Լոս Անջելեսի կանաչ ակտիվիստներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոչ են արել աջակցել Հայաստանի բնության պահպանության համար պայքարին

Լոս Անջելեսի կանաչ ակտիվիստներն Ամենայն Հայոց Կաթողիկոսին կոչ են արել աջակցել Հայաստանի բնության պահպանության համար պայքարին

ԱրմԻնֆո

Լոս Անջելեսում գործող «Թեղուտի պաշտպանությանե զորակցող խումբը բաց նամակ է հղել Ն.Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։

Նամակում, մասնավորապես, ասվում է. « Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են հասարական զարգացումները, որոնք ծնունդ են երկրում առկա տարբեր սոցիալական խնդիրների։ Շրջակա միջավայրին սպառնացող վտանգները համախմբել են բնապահպանական խնդիրներով մտահոգ հայերին ոչ միայն Հայաստանում, նաև՝ Սփյուռքում։ Հայրենիքում պայքարող քաղաքացիական նախաձեռնություններին ամեն օր իրենց զորակցությունն են հայտնում աշխարասփյուռ տարբեր հայ համայնքներից։

Խնդրի կարևորության և լուծման հրատապության մասին ահազանգում են մասնագետները, և արհամարել այն նշանակում է անտարբեր մնալ Հայաստանի և հայ ժողովրդի ապագային։ Այսօր անխնա օգտագործվում և սպառվում են Հայաստանի ներկա և ապագա սերունդների սեփականությունը հանդիսացող ընդերքն ու բնական պաշարները, աղտոտվում և անդառնալի վնաս է հասցվում բնությանն ու շրջակա միջավայրին։ Այս ամենն անարդար սոցիալական քաղաքականության հետեւանք է նաեւ, որ անմիջականորեն սպառնում է հայ ժողովրդի ապագա սերունդների կենսունակությանը ։

«Հայ Առաքելական Եկեղեցին` որպես ազգային եկեղեցի, ունի բացառիկ առաքելություն հայ ժողովրդի հոգևոր կյանքում՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»,- ամրագրված է ՀՀ Սահմանադրությամբ։

Հայ Առաքելական Եկեղեցին է, որ դարերի ընթացքում, երբ հայ ժողովուրդը չի ունեցել պետականություն, պահպանել է մեր ինքնությունը, մեր տարածքը` հարկ եղած դեպքում նաեւ զենք վերցրել ի պաշտպանություն հայրենիքի: Բնության, որպես Աստծո արարչագործության նկատմամբ հոգածությունը Հայ եկեղեցու անմիջական առաքելությունն է։ Այսօր, Հայ Առաքելական եկեղեցին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ պետք է սատարի մեր երկրի Աստվածատուր բնության պահպանությանն ուղղված արդար պայքարին: Հայ եկեղեցու եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դիրքորոշումը Հայաստանի բնապահպանական խնդիրների շուրջ պահի հրամայական է:

Հայ եկեղեցին պատրաստվում է Քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոնին` Սուրբ Զատիկին և խորհրդանշական կլինի, որ այս ժամանակահատվածում մեր Եկեղեցին իր զորակցությունը հայտնի հայրենիքի ապագայով մտահոգ բնապահպաններին»,-ասված է նամակում։

Հիշեցնենք, որ մարտի 11-ին Հոլիվուդի Հայկական կենտրոնում տեղի են ունեցել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագծի քննարկումներ: Բնապահպանական հարցերին նվիրված սեմինարին մասնակցել են ԱՄՆ հայկական համայնքի ներկայացուցիչները: Միջոցառման մասնակիցները, մասնավորապես, աջակցել են Թեղուտի անտառի պաշտպանության նախաձեռնությանը`Թեղուտի լոգոտիպով շապիկների ձեռքբերմամբ: Վաճառքից հասույթը կուղղվի Հայաստանի էկոլոգների համար տեխնիկական միջոցների գնմանը:

Տարիներ շարունակ էկոլոգները և հասարակական կազմակերպությունները փորձում են իշխանությունների ուշադրությունը հրավիրել բնապահպանության ոլորտում չլուծված խնդիրների վրա: Մասնագետներին ամենաշատը մտահոգում է այն, որ շարունակվում են լեռնահանքային ոլորտում նոր նախագծերի իրականացման ծրագրեր մշակվել:

Ապրիլ 06, 2012 at 13:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր