ԷկոԼուր
Ալեքսանդր Սպենադարյանի անվան ազգային օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դիմացի այգին զանգվածաբար կորցնում է բազմամյա սոսիները: Այգին գտնվում է Մաշտոց և Բաղրամյան պողոտաների խաչմերուկում, Երևանի Ֆրանսիայի հրապարակի կողքին, իսկ մյուս կողմից՝ Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի դիմաց:
Լուսանկարներում հստակ երևում են չորացած ծառերը կամ առանձին չորացած ճյուղերը: Բուսաբանների կարծիքով հնարավոր է, որ ծառերի արմատային համակարգը վնասված է տարածքի անգրագետ կառուցապատման և ծառերի աճի պայմանների խախտման արդյունքում:
«Այդ սոսիները տնկել են 1937-1938 թթ-ին, դրանք մոտ 80 տարեկան են, բայց սոսին արժեքավոր տեսակ է և կարող է ապրել հազարավոր տարիներ: Երևան դրանք բերվեցին քաղաքի ֆունկցիոնալ կանաչապատումն ապահովելու համար: Երկար տարիներ սոսին հավատարմորեն ծառայում էր երևանցիներին, իսկ այժմ նրան ոչնչացնում են ոչ ակնհայտորեն, բայց հետևողականորեն», - ասում է հայտնի բուսաբան, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Լիա Օսիպյանը:
Բայց և պահպանված սոսիները աճում են անճոռնի կերպով. ծառի բունն ունի մեծ տրամագիծ, իսկ տերևազարդ ծածկն անհամաչափորեն փոքր է: Մեծ սոսիների փոխարեն այգում դրանց մնացորդներն են: Սա արդեն խորը էտման արդյունք է:
Թե ինչպես է անգրագետ շինարարությունը կործանում ծառերը, կարող եք տեսնել լուսանկարների այլ շարքում, որը ԷկոԼուրին են ուղարկել Նոր-Նորքի բնակիչները: Գայի հուշարձանի կողքի տարածքում նոր կառուցապատում են սկսել: Կառուցապատման տակ ընկած ծառերը շրջափակված են մետաղական ցանկապատով, որը թույլ չի տալիս ոռոգել ծառերը: Արմատային համակարգը ենթարկվում է ոչնչացման, քանի որ գտնվում է կառուցապատման ազդեցության տակ: Բնակիչները դիմել են Երևանի քաղաքապետարանին, որտեղ նրանցից ուզել են կոնտակտները և անհասկանալի պատճառներով անձնագրային տվյալները:
Երևանի կանաչ տարածքների ոչնչացման վերաբերյալ ահազանգերը հնչում են երկար տարիներ: Իշխանությունների անտարբերության արդյունքում և ուղղակի թողտվությամբ մենք արդեն կորցրել ենք հետևյալ կանաչ տարածքները՝ Դալմայի այգիները, Նորքի անտառը, Օղակաձև այգին, Օպերայի այգին, Հաղթանակի այգին, Ուսանողական այգին, Հրազդանի կիրճի լանջերը, Անտառային պուրակը Մոնումենտում…Ցուցակը շարունակում է համալրվել:
Մայիս 22, 2017 at 14:29