ԷկոԼուր
Լոռու մարզի «Թեղուտ» ՓԲԸ-ում մահացել է ընկերության աշխատակից 55-ամյա Գագիկ Քոչարյանը: «ԷկոԼուր»-ի հարցմանն ի պատասխան «Վալլեքս» խմբի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի (որի մեջ մտնում է «Թեղուտ» ՓԲԸ-ն) պատասխանատու Վահրամ Ավագյանն ուղարկել է պաշտոնական պատասխան, որում ասված է. «2012 թվականի դեկտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 9.00-ի սահմաններում «Թեղուտ» ՓԲ ընկերության՝ Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, գ. Թեղուտ հասցեով կառուցվող լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի շինություններից մեկում դժբախտ դեպք է տեղի ունեցել, որի արդյունքում տուժել է «Թեղուտ» ՓԲ ընկերության շինարարական թիվ 5 տեղամասի բանվոր, 1957 թվականին ծնված Գագիկ Քոչարյանը:
Առկա հիմնական վարկածի համաձայն՝ տուժողը որոշակի բարձրությունից վայր է ընկել և ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Դեպքից անմիջապես հետո «Թեղուտ» ՓԲ ընկերության բուժաշխատողը տուժողին առաջին բուժօգնություն է ցույց տվել, որից հետո տուժողը տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն, այնուհետև՝ մի քանի ժամ անց, ք. Երևան, «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Տուժողը մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում՝ 2013 թվականի հունվարի 3-ին:
Դժբախտ դեպքից անմիջապես հետո՝ իրավապահ մարմինների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շրջանակներում իրականացվել է դեպքի վայրի զննություն-ուսումնասիրություն և կազմվել է համապատասխան արձանագրություն: Հաշվի առնելով դեպքի վայրի տարածքում «Թեղուտ» ՓԲ ընկերության կողմից կատարվող շինարարական աշխատանքների բնույթը՝ համապատասխան անհետաձգելի գործողությունների անցկացումից հետո իրավապահ մարմինների ներկայացուցիչները թույլատրել են շարունակել շինարարական աշխատանքները:
Տեղեկացնում ենք նաև, որ այս պահի դրությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացվող վարույթն ընթացքում է, ուստի՝ հորդորում ենք մինչև դրա ավարտը ձեռնպահ մնալ դժբախտ դեպքի հանգամանքների մասին հնարավոր չճշտված տեղեկատվություն հրապարակելուց»:
Հունվար 24, 2013 at 16:37