Ե՞րբ Թեղուտում տեսչական ստուգումներ կանցկացնեն, պատասխանում է տեսչական մարմնի ղեկավարը

Ե՞րբ Թեղուտում տեսչական ստուգումներ կանցկացնեն, պատասխանում է տեսչական մարմնի ղեկավարը

ԷկոԼուր

Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը 4-րդ մետաղական հանքավայրը կլինի, որտեղ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կիրականացնի տեսչական ստուգումներ: Ինչպես ԷկոԼուրի նամակին ի պատասխան տեղեկացրեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը, Ամուլսարի ոսկու հանքավայրում ստուգումներից հետո տեսչական մարմինը ստուգում է իրականացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո ստուգում է իրականացվելու Լիճքի պղնձի հանքավայրում, ապա նոր Թեղուտում:

Նշենք, որ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն դիմել էր տեսչական մարմնին` առաջարկելով հնարավորինս սեղմ ժամկետներում ստուգումներ կազմակերպել «Թեղուտ ՓԲԸ»-ում:

ԷկոԼուրի նամակում նշված է.

««Թեղուտ» ՓԲԸ-ում, նրա կողմից շահագործվող ՀՀ Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում, հանքաքարի մշակման հարստացուցիչ ֆաբրիկայում, ինչպես նաև պոչամբարային տնտեսությունում առ այսօր զանազան հիմնավորումներով բնապահպանական և ընդերքօգտագործման նկատմամբ տեսչական վերահսկողություններ չեն իրականացվել։

Ընկերության՝ պետական վերահսկողության և հաշվետվողականության բացակայության գործունեության արդյունքում տարածաշրջանում կուտակվել են բազմաթիվ էկոլոգիական, այդ թվում, ըստ մեր գնահատման՝ նաև անշրջելի էկոլոգիական խնդիրներ և ռիսկեր։ Այդ մասին են վկայում ինչպես ազդակիր համայնքների բնակիչներից ստացվող բազմաթիվ ահազանգերը և դրանց հետ կապված մեր դիտարկումները, այնպես էլ այս տարվա հունվարին ընկերության տնօրենի կատարած` ՀՀ միջազգային չափորոշիչներին Թեղուտի պոչամբարի անհամապատասխանության հիմքով ձեռնարկության գործունեության դադարեցման մասին հայտարարությունը։ Իր հերթին Դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամը և Դանիայի EKF արտահանման վարկային գործակալությունը հրաժարվել են ֆինանսավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Պատճառներից մեկը պոչամբարի պատվարի անհամապատասխանությունն է պայմանագրով սահմանված պահանջներին և պայմաններին, և պարզեցման ավազանի արտահոսքերը, ինչը չի համապատասխանում ջրային չափանիշներին: Այսինքն, ի թիվս այլ բնապահպանական բաղադրիչների՝ մթնոլորտային օդի, մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտման, հողի բերրի շերտի, բուսական և կենդանական աշխարհի պահպանության կանոնների չպահպանման, պաշտոնապես արձանագրվել է նաև Թեղուտի պոչամբարի կայունության ցուցանիշների անկում (չնայած նրան, որ «Տեխնիկական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ը 26.05.2017թ-ին, արտադրական վտանգավոր օբյեկտին տվել է N 560-1 փորձաքննության դրական եզակացություն)։

Հաշվի առնելով հարցի հանրային հնչեղությունը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների հնարավորինս մեղմացումը և պոտենցիալ բացասական հետևանքների կանխարգելումը, ազդակիր համայնքներին սպառնացող վտանգները` խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում օրենսդրությամբ սահմանված կարգով «Թեղուտ ՓԲԸ»-ում կազմակերպել տեսչական ստուգումներ՝ մասնակից դարձնելով «ԷկոԼուր» ՀԿ-ին և ազդակիր համայնքների բնակիչների ներկայացուցիչներին»։

18:39 Սեպտեմբեր 24, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news