երբ քննարկվում էր բնապահպանական վճարներից գոյացած 3 միլիոն 848 հազար դրամը բնապահպանական ծրագրերին ուղղելու հարցը։

«Առաջարկել եմ այդ գումարն առաջնահերթ օգտագործել Արամյանցի դղյակի հարևանությամբ գտնվող թափոնակույտերի մաքրման նպատակով։ Մեր առաջարկը սկզբունքորեն ընդունելի է նրանց (խմբ․՝ համայնքապետարան) համար։ Սակայն մեզ ասացին, որ այս ծրագրի համար նախահաշիվ կազմելու ժամկետների համար ժամանակը չի բավարարի։ Նախագիծը պետք է ներկայացվի նաև ավագանու քննարկմանը, որը տեղի կունենա 15-օրյա ժամկետում։ Մենք քննարկեցինք նաև այդ գումարը չծախսելու, և հաջորդ տարի նույն ծրագիրը ներկայացնելու հնարավորությունը։ Համայնքապետին առաջարկել ենք ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի, կկատարի հաշվարկներ և կկազմի թափոնակույտերի ուտիլիզացիայի ծրագիրը»,- ասաց Օլեգ Դուլգարյանը։

Արամյանցի դղյակը ՀՀ կառավարության 2016թ-ի դեկտեմբերի 15-ի 1294-Ն որոշմամբ ընդգրկված է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում: Դղյակը կառուցել է բարերար Միքայել Արմյանցը 1900-ականներին: Ըստ Վիքիպեդիայի՝ Արամյանցի դղյակը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում: Ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են Արամյանցի դղյակը և շրջակայքը ծառայեցնել տարածաշրջանում զբոսաշրջության զարգացման նպատակին: Սակայն դժվար այդ նպատակը կյանքի կոչվի Արամյանցի դղյակի շրջակայքը թափոնակույտերից չմաքրելու դեպքում:

Հանրային լսման ընթացքում քննարկվել է նաև Նահատակի պոչամբարի ռեկուլտիվացիայի խնդիրը։ «Մեծ Այրում գյուղի բնակիչները դեմ են, որ իրենց արոտավայրերը հատկացնեն պոչամբարը ռեկուլտիվացնելու համար։ Մենք կարծում ենք, որ պոչամբարի ռեկուլտիվացիայի համար անրաժեշտ հողը ընկերությունը պետք է ձեռք բերի այնտեղից, որտեղ կա արդյունաբերական նպատակներով հող»,- ընդգծեց Օլեգ Դուլգարյանը։

Հանրային լսման ընթացքում քննարկվել է նաև բնապահպանական վճարների ցածր լինելու հարցը:․ «Առաջարկել ենք այդ հարցով դիմել ՀՀ կառավարություն, ներկայացնել իրական վիճակը: Ըստ համայնքի ղեկավարի՝ այդ գումարը տրվում է Դեբեդ գետի աղտոտման, ոչ թե՝ օդի աղտոտման համար։ Դրա համար քիչ է։ Պետք է առաջ տանենք այն հարցը, որ Ախթալայում օդի աղտոտում առկա է։ Թափոնակույտեր կան համայնքի տարբեր հատվածներում։ Քամիների ժամանակ դրանց փոշին տարածվում է համայնքով մեկ։ Մենք պետք է պահանջենք կառավարությունից ավելի բարձր բնապահպանական վճար հատկացնել»,- ասաց Օլեգ Դուլգարյանը՝ նշելով, որ մտադիր է դիմել ՀՀ կառավարություն՝ կոչ անելով մերժել բնապահպանական վճարներով իրականացվող այն ծրագրերը, որոնք չեն պարունակում բնապահպանական բաղադրիչ։

Լուսանկարները՝ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի

Հունիս 08, 2020 at 12:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր