Ալավերդին թափոնների վերամշակման գործարան կունենա

Ալավերդին թափոնների վերամշակման գործարան կունենա

ԷկոԼուր

Լոռու մարզի Ալավերդի համայնքում թափոնների վերամշակման գործարան կկառուցվի «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի «Տարանջատման միջոցով թափոնների կայուն կառավարում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության կողմից։ ԷկոԼուրի հետ զրույցում Ալավերդիի քաղաքապետ Սասուն Խեչումյանը նշեց, որ մի շարք տեխնոլոգիական գործընթացներ անցնելուց հետո այդ գործարանում պլաստիկ թափոնների վերամշակումից այլ նյութեր կստանան։

«Ուրբան» հիմնադրամի ծրագրերի համակարգող Սամվել Նազարյանը ԷկոԼուրի հետ զրույցում ասաց, որ ծրագրով վերամշակման են ուղարկվելու միայն պէտթափոնները՝ պոլիէթիլեն տերեֆտալատից պատրաստված թափոնները։  «Այս պահին մենք պլանն ենք մշակում, թե ինչպես է պետք իրականացնել պէտթափոնների հավաքագրումը, որն էլ հետագայում կծառայի որպես հումք վերամշակման արտադրամասում: Վերամշակելուց հետո այն դառնում է պատրաստի հումք այլ արտադրանք ստանալու համար: Մենք պլանը կմշակենք, իսկ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը կներկրի համապատասխան հոսքագիծը և կտեղադրի Ալավերդիում: Հոսքագիծը կատարելու է թափոնների՝ պիտակներից ու խցաններից տարանջատման, մաքրման, աղման, լվացման և չորացման գործողությունները»,- ասաց Նազարյանը:

Ըստ նրա, ներկայում Ալավերդի համայնքում կան թափոնների տեսակավորման աղբամաններ, որոնց թիվը, սակայն, բավարար չէ ծրագիրն ամբողջ հզորությամբ իրականացնելու համար: Նազարյանը նշեց, որ ակնկալում են համայնքապետարանի աջակցությունը՝ քաղաքում անհրաժեշտ քանակով տեսակավորման աղբամաններ տեղադրելու համար: «Ծրագիրը հետագա զարգացման միտում ունի: Սկզբում դու տեսակավորում ես թափոնները, հետո վերամշակում: Եթե հետագայում ցանկություն լինի զարգացնելու այն, ավելի մեծ շահույթ կարող ես ապահովել: Եթե հնարավորություն ունենաս, կարող ես վերամշակման փուլից հետո արտադրանք ստանալ, օրինակ՝ մանրաթելեր»,- ասաց Նազարյանը:

Ըստ նրա՝ գործարանի կառուցման աշխատանքները ավարտին կհասցվեն այս տարվա ընթացքում:

Լուսանկարը՝ www.galusaustralis.com կայքի

18:23 Մարտ 02, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news