ԷկոԼուր
«Բնությունը մենք ենք», «Քըշշ Գոշից», «Մի բռնաբարեք Գոշը», «Հեռու Գոշից» պաստառներով «Հեռու Գոշից» նախաձեռնության անդամները ապրիլի 15-ին բողոքի ակցիա անցկացրեց Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվող Էկոտուրիզմի զարգացմանը միտված միջոցառման ժամանակ:
Այս մասին տեղեկացնում է «Հեռու Գոշից» նախաձեռնությունը, որը ապրիլի 14-ին ևս բողոքի ակցիա է անցկացրել այս անգամ ՀՀ բնապահպանության նախարարության շենքի դիմաց՝ ի պաշտպանություն Գոշ լճի:
Հիշեցնենք, որ օրերս մամուլում և սոցիալական ցանցերում ահազանգ հնչեցվեց, որ Գոշ լճի տարածքում ծանր տեխնիկա է աշխատում` խախտելով տեղի լանդշաֆտը և էկոհամակարգը:
Գոշ լիճը գտնվում է «Դիլիջան» ազգային պարկի տարածքում: Այն 60 տարով վարձակալության է հանձնված «Վենդոռ» ՍՊԸ-ին: Վարձակալության նպատակն է կազմակերպել հանգստյան գոտի և մատուցել սպասարկման ծառայություններ:
«Հեռու Գոշից» նախաձեռնության համաձայն՝ խախտվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը, որի 16-րդ հոդված առաջին կետով սահմանվում է ՝ Ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում արգելվում է ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն։ Այնուհետև նշված է՝ տարածքում թրթուռավոր տեխնիկայի կիրառման արգելքի մասին։
Խախտվել է նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, քանի որ Գոշի լճի տարածքում հանգստի գոտի կազմակերպելու որևէ նախագիծ չի ներկայացվել փորձաքննության։
«Բնության հրաշքը փորձում են սարքել քյաբաբնոց։ Մենք ուզում ենք պայքարել ապօրինի գործողությունների դեմ։ Տեսագրություններից արդեն պարզ է, որ լճի ավազանը բավականաչափ դատարկվել է, ինչն արդեն անհանգստացնող փաստ է։ Մենք պայքարելու ենք Գոշ լճի պահպանության համար։ Պատրաստ ենք դիմել նույնիսկ դատարան: Մենք չենք ուզում կորցնել ևս մի բնության հրաշք։»,- հայտարարել է նախաձեռության անդամ Հայկ Մարկոսյանը։
Ի պատասխան ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մասնավորապես ասել է. «Կազմակերպության կողմից թրթուրավոր տեխնիկա է կիրառվել՝ լճի տարածքը մաքրելու հիմնավորմամբ, որի աշխատանքն այժմ կասեցված է։ Մենք նշանակել ենք ծառայողական քննություն։ Ծառայողական փորձաքննության արդյունքներն ունենալուց հետո կարելի է եզրակացություն անել հասցված վնասների վերաբերյալ»։
ՀՀ բնապահպանության նախարարի և նախաձեռնության անդամների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկել խնդիրը։
Ապրիլ 15, 2017 at 17:24