Կհաջողվի՞ արդյոք կառավարությանը լուծել լքված հանքավայրերի ռեկուլտիվացիայի խնդիրը

Կհաջողվի՞  արդյոք կառավարությանը լուծել լքված հանքավայրերի ռեկուլտիվացիայի խնդիրը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը մտադիր է լուծել Հայաստանի լքված, դադարեցված, տիրազուրկ հանքավայրերի ռեկուլտիվացման համար ֆինանսների հարցը:

Նոյեմբերի 2-ին գործադիրը հավանություն տվեց ՀՀ բնապահպանության նախարարության մշակած Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգի մասին որոշման նախագծին:

Հայաստանի լքված, դադարեցված, տիրազուրկ հանքավայրերը չեն ռեկուլտիվացվում ֆինանսների բացակայության պատճառով: Արդյունքում դրանք անդադար աղտոտում են շրջակա միջավայրը ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով: Ըստ փորձագիտական գնահատականների` ընդերքօգտագործման 1 հա տարածքն աղտոտում է 10 հա շառավղով տարածք: Հայաստանի տարածքում ընդերքօգտագործման նպատակով տրամադրված հողերի ընդհանուր մակերեսը նախնական խոշորացված գնահատականներով կազմում է 13640հա:

Խնդրի կարգավորման համար 2003թ-ից ընդերքօգտագործողները սկսեցին գումարներ տրամադրել Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին: Սակայն այդ գումարներն անբավարար են: «Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում հավաքագրված գումարները չեն բավարարում ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար, քանի որ այդ աշխատանքների նախահաշիվը կատարվել է նախագծային փուլում, իսկ հանքավայրերի ծառայման ժամկետները հիմնականում երկար են (մինչև 50 տարի), հավաքագրված գումարները մնում են սառեցված վիճակում և ժամանակի ընթացքում գնաճի պատճառով արժեզրկվում են, քանի որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարարի 2012 թվականի դեկտեմբերի 24-ի N365-Ն հրամանի ռեկուլտիվացիոն աշխատանքների ինդեքսավորումը իրականացվում է ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, ինչը հիմնականում պրակտիկայում չի իրականացվում»,- նշված է Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգում:

Ըստ հայեցակարգի` Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում 2017 թ-ի հունիսի 1-ի դրությամբ հավաքագրվել է 1 223 496 748,90 ՀՀ դրամ: Ընդերքօգտագործման իրավունքները դադարեցրած 105 ընկերությունների կողմից վճարվել է 66 009 260 ՀՀ դրամ՝ նախագծերով կամ ընդերքօգտագործման պայմանագրերով նախատեսված 190 824 620 ՀՀ դրամ ընդհանուր գումարի փոխարեն: Բացի սա, Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին գումարներ չեն վճարել նաև գործող շատ ընդերքօգտագործողներ:

Հայեցակարգով առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ապահովվի շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին ընդերքօգտագործողների կողմից կատարվող գումարների հավաքագրումը, և վճարված գումարները բավարար լինեն խախտված հողատարածքների վերականգման աշխատանքների իրականացման համար:

ՀՀ բնապահպանության նախարարությունը պետք է եռամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնի «Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

17:47 Նոյեմբեր 24, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news