«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երևանցիներին առաջարկում է «կանաչ-խելացի» քաղաքի հայեցակարգը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երևանցիներին առաջարկում է «կանաչ-խելացի» քաղաքի հայեցակարգը

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական ծրագրերի բնապահպանական բաղադրիչները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, Երևանի քաղաքապետի ԲՀԿ-ի թեկնածուն Նաիրա Զոհրաբյանն է:

«Մենք վստահ ենք, որ «կանաչ-խելացի» քաղաքի հայեցակարգը, որը մենք առաջարկում ենք մեր համաքաղաքացիներին, հաստատապես մեր մայրաքաղաքը դարձնելու է ապրելու համար հարմարավետ և գրավիչ», - նշված է ԲՀԿ-ի ծրագրի նախաբանում:

Ծրագրի 7-րդ կետով` «Խելացի քաղաք ու կանաչ տնտեսություն» վերնագրով, ԲՀԿ-ն խոստանում է ավելացնել կանաչ տարածքները.

«Այսօր քաղաքակիրթ աշխարհը հասկացել է, որ աշխարհում ակտիվացած բնական տարերային երևույթները և բնական միջավայրի վրա մարդածին անխոհեմ միջամտությունը, անվերահսկելի տեխնոլոգիական գործընթացները, հանգեցնում են էկոլոգիական հավասարակշռության խախտման: Երևանը պետք է դառնա խելամիտ և կանաչ տնտեսություն ունեցող քաղաք: Մայրաքաղաքում պետք է ապահովվի ամենաբարձր կարգի էկոլոգիական հավասարակշռություն: Երևանում խելամիտ միջավայրի ձևավորման հիմքում պետք է դրվի թվային հասարակության ձևավորումը և աղտոտման կանխարգելման քաղաքականության իրականացումը:

Ըստ հիգիենիկ պահանջների, Երևան քաղաքում մեկ շնչին հասնող կանաչ տնկարկների մակերեսը պետք է կազմի 28,8 մ2: Սակայն 1990-ական թվականներից սկսված և մինչ օրս շարունակվող զանգվածային ծառահատումները և դրանց հաջորդող լայնամասշտաբ շինարարությունը բերեցին այդ ցուցանիշի կտրուկ նվազման` հասցնելով այն 4,5 մ2:

Երևանի խիտ կառուցապատումը, ազատ տարածքների սակավությունը և բնակչության բարձր խտությունը լուրջ արգելք են կանաչապատման նորմատիվային ցուցանիշին հասնելու համար: Ստեղծված իրավիճակում նորմատիվային ցուցանիշին հնարավոր է հասնել՝ իրականացնելով մի շարք քայլեր, որը մենք ծրագրել ենք.
Ազատ տարածքներ ունեցող վարչական շրջաններում ստեղծել քաղաքային նշանակության զբոսայգիներ և անտառային պուրակներ:

Երևանում գոյություն ունեցող 90 պուրակներում, այգիներում և հանգստի գոտիներում իրականացնել կանաչապատման, բարելավման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերակազմակերպման աշխատանքներ:
Երևանի արվարձաններում ստեղծել կանաչ տնկարկներով պաշտպանիչ շերտ (բուֆերային գոտի), որը կնպաստի ընդհանուր էկոլոգիական վիճակի բարելավմանը»:

Ծրագրի 5-րդ կետով ԲՀԿ-ն խոստանում է էկոլոգիապես անվտանգ աղբավերամշակման գործարան կառուցել.

«Մայրաքաղաք Երևանում տարիներ շարունակ չլուծված է մնում աղբահանության և աղբավերամշակման կազմակերպումը: Աղբահանության, թափոնների ու արտանետումների վերամշակման ու խելացի կառավարման խնդիրը այսօր լուրջ մարտահրավեր է: Մեր անցկացրած մոնիտորինգի արդյունքում երեւանցիների զգալի մասը դժգոհ է Երևանում իրականացվող աղբահանությունից: Ուստի, մենք գտնում ենք, որ այս ոլորտի հիմևախնդրի արմատական լուծման նպատակով անհրաժեշտ է իրականացնել լրջագույն արտաքին աուդիտ, խորհրդատվություն և միջազգային մրցույթ՝ հիմքում ունենալով ըստ հստակ ժամանակացույցի ոլորտի տեխնիկական արդիականացումը՝ ժամանակակից մեքենասարքավորումներով աղբավերամշակման ձեռնարկության գործարկմամբ: Հստակ պետք է արձանագրվեն ներդրումների ծավալը, կառուցվածքը և ժամկետները: Էկոլոգիապես անվտանգ աղբավերամշակման գործարանը միաժամանակ արտադրելու է պարարտանյութ, ջերմային էլեկտրաէներգիա և բիոէներգիա: Ներկայումս Երևանում տարեկան գոյանում է այնպիսի ծավալի կենցաղայի աղբ, որ վերոնշյալ ձեռնարկության գործարկումը [իովին հիմնավորված է նաև որպես շահութաբեր ձեռնարկատիրություն: Ի վերջո, Երևանի յուրաքանչյուր բնակչի համար պետք է հստակ պարզ լինի, թե իր կողմից աղբահանության համար յուրաքանչյուր ամիս վճարվող օրենքով սահմանված վարձավճարը ո՞րտեղ և ի՞նչ արդյունավետությամբ է ծախսվում»:

Ծրագրի 10-րդ կետում ԲՀԿ-ն անդրադառնում է Հրազդանի կիրճի խնդրին. «Լրջագույն խնդիր է Հրազդանի կիրճի ներկայիս աղետալի վիճակը: Օր առաջ Հրազդանի կիրճը պետք է վերադարձվի իր օրինական տիրոջը՝ երևանցիներին: Անհրաժեշտ է նոր օրենքով կիրճը վերադարձնել հանրությանը, իսկ ապօրինի թույլտվություններ տրամադրած քաղաքապետերը և մնացյալ պաշտոնյաները իրենց գրպանից պիտի փոխհատուցեն սեփականատերերի վնասները»:

Սեպտեմբեր 13, 2018 at 12:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր