ԷկոԼուր
«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել: Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետեւ հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել», - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետեւից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետեւ չէր լինի նրա համար պատասխանատու որեւէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով: Եւ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին եւ մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա եւ նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը: Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն եւ ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը: Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը: Իսկ նրանք, ովքեր պնդում էինք, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որեւէ պատասխանատվություն կրելու՞ են: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ նրանք ամեն ինչ կարող են պնդել: Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որեւէ պատասխանատվություն կրելու՞ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի եւ տնտեսական ցուցանիշների համար», - նշել է վարչապետը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի վերջին «Վալլեքս» խումբը հայտարարեց Թեղուտի պոչամբարի հնարավոր ինքնափլուզման ռիսկի մասին՝ նշելով, որ ընկերությունը ներկայում Թեղուտի համալիրի նկատմամբ որևէ վերահսկողություն չունի և չի կարող պատասխանատու լինել դրա հետևանքների համար: Ընկերությունը նշեց, որ պոչամբարի խնդիրների մասին տեղյակ է պահել նաև կառավարությանը: Այնուամենայնիվ, ս.թ. հուլիսի 9-ին Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը վերագործարկվեց: Ըստ Լոռու մարզպետարանի տվյալների՝ հանքավայրի շահագործման թույլտվություն ընկերությունը ստացել է հուլիսի 8-ին՝ տարեկան 7 միլիոն տոննա հանքաքար արտադրելու համար, ինչը ենթադրում է հանքավայրի 15-20 տարի շահագործման հնարավորություն:
Օգոստոսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ «Թեղուտ» ՓԲԸ-ն պատվարի կայունության ուսումնասիրման նպատակով անհրաժեշտ հետազոտական միջոցառումների իրականացման համար պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ։ Աշխատանքները պետք է մեկնարկեին սեպտեմբերից, իսկ արդյունքները պատրաստ կլինեն 7-8 ամսվա ընթացքում:
Նախկինում «Վալլեքս» խմբին պատկանող «Թեղուտ» ՓԲԸ-ն դադարեցրեց Թեղուտի հանքավայրի շահագործումը 2018 թ-ի հունվարի 12-ն: Հայտնի դարձավ, որ «Թեղուտ» ՓԲԸ-ի գույքը գրավադրված է ռուսական ՎՏԲ բանկում: Ներկայում ընկերությունը պատկանում է բանկին:
Սեպտեմբեր 12, 2019 at 12:47