«Vallex Group»-ն արձագանքեց Հայաստանի կանաչների միության կողմից ներկայացված «Թեղուտի ծրագրի այընտրանքային վերլուծությանը»

«Vallex Group»-ն արձագանքեց Հայաստանի կանաչների միության կողմից ներկայացված «Թեղուտի ծրագրի այընտրանքային վերլուծությանը»

ԷկոԼուր

«Vallex Group» ընկերությունը արձագանքեց 2012թ. մարտի 29-ին հրապարակված «Թեղուտի նախագծի այլընտրանքային վերլուծությունը ներկայացնում է Հայաստանի կանաչների միությունը» նյութին, որը «ԷկոԼուր»-ին է տրամադրել Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Հակոբ Սանասարյանը:

Ընկերության մեկնաբանության մեջ նշված է.

««Վալլեքս» խմբի ընկերությունների մեկնաբանությունները «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի «Թեղուտի նախագծի այլընտրանքային վերլուծություն» վերնագրով www.ecolur.org կայքում 29.03.2012 թ. թվագրված հրապարակման (այսուհետ՝ Այլընտրանքային վերլուծություն) մեջ արտահայտված կարծիքների վերաբերյալ

Սույնով հայտնում ենք, որ Այլընտրանքային վերլուծության մեջ տեղ են գտել սխալներ, իրականությունը խեղաթյուրված արտացոլող դատողություններ և անհիմն ենթադրություններ: Մասնավորապես՝

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

«Ընկերությանը տրամադրվել է 1970 հա, որից 1589,6-ը՝ անտառային ֆոնդի, իսկ 380,4-ը համայնքային հողեր են»

Իրականում.

Արտադրական գործունեություն իրականացվելու է ընդամենը մոտ 914 հա գումարային մակերեսով տարածքներում, որից մոտ 408 հա գումարային մակերեսով տարածքները սեփականության իրավունքով պատկանում են «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն), մոտ 274 հա Ընկերությանը տրամադրվել է կառուցապատման և մոտ 232 հա՝ վարձակալության իրավունքով: Այսինքն՝ Ընկերությանը տրամադրվել են ընդամենը մոտ 506 հա գումարային մակերեսով տարածքներ:

Եվս մոտ 756 հա գումարային մակերեսով տարածքների նկատմամբ սահմանվել է սանիտարական գոտու հատուկ իրավական ռեժիմ:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

Կռունկի հուներում լցվելու են մակաշերտը և դատարկ ապարները:

Իրականում.

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագիծը չի ենթադրում մակաբացման ապարների կամ որևէ այլ թափոնների տեղադրում Կռունկների ձորում, և այդ ձորում թափոններ չեն տեղադրվելու: Այդ մասին «Կանաչների միությունը» բազմիցս տեղեկացվել է:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

Թեղուտի հանքավայրի ՇՄԱԳ-ում և Նախագծում հանքաքարի, մակաբացման ապարների, արտադրական ու կենցաղային թափոնների, ծախսվելիք ջրի, վառելիքի, կորզվելիք մետաղների ծավալները հաշվարկված են 25 տարվա համար, մինչդեռ հողերին, ջրային համակարգերին, բուսական ու կենդանական աշխարհին հասցվելիք վնասները հաշվարկված են միայն 8 տարվա համար:

Իրականում.

Աշխատանքային նախագիծը և ՇՄԱԳ-ը իրականացվել են նույն ժամանակահատվածի հաշվարկով՝ չնայած այն հանգամանքին, որ հանքարդյունաբերական արտադրության առանձնահատկություններով պայմանավորված, շրջակա միջավայրի վրա ազդեցության գերակշիռ մասը խտացված է գործունեության առաջին տարիներին ընկնող ժամանակահատվածում:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

ՇՄԱԳ-ում և Նախագծում Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հասցվելիք վնասի գնահատումը կատարվել է խիստ նվազեցված հաշվարկներով: Օրինակ՝ պոչամբարի համար հատկացված անտառային տարածքի 1 քառակուսի մետրը (քմ) գնահատված է 22,4 դրամ (0,056 $): Հազարավոր տարիներ շարունակ բուսակենդանական աշխարհին մեծ վտանգ սպառնացող պոչանքը լցվելու է Խառատանոց գետի հուն-կիրճ: Այս տարածքում այժմ առկա են նաև բազմաթիվ պտղատու ծառեր, թփեր, ինչպես նաև մշակովի հողեր, պատմամշակութային հուշարձաններ: Եվ այսպիսի տարածքի 17 քմ-ը գնահատվել է ընդամենը 1 դոլար:

Իրականում.

ՇՄԱԳ-ում և աշխատանքային նախագծում (հատոր 7, էջ 76, աղյուսակ 6.4.4) ՝ պոչամբարի տարածքում միայն անտառին հասցվելիք վնասը հաշվարկվել է 376245 հազ. ՀՀ դրամ, ինչը յուրաքանչյուր հեկտարի հաշվով արդեն իսկ բազմապատիկ գերազանցում է Կանաչների միության կարծիքում նշված թիվը:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

Բաց հանքի համար հատկացված տարածքի 1 քմ-ը գնահատված է 2,8 դրամ (0,007 $) այն դեպքում, երբ անտառածածկ այդ տարածքը, հանքավայրը շահագործելուց հետո, դառնալու է ավելի քան 600 մետր խորության մի խոռոչ... Ինչպիսի արտոնություն՝ ընդամենը 1 դոլար գնահատելով տիրանալ ու հիմնովին ոչնչացնել 143 քառակուսի մետր անտառային տարածք:

Իրականում.

Բացահանքի տարածքում միայն անտառի հատումից հասցված վնասը (աշխատանքային նախագիծ, հատոր 7, էջ 76, աղյուսակ 6.4.5) կազմել է 828248 հազ. ՀՀ դրամ: 1 հա-ի հաշվով վնասը կազմում է 12742277 դրամ, 1 քմ-ի հաշվով վնասը կազմում է 1274.2 դրամ: Այսինքն «Կանաչների միության» կողմից ներկայացված կարծիքում բերված թիվը ավելի քան հազար անգամ նվազեցված է:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

Ըստ ՇՄԱԳ-ի տեքստի՝ հատվելու է 127 000 ծառ այն դեպքում, երբ այդ նույն փաստաթղթի աղյուսակների (NN 8.4.2, 8.4.3, 8.4.4, 8.4.5, 8.4.6 և 8.4.7) հաշվարկները ցույց են տալիս, որ այդտեղ առկա է 170883 ծառ: Հատվելիք 43883 ծառ կոծկել են, դրանց հաշվով տնտեսական վնասը չեն ներկայացրել թե ՇՄԱԳ-ում, թե Նախագծում: ՇՄԱԳ-ի համապատասխան աղյուսակներում չկա 53333 խնձորենու (սրա 43333-ը 26 սմ տրամագծով կոճղ ունեցող) նախատեսված հատումից գոյանալիք բնափայտը: Նշված 43333 խնձորենու հատումից առաջանալիք տնտեսական վնասը ներկայացված է 584,995 մլն դրամ այն դեպքում, երբ վնասը, նույն հաշվարկային գործակցով կկազմի 866,66 մլն դրամ, այսինքն՝ 281,665 միլիոնով պակաս է ներկայացվել:

Իրականում.

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականում բերված տվյալները հետագայում ճշգրտվել են, և համապատասխան աշխատանքային նախագծում որպես բնապահպանական մաս ներառվել է ճշգրտված տարբերակը: Աշխատանքային նախագծի բնապահպանական մասում նշված է, որ հատվելու է մոտ 158610 ծառ, այդ թվում՝

2սմ կոճղի տրամագծով …………………..12500 հատ

10-20 սմ կոճղի տրամագծով ………………….19830 հատ

21-30սմ կոճղի տրամագծով ………………….110280 հատ

31-40սմ կոճղի տրամագծով …………………14400 հատ

41սմ < կոճղի տրամագծով ……………………1600 հատ:

Աշխատանքային նախագծի բնապահպանական մասում անտառհատման տնտեսական վնասը, բնականաբար, հաշվարկված է բոլոր ծառատեսակների հաշվառմամբ և կազմում է 1925 մլն ՀՀ դրամ:

Հարկ ենք համարում նշել նաև, որ Հայաստանի կանաչների միության նախագահը մասնակցել է ինչպես ՇՄԱԳ-ի, այնպես էլ աշխատանքային նախագծի հասարակական լսումներին, վերոշարադրյալի վերաբերյալ նախկինում էլ է ստացել սպառիչ պարզաբանումներ և լիարժեք հիմքեր ուներ խուսափելու ինչ-որ բաներ կոծկելու վերաբերյալ անհիմն մեղադրանքներ առաջադրելուց:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

ՇՄԱԳ-ի և Նախագծի մեջ բերված 260 տեսակի միջատները վերաբերում են ոչ թե Լոռվա մարզի Թեղուտի հանքավայրի անտառներին, այլ Տավուշի մարզի Թեղուտ գյուղի (Դիլիջան քաղաքի հարևանությամբ) մոտակայքի անտառներին:

Իրականում.

Համապատասխան աշխատանքները կատարող աշխատանքային խումբը ՇՄԱԳ-ի իրականացման համար հիմք է ընդունել ոչ միայն իր կողմից արված դաշտային հետազոտությունների արդյունքները նախատեսվող լեռնահանքային համալիրի և հարակից տարածքներում, այլև այն տվյալները, որ այդ տարածքների վերաբերյալ կան մասնագիտական գրականության մեջ: Մասնագիտական խումբը ՇՄԱԳ-ում օգտագործել և մեջբերվող ու հղվող գրականության շարքում հիշատակել է նաև աղբյուր, որը վերաբերում է Տավուշի մարզի Թեղուտ գյուղին: Օգտագործված աղբյուրում միջատների վերաբերյալ փաստերն արտացոլված են լայն տարածքային ընդգրկումով, և քանի որ Տավուշ և Լոռի մարզերում գտնվող նույնանուն Թեղուտ գյուղերը նույն ֆլորիստիկ շրջանում են, բուսաբանության և կենդանաբանության ոլորտների մի շարք մասնագետների հավաստմամբ՝ տվյալ աղբյուրի օգտագործումը իրականությունից որևէ էական շեղման չէր կարող հանգեցնել:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

Հանքահանման-հանքավերամշակման հետևանքով խախտվելիք-ավերվելիք-ոչնչանալիք տարածքների կենդանական աշխարհին հասցվելիք վնասը ներկայացված է ընդամենը 175 հազար դրամ (437 $), այն էլ միայն մեկ տարվա ընթացքում որսվող ձկների համար, իսկ մյուս կենդանիներին հասցվելիք վնասն անտեսված է: Ձկնաշխարհին հասցվելիք վնասը սխալ մեթոդով է հաշվված: Ըստ ՇՄԱԳ-ի և Նախագծի՝ Շնող գետում և նրա վտակներում տարեկան որսվում են 130 կգ տարբեր ձկնատեսակներ, որոնց շուկայական արժեքը (կիլոգրամի հաշվով) կազմում է 175 հազար դրամ: Այն դեպքում, երբ օրենսդրությունը այլ բան է սահմանում, օրինակ՝ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին օրենքը» որով հաշվարկվել է ծառատեսակներին հասցվելիք վնասը, սահմանում է, որ կենդանատեսակների ապօրինի որսի և (կամ) ոչնչացման դեպքում՝ յուրաքանչյուր միավորի (անկախ տարիքից) համար սակագներն են՝ կարմրախայտ՝ 5000, այլ տեսակի ձկներ 1000 դրամ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Նախագծում նշված քանակի ձկնատեսակների սակագինը կազմում է 6,3 մլրդ դրամ:

Իրականում.

Նշված թիվը վերաբերում է բացառապես ձկնատնտեսական հանդակներին հասցվող տնտեսական վնասին, որի հաշվարկը սահմանափակվում է միայն ձկան արդյունագործական պաշարների տնտեսական արժեքով և վերաբերում է միայն Շնող գետին և նրա վտակներին: Հաշվարկն արվել է ոչ թե ըստ փաստացի արվող որսի քանակի, ինչպես նշում է հեղինակը, այլ՝ ըստ կերային հենքի ներուժի, այսինքն՝ ըստ այն բանի, թե առկա կերային հենքն առավելագույնը որքա՞ն ձկան կարող է բավարարել: Այլընտրանքային վերլուծության հեղինակը նաև որևէ կերպ չի հիմնավորում, թե հասցվելիք վնասի հաշվարկի համար ինչու պետք է կիրառվի «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքն այն իրադրությունում, երբ որևէ իրավախախտում տեղի չի ունենում:

  • Այլընտրանքային վերլուծության մեջ նշվում է.

Ամփոփելով կարելի է ասել, որ եթե մանրազնին ու անկողմնակալ հաշվարկվեն Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասները՝ բոլոր հնարավոր բաղադրամասերով, և օգտագործվեն իրականությունն արտացոլող մեթոդներ ու սակագներ, ապա կարելի է ենթադրել, որ վնասները միլիարդավոր անգամներ կգերազանցեն Նախագծում բերված 28,5 տարվա հաշվով 900-1432 ժամանակավոր աշխատատեղի ստեղծման և պետական գանձարան մուծվելիք 101,7 մլն դոլար շահութահարկի այսպես կոչված օգուտներին:

Իրականում.

Ինչպես պարզ է դառնում ամփոփումից՝ «Այլընտրանքային վելուծության» խնդիրը հանգում է լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարության հիմնավորվածությանը:

Այս առումով հարկ ենք համարում նշել, որ անկախ ՇՄԱԳ-ի իրականացման ճշգրտությունից՝ Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարու-թյան մասին է վկայում համաշխարհային առաջադեմ փորձի համատեքստում հարցի դիտարկումը: Աշխարհում (այդ թվում՝ բնապահպանական նորմերի տեսանկյունից ամենաառաջադեմ օրենսդրությամբ երկրներում) կան մի շարք շահագործվող և շահագործման նախապատրաստվող հանքավայրեր, որոնց պաշարները ծավալներով և օգտակար հանածոների պարունակությամբ համեմատելի են Թեղուտի հանքավայրի հետ, իսկ որոշ դեպքերում՝ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից էապես զիջում են Թեղուտի հանքավայրին: Մեզ հայտնի չէ որևէ նախադեպ, երբ աշխարհի որևէ երկրում Թեղուտի լեռնահարստացուցիչ համալիրի կառուցման և պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հետ համեմատելի տեխնիկատնտեսական և բնապահապանական բնութագրեր ունեցող որևէ ծրագիր չիրականացվի կամ ընթացքը կասեցվի այնպիսի հիմքերով, ինչպիսիք բերված են «Այլընտրանքային վերլուծության» մեջ:

ՇՄԱԳ-ի նախագիծն օրենքով սահմանված կարգով ներկայացվել է հանրությանը, համապատասխան հասարակական լսումներն իրականացվել են Ալավերդի քաղաքում՝ 2006 թ. մարտի 23-ին: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը նույնպես մասնակցել է այդ լսում-ներին, բարձրաձայնել իրեն մտահոգող հարցերը և ստացել սպառիչ պարզաբանումներ: Լսում-ների արձանագրությունը կարող եք ներբեռնել հետևյալ հղումով http://teghout.am/images/public_hearings.pdf: Ինչպես դա ամրագրվել է նաև այդ հասարակական լսումների արդյունքներով՝ ՇՄԱԳ-ի և հանքավայրի շահագործման տնտեսական արդյունքների անկողմնակալ համեմատությունն անհերքելիորեն ապացուցում է, որ հանքավայրի շահագործ-ման տնտեսական օգուտը բազմապատիկ գերազանցում է բնապահպանական բացասական ազդեցությամբ և այլ գործոններով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության տնտեսությանը հասցվող վնասը:

Ինչպես ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված ՇՄԱԳ-ը, այնպես էլ համաշխարհային առաջադեմ փորձի համատեքստում հարցի դիտարկումը միանշանակորեն վկայում են, որ պղնձի և մոլիբդենի միջազգային շուկաներում այժմյան իրադրության պայմաններում Թեղուտի հանքավայրի շահագործման տնտեսական նպատակահարմարությունը որևէ հիմնավոր կասկած չի հարուցում:

Հայտնում ենք նաև, որ վերը պարզաբանվեցին «Այլընտրանքային վերլուծության» մեջ տեղ գտած սխալների մի մասը միայն: Ի լրումն վերը մեջբերվածների՝ «Այլընտրանքային վերլուծությունը» պարունակում է իրականության բազմաթիվ այլ խեղաթյուրումներ, անհարկի մեկնաբանություններ և ոչ համարժեք գնահատականներ, որոնց վերաբերյալ պատրաստակամ ենք, ըստ անհրաժեշտության, տալ լրացուցիչ պարզաբանումներ:

Հարգանքներով՝

«Վալլեքս» խմբի ընկերությունների

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին»:

Ապրիլ 13, 2012 at 14:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր