«Նահատակ» պոչամբարի վերաբերյալ ահազանգ՝ ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

«Նահատակ» պոչամբարի վերաբերյալ ահազանգ՝ ուղղված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն», «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ները և «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը Լոռու մարզի «Նահատակ» պոչամբարի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ահազանգ են ուղարկել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանին:

Ահազանգում նշված է. 

«Հարգելի պարոն Ավետիսյան,

«Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող «Նահատակ» պոչամբարի տարածքում շարունակաբար իրականացվում են պոչամբարի ամբարտակի բարձրացման աշխատանքներ պոչամբարի ռեկուլտիվացման փոխարեն, ինչն ամրագրված է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից տրված «Ախթալայի հարստացուցիչ ֆաբրիկայի բացհանքի արդյունահանված տարածքում պոչերի պահեստավորման աշխատանքային նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն» 14.11.2017թ. h. ԲՓ-100 փորձաքննական եզրակացության մեջ: Եզրակացության համաձայն՝ «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացիայի 1-ին փուլը պետք է սկսվեր 2018թ-ի հոկտեմբերից և ավարտվեր 2020թ. մարտի 1-ին։ Սակայն, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի «Նահատակ» պոչամբարի ռեկուլտիվացման աշխատանքները դեռ չեն սկսվել, պոչամբարում են կուտակվում «Ախթալայի ԼՀԿ»-ի պոչանքները: Ընկերության գործողությունները մենք որակում ենք որպես «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի պահանջների խախտում և պահանջում նշյալ կազմակերպությունում տեսչական ստուգումների անցկացում և օրենքով սահմանված կարգով կանխել կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը: 

Այս ամենը շարունակական բնույթ է կրում, ինչը հանգեցրել է Մեծ Այրում բնակավայրում սոցիալական կոնֆլիկտի, և գյուղի բնակիչները փորձում են իրենց ուժերով կանգնեցնել «Նահատակ» պոչամբարի ամբարտակի բարձրացմանն ուղղված կոմբինատի գործողությունները: Սա հանգեցրել է նրան, որ գյուղի և կոմբինատի միջև կոնֆլիկտին միջամտում է ոստիկանությունը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի կարող անգործություն ցուցաբերել և պարտավոր է իրականացնել շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված օրենքով իրեն վերապահված լիազորությունները՝  կանխելով կոմբինատի այս վտանգավոր և ապօրինի գործելաոճը»: 

 

 

16:01 Մայիս 18, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news