ԷկոԼուր
«Թեղուտի հանքի շահագործման հետ ոչնչացման է ենթարկվում մոտավորպես 2000 հա անտառային տարածք, եթե իհարկե դրանից ոչ ավելի: Մոտավոր հաշվարկներով 1580 հա անտառային հողեր են տրամադրել հանքավայրի շահագործման համար: Մի բան հաշվի չեն առել, որ այն բաց հանքի տարածքը, որը կազմելու է մոտավորպես 240 հա, դրա վերևի անտառները, կորցնելով ջուրը, ոչնչանալու, չորանալու են, գան լցվեն բաց հանքի տարածքը: Ուրմեն մոտավորապես 2000 հա անտառներ պետք է ոչնչացվեն միայն հանքավայրի շահագործման նպատակով»,- ԷկոԼուրին ասաց ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը: Բացի այդ, նա նշեց, որ հանքավայրը հետազոտված է մեծ թերություններով:
«Պղնձամոլիբդենային հաքավայրերում մեծ արժեք ունեցող և շատ թանկարժեք քար ռենիումը գնահատված չէ: Միջազգային շուկայի գների համաձայն` մենք մոտավորպես 125 միլիոն դոլլարի կորուստ ենք ունենալու»,-ասաց Հ.Ավագյանը: Վերջինս նաև շեշտեց պոչամբարներ թափվող թունավոր տարրերի վտանգավոր ազդեցության մասին. «Մոտավորապես 900 տոննա թունավոր տարրեր են թափվելու միայն պերիտ հանքանյութի հետ և ևս 2000 տոննա պղնձի հանքանյութի հետ մնացորդների ձևով: Դրանք մեծ վտանգ են ներկայացնում»: Մասնագետը նշեց, որ հանքավայրում կա մկնդեղ, ծարիր, որոնց հանքանյութերը ծծմբական թթվի ազդեցության ներքո տարալուծվում, փոփոխվում են և առաջանում են ստիբին և արսին թունավոր գազերը, որոնք խիստ վտանգավոր են և մահացու:
Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործվում է «Վալլեքս» խմբի ընկերություններին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից:
Ապրիլ 18, 2013 at 12:59