Թեղուտի պաշտպանների հայտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման առնչությամբ

Թեղուտի պաշտպանների հայտարարությունը Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման առնչությամբ

ԷկոԼուր

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է հայտարարություն Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի և ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման առնչությամբ: հայտարարության մեջ ասված է.

«2012 թվականի դեկտեմբերի 21-ին Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը դիմում էր ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարությանն առ այն, որ ներկայումս Թեղուտում իրականացվող հանքարդյունաբերական աշխատանքներն իրականացվում են ոչ թե 2006 թվականին հաստատված նախագծով, այլ միանգամայն այլ՝ 2010 թվականին մշակված նոր նախագծով: Նախարարությանը տեղեկացրել ենք, որ նոր նախագծով շրջակա միջավայրին պատճառվելու է անհամեմատ ավելի մեծ վնասներ, որը սակայն օրենքով սահմանված կարգով չի ներկայացվել բնապահպանական փորձաքննության և չի հաստատվել: Նույն դիմումով բնապահպանության նախարարից՝ որպես ի պաշտոնե գլխավոր տեսուչից, պահանջել էինք տեսչական ստուգումներ իրականացնել՝ պարզելու համար, թե արդյո՞ք շահագործումն իրականացվում է հաստատված նախագծին համապատասխան: Նոր նախագծի մասին տեղեկատվությունը ստացվել էր ERM (Environmental Resources Management) կազմակերպության կողմից իրականացված վերագնահատման արդյունքներին ծանոթանալով, որի առկայության փաստը չի ժխտում նաև հանքավայրը շահագործող ընկերությունը:

Ի պատասխան, բնապահպանության նախարարությունը մեզ տեղեկացրել է, որ 2010 թվականին նոր նախագիծ չի ներկայացվել փորձաքննության, իսկ պետական բնապահպանական տեսչությունը Թեղուտի հանքավայրում ստուգումներ չի անցկացրել: Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման փաստն արձանագրված է նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցում, որով բնապահպանության նախարարությանը առաջարկվել է միջոցներ ձեռնարկել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը շահագործող ընկերության ներկայիս գործունեության լիցենզավորման խնդրի լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք նաև, որ ընդհանուր իրավասության դատարանները դեռևս 2010 թվականին վերջնականապես մերժել էին վարույթ ընդունել Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դեմ հասարակական կազմակերպությունների ներկայացրած դատական հայցը՝ հղում կատարելով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման վրա: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ սահմանադրական դատարանը իր կողմից ընդունված որոշումների կատարման վիճակի վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ պաշտոնապես մեկնաբանել է նույն՝ ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը՝ հասարակական կազմակերպությունների դատարան դիմելու իրավունքի վերաբերյալ (http://www.concourt.am/armenian/report/statistic/cc_decision_stat2012.pdf տես 49-րդ էջից սկսած):

Սահմանադրական դատարանը վերահաստատել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ «... հասարակական կազմակերպություններին հնարավորություն է ընձեռվում հանդես գալ որոշակի խմբի կոլեկտիվ իրավունքների պաշտպանությամբ, եթե այդ պաշտպանությունը տվյալ հասարակական կազմակերպության կոնկրետ նպատակների շրջանակներում է» և արձանագրել, որ «... ՀՀ վարչական դատարանը, նույն կերպ,  նաև 01.04.2011թ. ՀՀ վճռաբեկ դատարանը, սխալ են մեկնաբանել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-906 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության վերաբերյալ՝ վերջիններիս զրկելով իրենց կանոնադրական նպատակներից բխող հարցերի առնչությամբ դատարան դիմելու իրավունքից»:

Այսպիսով, պետական մարմինները պաշտոնապես արձանագրել են, որ Թեղուտի հանքավայրի շահագործումը  ներկայումս անօրինական է, և որ հանրությունը օրենքի խախտմամբ զրկվել է այդ անօրինականությունը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

Մենք կարևորում և բարձր ենք գնահատում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի և ՀՀ սահմանադրական դատարանի կառուցողական դիրքորոշումը և մասնակցային դերակատարումը Թեղուտում իրականացվող հանցավոր գործունեության դադարեցման հարցում և վստահաբար ակնկալում ենք շարունակել և ընդլայնել հետագա համագործակցությունը:

Հարկ ենք համարում շեշտել նաև, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում առանց դրական փորձաքննական եզրակացության: Հիշեցնենք, որ դեռևս անցած տարվա դեկտեմբերի 21-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը ներկայացրել ենք հաղորդում հանցագործության մասին, որին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետում դեռևս ընթացք չի տրվել»:

16:15 Ապրիլ 02, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news