Եւս մի մասնագետ բարձրաձայնեց Թեղուտի հանքավայրում Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայության մասին

Եւս մի մասնագետ բարձրաձայնեց Թեղուտի հանքավայրում Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայության մասին

ԷկոԼուր

Թեղուտի անտառներում եւ հենց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում Հայաստանի Կարմիր գրքում գրանցված տեսակներ կան: Այս մասին «ԷկոԼուր» մամուլի ակումբում ապրիլի 13-ի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար, աշխարագրական գիտությունների դոկտոր Հովիկ Սայադյանը: «Ես` ինքս, Թեղուտի հետ կապված ծառաթփային բուսականության վերաբերյալ կատարել եմ մի փոքր ուսումնասիրություն: Եթե դուք նայեք Հայաստանի Կարմիր գրքերը, ապա բավականին մեծ տեսակներ կան, որ հենց այդ տարածաշրջանից են»,- ասաց Հովիկ Սայադյանը: ԷկոԼուրի հարցին, թե արդյոք հենց Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի տարածքում կան Կարմիր գրքում գրանցված տեսակներ, Հովիկ Սայադյանը պատասխանեց, որ կան: Նշենք, որ «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասն արգելքում ընդերքօգտագործումը, եթե «հայցվող ընդերքի տեղամասի վրա գտնվող հողամասում կան`  Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված բույսեր կամ կենդանիների բնակատեղիներ, ինչպես նաեւ եթե տվյալ տարածքով անցնում են կենդանիների միգրացիոն ուղիներ»:

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործելու համար անխնայորեն հատվում են անտառները, ոչնչանում է կենսաբազմազանություն: Թեպետ հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառվերականգնման աշխատանքներ է իրականացնում, սակայն դա նույն արդյունքը չի տա: Այս կապակցությամբ Հովիկ Սայադյանն ասում է. «Հնարավոր չէ բնության մի հատվածը վերցնել եւ տրանսպլանտացիա անել ուրիշ վայրում, որովհետեւ եթե բույսն աճում է այնտեղ, նա ունի ուրույն երկրաբանական, հողային, ռելիեֆային, կլիմայական պայմաններ, որն իր միջավայրի հետ ստեղծում է մեկ ամբողջություն:Ես քիչ եմ հավատում այդպիսի վերականգնման հնարավորությանը: Շատերը մեկնաբանում են, որ անտառը վերցվում է մի հատվածից, դրվում է մի այլ հատվածում, այդպիսի բան բնության մեջ անհնար է»:

15:16 Ապրիլ 16, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news