Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունը

Բնապահպանության նախարարությունը պարզաբանում է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունը

ԷկոԼուր

«ՀՀ դատախազության կողմից հրապարակված՝ «Ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնեական հանցագործությունների արդյունքում պատճառվել է շուրջ 1.5 միլիարդ ՀՀ դրամի վնաս» վերտառությամբ հաղորդագրության մեջ ներկայացված փաստական տվյալների հետ կապված՝ ընթերցողների մոտ հնարավոր թյուրընկալումներից զերծ մնալու համար պարզաբանում ենք, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տարբեր մասնաճյուղերում տևական ժամանակ մեծ ծավալների ծառերի ապօրինի հատումների, ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այդ հանցագործությունների թողտվության, հովանավորչության, սիստեմատիկ կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառք ստանալու օժանդակության դեպքերի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 308-րդ հոդվածի 2-րդ մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի և 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական 4 գործերը հարուցվել են դեռևս 2017թ. հուլիսի 28-ին:

Իրենց մեղսագրված արարքներն այդ քրեական գործերով որպես մեղադրյալներ անցնող պաշտոնատար անձինք առերևույթ կատարել են իրենց նախկին պաշտոնավարման ընթացքում:

ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչությունը լուծարվել է ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27–ի N 445-Ն որոշմամբ: Հետևաբար, նորաստեղծ ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայիս աշխատակիցները առնչություն չունեն նշված քրեական գործերի և հանցագործությունների հետ»,- պարզաբանել է ՀՀ բնապահպանության նախարարությունը ՀՀ դատախազության տարածած հաղորդագրությունը:

Հիշեցնենք, որ սույն թվականի փետրվարի 8-ին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 8 մասնաճյուղում տևական ժամանակ մեծ ծավալների ապօրինի ծառահատումների և դրանց հետ զուգորդված պաշտոնատար անձանց հանցագործությունների հետևանքով պետությանը պատճառված 1.5 միլիարդ դրամի վնասի մասին: Նշված էր, որ մեղադրյալների թվում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներ:

 

16:04 Փետրվար 09, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news