ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է պատժել թափոններ այրողներին բարձր տուգանքներով

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է պատժել թափոններ այրողներին բարձր տուգանքներով

ԷկոԼուր 

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է պատժել թափոններ այրողներին բարձր տուգանքներով: Նախարարության մշակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը նախազգուշացում, ապա 50 հազար դրամի չափով տուգանք է նախատեսում ՀՀ քաղաքացու, իսկ 200 հազար դրամի չափով՝ պաշտոնատար անձանց համար: Սա այն դեպքում, եթե արտադրության, սպառման, կամ տերևաթափից առաջացած թափոններն այրեն բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց շրջակայքում, դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում կամ այլ սարքերում: Եթե արտադրական և սպառման թափոնները կայրվեն թափոնների գործածության օբյեկտներում, հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում, ապա առանց նախազգուշացման քաղաքացիները կտուգանվեն 100 հազար դրամի չափով, իսկ պաշտոնատար անձինք՝ 400 հազար դրամի չափով: Խախտումների կրկնման դեպքում տուգանքները կկրկնապատկվեն՝ պաշտոնատար անձանց համար հասնելով մինչև 800 հազար դրամ, իսկ քաղաքացիների համար 200 հազար դրամի չափով:

«Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի փորձագետ Քնարիկ Գրիգորյանը կարծում է, որ միայն իրավական կարգավորումը խնդրին լուծում տալ չի կարող։ ԷկոԼուրի հետ զրույցում նա նշեց, որ օրենքը կիրառական ու հիմնավոր դարձնելու նպատակով անհրաժեշտ է զուգահեռաբար քաղաքացիների համար իրազեկման միջոցառումներ իրականացնել։ «Պետք է բացատրել, թե ինչու չի կարելի այրել, ինչին է դա վնասում, նոր միայն տուգանել։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի պատճառների մասին, թե որ ազդեցությունը նվազեցնելու նպատակով է արգելվում թափոնների այրումը։ Կողմնորոշումը ճիշտ է, բայց հրահանգը պետք է մինչև ներքև իջեցնել, ներքևի օղակից սկսել, որպեսզի օրենքը լիարժեք դառնա։ Առանց դրա՝ թղթի վրա գրված օրենք է»,- ասաց Քնարիկ Գրիգորյանը։

Գրիգորյանն ընդգծեց՝ շատ հաճախ մարդիկ անգամ իրենց իրավունքների մասին լիարժեք տեղեկատվությանը չեն տիրապետում։ Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի՝ արգելքին ու տուգանքին զուգահեռ պետք է ներկայացվեն նաև այլընտրանքային մեխանիզմներ։ «Մի օրենքը քիչ է, ենթաօրենսդրական ակտեր են պետք, հրահանգներ, այլընտրանքային մեթոդներ առաջարկեն։ Քաղաքականությունը միայն օրենքով արգելելը չէ, պետք է լինի խորհդրատվություն, որպեսզի խուսափեն այրումից կամ վերաօգտագործման փորձ արվի։ Եթե արտն է վառում, պիտի ասել, որ եթե խոտը մնում է, քայքայվում է, հողը շնչելու է, խոնավությունը ներսում է պահելու։ Եթե տերևներն են՝ պետք է ասել, որ միայն հիվանդ ծառինը վառի, մնացածը բիոհումուս դարձնի։ Եթե պլաստիկն է, դրանց ընդունման կետեր պետք է լինեն, որպեսզի հանձնեն, հետագայում վերամշակելու նպատակով։ Ձեռանկություններին պետք է վերաօգտագործման և վերամշակում իրականացնելու գործիքները ներկայացնել։ Եթե այս ամենն ասես, վարվելաձևը, ապրելակերպը կփոխվի»,- նշեց նա։

Լուսանկարը՝ www.zen.yandex.tm

 

18:00 Ապրիլ 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news