Պոչամբարների լցակույտերի մշակման համար «Ալյոտիգ» ՍՊԸ-ի ծրագիրը չեղարկելու մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվեց երկամսյա ժամկետով

Պոչամբարների լցակույտերի մշակման համար «Ալյոտիգ» ՍՊԸ-ի ծրագիրը չեղարկելու մասին օրինագծի քվեարկությունը հետաձգվեց երկամսյա ժամկետով

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 7-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագիծը:

Ըստ օրինագծի հեղինակ ՀՀ ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանի՝ գործող օրենքով թափոնների վերամշակումը պետք է իրականացներ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն, սակայն ընկերությունը կյանքի չի կոչել որևէ ծրագիր: Նա կարծիք է հայտնել, որ թափոնների վերամշակումը չպետք է կատարվի օրենքով:

Կառավարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ դրական է եղել: Սակայն որոշ հարցեր հստակեցնելու նպատակով Մերի Գալստյանն առաջարկել է օրենքի նախագծի քվեարկությունը հետաձգել երկամսյա ժամկետով:

Հիշեցնենք, որ պոչամբարների լցակույտերի վերամշակման ներդրումային ծրագիրը ընդունվել է 2015 թ-ին: Ներդրումային ծրագրով «Ալյոտիգ» ՍՊԸ-ին էր փոխանցվում Ողջիի և Փխրուտի պոչամբարներում կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը, իսկ Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որն իր հերթին Արծվանիկի պոչամբարը կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցնելու պահից սկսած Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թ-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված ամբողջ լցակույտերի, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի լցակույտերի՝ դրանց կուտակման ողջ ծավալով, սեփականության իրավունքները փոխանցում է Հայաստանի Հանրապետության սեփականությանը, վերջինս իր հերթին Արծվանիկի պոչամբարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքները հանձնելու էր «Ալյոտիգ» ՍՊԸ-ին:

Ըստ հիմնավորման՝ օրինագծի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորված է այն հանգամանքով, որ 2015 թ-ից ստանձնելով վերոնշյալ ներդրումային ծրագրի իրականացումը՝ «Ալյոտիգ» ՍՊԸ-ն չի իրականացրել ծրագրով նախատեսված պարտավորությունները:

Բացի այդ, 2016 թվականին «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքում կատարվել են փոփոխություններ և ներմուծվել է 5.1 գլուխը, որով մանրամասն կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների վերամշակման բոլոր ընթացակարգերը: Մասնավորապես, համաձայն վերոնշյալ փոփոխությունների, ընդերքօգտագործման թափոնների վերամշակումը ևս ընդերքօգտագործում է և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն ստանալու համար 2016 թ-ից ի վեր գործում են նոր և հստակ ընթացակարգեր և կարգավորումներ, որոնք ներառում են նաև վերամշակման ծրագրերի բնապահպանական ազդեցությունների և ռիսկերի կառավարմանն առնչվող հարցերը:

17:10 Ապրիլ 08, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news