Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

Հովտաշենում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ

ԷկոԼուր

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների աղտոտվածության փաստի վերաբերյալ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված է վարչական վարույթ։ Թռչունների աղտոտվածության պատճառը Հովտաշեն համայնքի շրջակայքի ջրային տարածքներում յուղային շերտի առկայությունն է։

«Տեղանքի ջրային տարածքներից կատարվել են լաբորատոր հետազոտություններ, այդ թվում՝ Հրազդան գետի տարբեր հատվածներից, շրջակա ջրանցքներից։
Ուսումնասիրության և գետերում առկա նյութերի հետ նույնականացման նպատակով յուղոտված փետուրներով արագիլի առանձնյակը տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ։

Ուսումնասիրություններ են կատարվում այն տնտեսավարող սուբյեկտների մոտ, որտեղից կարող է հնարավոր լինի վերոնշյալ նյութերի արտահոսքը։

Աղտոտման հիմնական աղբյուրի հայտնաբերմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։

ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի և Տեսչական մարմնի լաբորատոր հետազոտությունների արդյունքների համադրման և ամփոփման ավարտից հետո նախապատրաստված նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին։

Խնդիրը գտնվում է Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում», - ասված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն»-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է տեսանյութ, որն արված է Մասիս և Նորամարգ գյուղերի միջև գտնվող ջրատարի մոտ: Տեսանյութում երևում է, որ ջրատարում եղած ջուր աղտոտված է յուղային շերտով, տարածքում կան նաև սատկած ձկներ: Տիգրան Մաթևոսյանը մեկնաբանում է, որ այդ տարածքից նույն հոտն է գալիս, ինչը արագիլների վրայից:

«Գարշահոտություն, նույն կեղտն է, որն արագիլների վրա է...ջրի վրա յուղից ու կեղտից շերտ է առաջացել», - նշում է Տիգրան Մաթևոսյանը: Նա ցույց է տալիս տարածքում գտնվող ձկնաբուծարանը, բարձրանում ջրատարի այն հատվածը, որտեղից, ինչպես ինքն է նշում, լցվում են արտադրական թափոնները, ձկան փորոտիքը:

«Իմ պահանջն է իրավապահ մարմիններից խիստ քայլեր ձեռնարկել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին: Սա մեր հանրային սեփականություն է», - շեշտում է Տիգրան Մաթևոսյանը:

Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտաշխատող Լյուբա Բալյանն էլ ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածել է տեսանյութեր, որտեղ պատկերված են արագիլները աղտոտված և մաքրված վիճակում:

«Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնում պահվող արագիլներից մեկին հաջողվեց մաքրել աղտոտվածությունից։ Վերջին շաբաթվա ընթացքում մեր արտասահմանյան գործընկերների հետ համագործակցության արդյունքում հաջողվեց համատեղ մշակել մեթոդ, որը գրեթե ամբողջությամբ մաքրում է արագիլների վրա հավաքված կեղտը։ Տեսանյութում երկու արագիլներն են, որոնցից մեկը մաքուր, մյուսը՝ սկզբնական վիճակում։ Մաքրման ուղեցույցը որում ներառված են ջրի օպտիմալ ջերմաստիճանը, տևողությունը և մաքրող նյութերի հարաբերակցությունը ջրի հետ մշակման ընթացքում է։ Կենդանու ընդհանուր վիճակը լավ է, սնվում է և առույգ է։ Վերականգնվելուց հետո արագիլը ազատ կարձակվի», - գրել է Լյուբա Բալյանը։

Լուսանկարը՝ Լյուբա Բալյանի ֆեյսբուքյան էջից

15:17 Հուլիս 30, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news