ԷկոԼուր
Ապրիլի 22-ին «Ակումբ 12»-ում երգիչ, երգահան Լիլիթ Տեր Վարդանյանը եւ նրա ընկերները` Կարինե Իոնեսյանը, Անահիտ Էվոյանը, կազմակերպել էին բարեգործական համերգ, որի հասույթի մի մասով Լոռու մարզի Թեղուտ գյուղից գնելու են գյուղացիների պատրաստած մուրաբները եւ բաժանելու անապահով ընտանիքներին: «Ես փորձում եմ իմ աշխատանքով, գործնական օգնել գյուղացուն:
Սա առաջին բարեգործական համերգն է, բայց ոչ վերջինը: Հայաստանի այլ մարզերի համար եւս նախատեսվում է կազմակերպել այլ համերգներ: Ես կոչ եմ անում մարդկանց, որ գործով փորձենք ինչ-որ բան փոխել մեր կյանքում: Արդեն իսկ գործենք եւ հետո ներկայացնենք, եւ դա վերաբերում է բոլոր բնագավառներին»- ԷկոԼուրին ասաց Լիլիթը:
Նրան մուրաբաների ձեռքբերման հարցում օգնում է Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը, որն էլ գյուղից բերելու է մուրաբաները:
Ի դեպ, ակումբում եւս վաճառվում էին մուրաբաները` ընկույզի, դդումի, սերկեւիլի:
«Թեղուտից մուրաբաներն ուղարկել են գյուղացիները, այնտեղ 5 կանայք իրենց համատեղ ուժերով հիմնել են այս արտադրությունը: Նպատակն է, որ տվյալ համայնքում զարգանա կանաչ տնտեսությունը եւ, ի վերջո, կարողանանք կանգնեցնել այդ հանքարդյունաբերության չարիքը»,- ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Անի Կաղինյան: Ըստ նրա` պետք է աշխատանք տարվի մարդկանց հետ, որպեսզի նրանք հասկանան, որ հանքը կարճատեւ է, իսկ կանաչ տնտեսությունը` հավիտյան:
Հիշեցնենք, որ Թեղուտում «Վալլեքս» ընկերությունը շահագործում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, ինչի բացասական հետեւանքների մասին անընդմեջ ահազանգում են բնապահպանները:
Ապրիլ 23, 2013 at 17:04