Նաիրիտի տարածքում նախատեսվում է շահագործել արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանք

Նաիրիտի տարածքում նախատեսվում է շահագործել արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանք

ԷկոԼուր

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Նաիրիտ գործարանի տարածքում նախատեսվում է շահագործել արտադրական թափոնների ջերմային վնասազերծման կայանք:

«Էկո Գրուպ Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն է ներկայացրել նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը, որի լսումները նշանակված են ս.թ. փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ին, Երևանի Բագրատունյանց 70/1 հասցեում:

Ըստ հայտի՝ Նաիրիտի տարածքում պահեստավորված են մի շարք քիմիական միացություններ, որոնգ վտանգ են ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար: Նախատեսվող գործունեության նպատակն է կազմակերպել այդ նյութերի վնասազերծումը, ինչպես նաև այլ ծագման վտանգավոր հեղուկ և պինդ օրգանական թափոնների ոչնչացումը:

Թափոնների վնասազերծման համար ընտրվել է «Էկո Էներգիա» (ՌԴ, Յակուտսկ) ընկերության УМ 1А8 - A10 տեսակի (առևտրային՝ «УМКАС» տիպի) ջերմային վնասազերծման կայանք, որը համապատասխանում է ՌԴ СТО 38706866.001-2018 ստանդարտին և ունի ՌԴ պետական փորձաքննության եզրակացություն:
Կայանքի հեռավորությունը բնակելի թաղամասերց մոտ 2 կմ է:

Նաիրիտում առկա վնասազերծման ենթակա թափոններն են.

1. Մոնովինիլացետիլեն – 350տ
2. Լաք էթինոլ – 1200տ

УМ 1А8 - A10 կայանքի նախագծային հզորությունը կազմում է 2200 կգ/ժամ: Թափոնների ոչնչացման տարեկան առավելագույն հզորությունը՝ մինչև 45000 տ/տարի։
Նշվում է, որ տարածքում առկա է անհրաժեշտ ենթակառուցվածքը՝ ջրագիծ, կոյուղի, հոսանքի մատակարարման գծեր և գազատար, որոնք միացված են «Վեոլիա ջրի», «Գազպրոմ Արմենիա»-ի և ՀԷՑ-ի քաղաքային ցանցերին:

Ըստ հայտի՝ նախատեսվող գործունեության տարածքը գտնվում է Երևան քաղաքի արդյունաբերական գոտում, ամբողջությամբ կառուցապատված շինություններով, ուստի այստեղ բուսականություն կամ վայրի կենդանիների բնակատեղիներ չկան: Նախագծողները նշում են, որ ազդեցություն Հրազդան գետի վրա չի կարող լինել, քանի որ տարածքը գետի մոտակա հատվածից գտնվում է ավելի քան 3 կմ հեռավորության վրա: Տարածքն ամբողջությամբ բետոնապատ կամ ասֆալտապատ է, և հողային բաց շերտ չկա:

Ներկայացվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցությունները հիմնականում կապված են թափոնների տեղափոխման և թափոնների հետ շփվելու, թափոնների այրման և ջերմային վնասազերծման կայանքի շահագործման հետ:

Մթնոլորտի աղտոտումը նվազեցնելու համար նախատեսված է տեղադրել ծխագազերի մաքրման հանգույց, իրականացնել օդային ավազանի պարբերական մոնիթորինգ՝ չափելո6 պինդ մասնիկների /մոխիր/ ածխածնի, ազոտի և ծծմբի օքսիդների պարունակությունը օդային ավազանում:

Ջրային ռեսուրսների աղտոտումը բացառելու համար նախատեսված է թափոնների տեղափոխումը և բեռնումն իրականացնել այնպես, որպեսզի բացառվի դրանց շփումը անձրևաջրերի հետ, վնասազերծման սարքի մաքրումն իրականացնել չոր եղանակով, առանց ջրի օգտագորման:

Նշվում է, որ կայանքի շահագործման ժամանակ կկատարվեն բնապահպանական վճարներ, որոնց նպատակն է հատուցել շրջակա միջավայրին հասցվող վնասը:
Մանրամասն բնապահպանական կառավարման պլանը կներկայացվի ՇՄԱԳ հաշվետվության կազմում:

Համալիրը սպասարկող բանվորները և թափոնների հետ առնչվող անձնակազմն անցնելու է համապատասխան դասընթաց: Աշխատողներին տրամադրվելու են անձնական պաշտպանական միջոցներ:

 

16:32 Փետրվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news