ԷկոԼուր
«Թեղուտի պաշտպանություն քաղաքացիական նախաձեռնություն»-ը փետրվարի 28-ին բողոքի ակցիա անցկացրեց ՀՀ կառավարության առաջ: Պատճառը կառավարության կողմից Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ին արտոնություններ տալն է. ընկերության կողմից ներկրվող ապրանքների համար մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվելու է մինչև 2016 թվականի մարտի 1-ը:
Նախաձեռնությունն այս կապակցությամբ տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է.
«1. Դեռևս 2012թ.-ի դեկտեմբերի 21-ին մենք Հատուկ քննչական ծառայությանը հաղորդում ենք ներկայացրել Թեղուտում կատարվող քրեական հանցագործության մասին, հիմնավորելով, որ հանքավայրի շահագործումն իրականացվում է միանգամայն այլ նախագծով, որը չի անցել բնապահպանական փորձաքննություն և չի հաստատվել: Ընդ որում, նոր նախագիծը անհամեմատ ավելի մեծ ավերածություններ է նախատեսում, քան նախորդը:
Մինչ օրս իրավապահ մարմիններն ընթացք չեն տվել ներկայացված հանցագործության մասին հաղորդմանը, այնինչ օրենքով նախատեսված կարգով պարտավոր էին գործին ընթացք տալ հաղորդումը ստանալուց հետո 10 օրվա ընթացքում:
2. Նույն օրը դիմում ենք ներկայացրել բնապահպանության նախարարին՝ պահանջելով իրականացնել տեսչական ստուգումներ և պարզել, թե արդյո՞ք հանքավայրը շահագործող ընկերությունն աշխատանքներն իրականացնում է հաստատված նախագծով, որին ևս առարկայական պատասխան չի տրվել:
Այս ամենից բխում է հետևություն, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը գտնվում է Սերժ Սարգսյանի հովանավորչության տակ, իսկ պետական մյուս մարմինները հավասարապես կիսում են հանքավայրի ապօրինի շահագործման աշխատանքների հետևանքով տեղի ունեցող քրեական հանցագործության պատասխանատվությունը:
Օրենքի և իրավունքի նկատմամբ հետևողականորեն ցուցաբերվող այս լկտի արհամարհանքը նաև հիմք է տալիս պնդելու, որ անօրինականությունները դադարեցնելու և հանցագործներին պատասխանատվության ենթարկելու միակ հնարավոր տարբերակը մնում է Հայաստանում առկա հանցավոր համակարգի տապալումը»:
Փետրվար 28, 2013 at 15:17