Երևանում սնդիկ կա փոշու, հողի մեջ և անգամ թթենու պտուղներում

Երևանում սնդիկ կա փոշու, հողի մեջ և անգամ  թթենու պտուղներում

ԷկոԼուր

Հայաստանում սնդիկը ներթափանցել է սննդային շղթաներ, ինչը գերվտանգավոր է: Այս մասին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարի ժամանակ ասաց ՀՀ ԳԱԱ էկոլոգոնոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը: «Հետազոտելով համալիր շրջակա միջավայրի աղտոտումը` մենք կենսոլորտի տարբեր օղակներում սկսեցինք հանդիպել սնդիկով աղտոտման և որոշ շրջաններում բացահայտեցինք, որ սնդիկն արդեն ներթափանցել է սննդային շղթաներ, ինչը գերվտանգավոր է» - ասաց Արմեն Սաղաթելյանը: Նա նշեց, որ սնդիկի առկայություն գրանցվում է Հայաստանի և հյուսիսում, և հարավում` հանքարդյունաբերական շրջաններում, ինչպես նաև Երևանում, որտեղ սնդիկն առկա է փոշու, հողի մեջ և անգամ  թթենու պտուղներում:

Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 10-ին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ մեկտեղ ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան», սակայն դեռ չի վավերացրել:   

Սեմինարի ընթացքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը կարեւորեց սնդիկի հիմնախնդրի ուսումնասիրությունը Հայաստանում, ինչի արդյունքում պարզ կլինի` Հայաստանը կվավերացնի կոնվենցիան, թե` ոչ: «Մարդու առողջության ու շրջակա միջավայրի վրա լուրջ բացասական ազդեցության, էկոհամակարգերում կենսակուտակման ունակության և մթնոլորտային հեռահար շարժի պատճառով սնդիկն այսօր լուրջ մտահոգություն է առաջացրել ողջ աշխարհում: Որպեսզի մեր երկիրը վավերացնի կոնվենցիան, անհրաժեշտ է հետազոտել սնդիկի հիմնախնդիրը Հայաստանում, բացահայտել գերակայությունները, ապա նոր միայն որոշում կայացնել կոնվենցիայի վավերացման վերաբերյալ»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարարը: Հենց այդ ուսումնասիությունների համար էլ իրականացվում է «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագիրը,, որին աջակցում են ՀՀ բնապահպանության նախարարությունը,ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարի` Կոնվենցիայի ընձեռած հնարավորությունը թույլ կտա մեր երկրում ստեղծել համապատասխան հզորություններ` սնդիկ պարունակող լամպերի, էլեկտրոնային սարքավորումների օգտագործման արդյունքում առաջացող թափոնների վերամշակման, վնասազերծման և ոչնչացման հիմնախնդրի լուծման համար:

Նշենք, որ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի հետազոտությունների արդյունքում    սնդիկ  է հայտնաբերվել հայաստանյան շուկաներում վաճառվող կոսմետիկական միջոցներում և մանկական խաղալիքներում, ինչպես նաեւ շուկայում ավելացել են սնդիկ պարունակող ֆլուորեսցենտային լամպերի վաճառքի ծավալները:

Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա: Սնդիկը և դրա միացությունները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար, քանի որ դրանք սպառնալիք են երեխայի զարգացման համար: Սնդիկի հետ կապված սուր թունավորումները կարող են հանգեցնել մահվան: Քրոնիկ թունավորումները տեղի են ունենում մարդու վրա սնդիկի գոլորշիների ցածր չափաքանակներով երկարատև ազդեցության պատճառով:

Հոկտեմբեր 24, 2014 at 17:25


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր