Ինչի մասին է լռում «Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի տնօրեն Յուրի Ջավադյանը

Ինչի մասին է լռում «Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի տնօրեն Յուրի Ջավադյանը

ԷկոԼուր

«Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի տնօրեն և Հանրային խորհրդի անդամ, ՀՀ նախագահին և ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի էկոհամակարգի պահպանության երկու հանձնաժողովների նախագահ Յուրի Ջավադյանն իր մեկնաբանություններն է ներկայացրել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը` կապված «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխությունների հետ, որոնց շնորհիվ Սևանա լճից ջրբացթողումները կգերազանցեն օրենքով նախատեսված սահմանային թույլատրելի ծավալը` 170 միլիոն խմ-ը, և կհասնեն 270 միլիոն խմ-ի: Հիշեցնենք, որ Յուրի Ջավադյանը ստորագրել է Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը 100 միլիոն խմ լրացուցիչ ջրբացթողումների վերաբերյալ: Հանձնաժողովի եզրակացության հիման վրա կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում, իսկ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները քվեարկեցին 74 կողմ և 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ են քվեարկել միայն «Ելք» խմբակցության պատգամավորները:

«Որևէ մեկը հիմա չի կարող ասել, թե Սևանն 8 սմ-ով է իջնելու, թե 5 սմ-ով բարձրանալու է: Բայց, իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ մենք մինուս չենք ունենա (ԷկոԼուրի դիտարկումը. բացասական հաշվեկշիռ)», - վստահեցնում է Ջավադյանը: Այնուհետև նա բերում է հաշվարկներ, որոնց համաձայն գետերից ջրի մուտքը Սևանա լիճ կազմում է 750 միլիոն խմ, գոլորշիացումը 1 միլիարդ 100 միլիոն խմ: Իսկ մնացածը լրացվում է Արփա-Սևան ջրատարով տեղափոխվող ջրի հաշվին: Նա բերում է տարբեր փաստարկներ ի օգուտ Սևանի մակարդակի դրական հաշվեկշռի` հիմնականում հենվելով նրա վրա, որ լճի մակարդակի բարձրացումը պլանավորված և կարգավորված է հիմնականում թունելի ջրի հաշվին: Նա խորհուրդ է տալիս չկանգնեցնել ջրի հոսքը թունելով, քանի որ այս տարի մեր գետերը սակավաջուր են:

Անհասկանալի է Ջավադյանի վստահությունն այն մասին, որ Սևանա լճի դրական հաշվեկշիռը կպահպանվի: Հատկապես, եթե հաշվի առնենք Արփա-Սևան թունելի վատ վիճակը, որի հերթական վերանորոգման համար կառավարությունը հատկացրել է լրացուցիչ 1 միլիարդ 800 միլիոն դրամ, որով թունելը պետք է կապիտալ վերանորոգված լիներ մինչ 2016 թ-ը Աբու Դաբիի հիմնադրամի հաշվին: Իսկ 2017 թ-ին կառավարությունը հաստատեց ջրատարի վերակառուցման նոր ծրագիրը` մինչև 2019 թ-ը:

Սպանդարյան-Կեչուտ ջրամբարը չի աշխատում շահագործման հանձման օրվանից` 2004 թ-ից: Եթե 2017 թ-ը համարվում է սակավաջուր, ապա «Հայջրնախագիծ ինստիտուտ»-ի տնօրենի բոլոր հավաստիացումները դրական հաշվեկշռի մասին մնում են որպես լավ ցանկություններ, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Սևանա լճից երկու անգամ հավելյալ ջրբացթողումների ժամանակ գրանցվել է լճի բացասական հաշվեկշիռ, ինչի մասին Յուրի Ջավադյանը լռում է:

15:51 Հուլիս 13, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news