«Վալլեքս» ընկերության գալու հետ մեկտեղ Շնող գյուղում ջրի որակը դարձավ համար մեկ խնդիրը

«Վալլեքս» ընկերության գալու հետ մեկտեղ Շնող գյուղում ջրի որակը դարձավ համար մեկ խնդիրը

ԷկոԼուր

Արդեն որերորդ տարին է, ինչ Շնող գյուղի բնակիչները բողոքում են խմելու ջրի որակի վատացումից: Նրանք դա կապում են դա Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում «Վալլեքս» ընկերության աշխատանքների հետ:

Ներկայացնում ենք, թե ինչ  ԷկոԼուրին պատմեցին Շնողի գյուղապետը եւ բնակիչները: 

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյան. «Թեղուտի հանքավայրի շահագործումն արդեն կայացած փաստ է, հիմա ուզենք թե չուզենք, ես, օրինակ, ինձ համարում եմ փոքր մարդ, որ դրա դեմը առնեմ, կամ ինչ-որ քայլերի գնամ: Բայց իմ խորին համոզմամբ, այդ հանքերի շահագործման գործընթացը արվում է բնապահպանական լուրջ խնդիրներին զուգահեռ»:

Շնող գյուղի բնակիչ Լեւոն Ալիխանյան. «2 տարի հետո, ըստ իրենց պայմանագրի («Վալլեքս» ընկերություն), 60% կպչողականությամբ պիտի հանձնեն անտառ: Դե ռեալ չէ, պիտի լրացում անեն, ավելի խնամքով մշակեն:…Ճիշտ չ`  գյուղնշանակության հողերը անտառի վերածել: 10 հեկտարի տեղ մի հեկտար տնկեն մարդավարի, ոնց որ Խոսրով թագավորի ժամանակ…Մեր գյուղը մի քանի հարյուր հեկտար հող կորցրեց, ոչ ամայի տարածքում ….»:

Շնող գյուղի բնակիչ Վարդան Վարդանյան. «Գյուղնշանակության հողերը, որ այդ պոչամբարի տակ է ընկնում մոտ 300 հեկտար է: Այդքան գյուղատեսական նշանակության տարածքները խլեցին, փոխհատուցում չտվեցին: Այսինքն, նրանց գործունեությունից մենք չենք շահում, մենք անընդհատ կորցնում ենք, իսկ թե ով է շահում, դա արդեն իրենք գիտեն…»:

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյան. « Տեղյակ եմ, որ նախկին տարիներին և Շնողի և Թեղուտի վարչական տարածքում շուրջ 67 հեկտար անտառ են իբր թե տնկել: Եթե նույնսիկ այդ անտառները բավարար որակով էլ արված լինեին, միևնույն է` դա չի փոխարինելու այն վնասի չափը, որ անտառների հատումից պատճառվել են: Եթե բնությունը վնասում են, աղտոտում են տարբեր ձևերով, այնտեղ անտառն է, ջրային ավազանն է, կենսաբազմազանության հետ կապված խնդիրներն են, բայց ոչ մի համարժեք` դրանք մինիմումի հասցնելու առումով և ոչ էլ այս երկու գյուղերի սոցիալական խնդրիներին վերաբերվող հարցերով բավարար գործընթաց ես չեմ տեսել: Ես գտնում եմ, որ այդ գումարները որ ներդրվեր այ թեկուզ խմելու ջրին, թեկուզ փողոցների բարեկարգմանը, թեկուզ լուսաֆիկացմանը, թեկուզ դպրոցի, հիվանդանոցի, կուլտուրայի տան, իմ կարծիով, ավելի արդյունավետ կլիներ, քան այդ գումարը գնար այնտեղ, որտեղ ոչ մի արդյունք էլ չի լինի: Գյուղի համար, եթե կարելի է այդպես ասել, թիվ մեկ խնդիրը մնում է խմելու ջրի խնդիրը: Նախ մինչև այդ հանքերի շահագործման գործընթացի սկսվելը գյուղը օգտվում էր ադ տարածքներից հոսող ջրից` գետերից վերցված ջուրը առանց մաքրման, առանց մաքրման կայանների, առանց ֆիլտրացիայի, և այլն: Հիմա իրենք էլ  որ այդ տարածքներում հանքարդյունաբերության գործը դրել են, ավելի է վատացել ջրի վիճակը: Ջուրը չի պակասել, բայց աղտոտման աստիճանը ավելի է մեծացել: Կենդանական աշխարհի գրեթե բոլոր  ներկայացուցիչներին այդ ջրի մեջ կարելի է հանդիպել»:

Շնող գյուղի բնակիչ Լեւոն Ալիխանյան. «Եթե նման բարեբեր հողերում, ինքնահոս ջրի տակ գտնվող տարածքները 1 քառակուսի մետրը կես պաղպաղակի կամ 4 տուփ լուցկու արժեքով է որոշվում: Ամբողջ երկրում չես կարողանում ապացուցել, որ դա խելամիտ չէ, դա ճիշտ չէ, նման բան հնարավոր չէ: Այսինքն զարմանա՞նք, որ անտառը թղթի վրա է տնկած, զարմանա՞նք, որ, ասենք, 2006թ-ի կեսերին տասնյակ հեկտար անտառներ անօգտագործելի տարածքի տակ գնել են»:

Շնողի գյուղապետ Հովիկ Սահակյան. «Եթե առավոտյան` ժամը 7-ի 8-ի կողմերը, գնանք մեր գյուղի տակ, մի 20 ավտոբուս դրսից աշխատողներ են բերում` ամենատարբեր պրոֆիլների այն դեպքում, որ այդ մասնագետներից մեր գյուղում շատ կան: Ես այս խնդիրը մի քանի անգամ արդեն բարձրացրել եմ, ցուցակ եմ կազմել 100 և ավելի մարդու, ներկայացրել եմ կից գրությամբ իրենց: Ասում է` դե հիմա տեղ չունենք, երբ որ կլինի, կտանք, բայց ես հետևում եմ իմ գրությանը, տեսնում են, որ տեղեր որ  բացվում է, էլի դրսից են ընդունում»:

Շնող գյուղի բնակիչ Լևոն Ալիխանյան. «Թեղուտեցին, եթե ասենք, հնարավորություն չունի ինչ-որ պատճառով իրենց մոտ աշխատելու, նա պիտի ընտանիքով հեռանա Հայաստանից, ու գնում են, կոնկրետ մարդիկ կան, որ հեռանում են:… Ամառը այստեղ չես կարող սպիտակ սառոչկա հագնես, որովհետեւ փոշին հասնում է այստեղ: Պոչամբարի հատակը Շնողից բարձր է, մեր հրապարակից 50 մետր բարձր է ընկնում, պատկերացրու 245 թե ինչքան էլ այնտեղ է բարձրանալու և լեռնային գետի հունի վրա: Ես ասում եմ` իրենց այստեղ եղած ժամանակ կփորձեն այդ ջրանցքը պաշտպանել, իրենց գնալուց հետո որևէ մի հնարավորություն չի լինելու. այդ ջուրը էլի մտնելու է իր տարածք, ու այդ ամբողջ պոչանքը գալու է այս ներքին թաղերով…»:



12:02 Ապրիլ 15, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news