Շեւչուկն ու Թեղուտը

Շեւչուկն ու Թեղուտը

Եղիշե Մեծարենց, www.lragir.am

Ռուսական ԴԴՏ ռոք խմբի հիմնադիր, երգիչ, պոետ Յուրի Շեւչուկը Հայաստանում հունիսի 16-ին ունեցած առաջին ու միակ համերգի ընթացքում հայտարարել է՝ «Պահպանեք Թեղուտի անտառը»: Շեւչուկի այդ հայտարարությունը արագորեն տարածվել է հայկական համացանցում, սոցիալական ցանցերում:

Տպավորությունն այնպիսին է, որ Թեղուտի անտառը փրկվել է, կամ Շեւչուկը խոստացել է անձամբ պահակություն անել այնտեղ, կամ գնել Թեղուտի անտառի այն տարածքը, որը հանքի է վերածվում, եւ վերականգնել այնտեղ ծառերը:

Շեւչուկը մեծ արվեստագետ է, ինչը նշանակում է նաեւ անկեղծ ու համարձակ արվեստագետ: Բայց երբ նա հայտարարում է «Թեղուտի անտառը փրկելու» մասին, ապա դա պետք չէ ընկալել պատգամ որպես, ինչպես հոկտեմբերիկներին խորհուրդ էին տալիս ընկալել Լենին պապի պատգամները: Շեւչուկից, ու ընդհանրապես որեւէ մեկից պետք չէ քաղաքացիական լենիններ կերտել:

Այլապես իրավիճակը շատ է հիշեցնում Ֆորեսթ Գամփ ֆիլմի հայտնի դրվագը, երբ Ֆորեսթի «անմեղ» վազքը վերածվում է համերկրային մի իրադարձության, ինչպես որ այդ վազքի ընթացքում նրա արտաբերած մի շատ սովորական խոսքը:

Ի դեպ, ֆիլմի փիլիսոփայության անկյունաքարերից մեկն էլ հենց այդ է երեւի, որ երբեմն չափազանցված նշանակություն է տրվում հնչեղ անուններին, իսկ շատ ու շատ սովորական բաներ դուրս են մնում ուշադրությունից շարքային լինելու պատճառով:

Շեւչուկն ասել է «պահպանեք Թեղուտը»: Դրանով Շեւչուկն ավելին չի դարձել, քան կար, եւ ոչ էլ առանց դրա Շեւչուկը պակաս էր լինելու: Նա մնալու էր նույն մեծ արվեստագետն ու մարդը: Ու ոչ էլ Թեղուտի խնդիրն էր դրանից ավելի կամ պակաս լուծվելու:

Պարզ է նաեւ, որ այստեղ կա մեկի այլ հանգամանք՝ կապված հեղինակավոր խոսքի հետ: Իհարկե կան դեմքեր, որոնց խոսքը կարող է լինել կողմնորոշիչ շատ շատ չկողմնորոշվածների համար, կամ լինել վերակողմնորոշիչ: Բայց, նրանք, ում համար Շեւչուկը հեղինակություն է, արդեն իսկ կողմնորոշված են Թեղուտի հարցում: Թեղուտը հանքարդյունաբերությանը զոհելու հանդեպ անտարբեր մարդու համար Շեւչուկը չի կարող լինել երաժշտական կամ մտավորական հեղինակություն:

Այսինքն, այս դեպքում հազիվ թե լինի հեղինակության միջոցով կողմնորոշելու կամ վերակողմնորոշելու էֆեկտ:

Այ, էֆեկտը հաստատ այլ կլիներ, եթե Թեղուտը պահպանելու անհրաժեշտության մասին հայտարարեր ասենք Թաթան: Այդ դեպքում, նա տասնյակ հազար լրացուցիչ հայաստանցիների եւ հայերի ուշադրություն կբեւեռեր Թեղուտի խնդրին:

Իսկ Շեւչուկը, երեւի նրան պատմել են Թեղուտի մասին, ասել, թե ինչ վատ են վարվում անտառի հետ, գուցե լուսանկարներ ցույց տվել, ու նա որպես պարկեշտ մարդ որոշել է այդպես զորակցել Թեղուտի հայաստանցի պաշտպաններին:

Այդքանը, պետք չէ դրանից համացանցում դարի իրադարձություն սարքել, որովհետեւ բուն խնդրի հետ դրա առնչությունն առավելապես էյֆորիկ է: Այլ հարց, որ խնդիրը վառ պահելու հնարավորություններն ու տարբերակներն արդեն սպառվել են, քաղաքացիները, ովքեր մտահոգվել են Թեղուտի ճակատագրով, արդեն ներքուստ համակերպվել են մտքին, որ այս հարցում էական արդյունք չստացվեց, ու հիմա իսկապես մնում է մխիթարվել զգայական իրավիճակներով, ինչպես Շեւչուկի պարագայում:

Դա էլ իհարկե հասկանալի է, որովհետեւ շատերն իսկապես ակտիվ, անմնացորդ պայքարեցին Թեղուտի համար, ու նաեւ պայքարում են մինչեւ այժմ, եւ ծանր է մտածել, որ պայքարն արդյունք չի տալիս: Շեւչուկն էլ ըստ ամենայնի զգացել է քաղաքացիների այդ հոգեվիճակն ու ավելի շուտ մտածել դրա հենց դրա մասին: - See more at: http://www.lragir.am/index/arm/0/society/view/84319#sthash.BuxYuj5n.dpuf

17:26 Հունիս 17, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news