Ջերմուկի բնակիչ. «Ես դեմ եմ, որ Ջերմուկը վերածվում է բանվորական քաղաքի»

Ջերմուկի բնակիչ. «Ես դեմ եմ, որ Ջերմուկը վերածվում է բանվորական քաղաքի»

ԷկոԼուր

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Հովարդ Սթիվենսոն 2017թ-ի փետրվարի 2-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ 2018 թվականի մարտին «Լիդիան Արմենիա»-ն կթողարկի ոսկու առաջին ձուլակտորը:

Ինտենսիվ զարգանում են Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ենթակառուցվածքները Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում՝ Ջերմուկ առողջարանում և Գնդեվազ բնակավայրում:

Գնդեվազում կույտային տարրալվացման հարթակի (ցիանային արտադրամաս) կառուցման ընթացք

Գնդեվազի բնակելի տներից ուղիղ գծով մոտ 500 մ հեռավորության վրա 2016թ-ի գարնանը ցիանային արտադրամասի կառուցման համար 134 հա տարածքում հատվեցին Գնդեվազի ծիրանի այգիները:

«Ցիանային հարթակը գյուղից 1 կմ է հեռու՝ գյուղի սանիտարական գոտում է: … Մեր այգիները ցիանային հարթակից 100-200 մետր հեռավորության վրա է գտնվում: Գնդեվազը հայտնի է ծիրանի այգիներով: Բնականորեն, «Լիդիան»-ի աշխատանքները սկսելու ժամանակ այդ ծիրանի բերքը չի իրացվելու, քանի որ փոշին, մնացած քիմիական նյութերը կնստեն մեր այգիների վրա: … Այնտեղ օգտագործվելու է 1000 տոննա աղաթթու, նատրիումի ցիանիդ, որի մեկ կաթիլը կարող է մարդ սպանել: Իրենց փաստաթղթերում ասվում է, որ 4 միլիոն տոննա ցիանային լուծույթ պիտի առաջացնեն, որը պետք է լցնեն հանքաքարի վրա, որպեսզի հանեն ոսկին և արծաթը: Բացի դա, իրենց գործունեությունից հետո հարյուրավոր տարիներ առաջանալու է թթվային դրենաժ, որն անընդհատ գործելու է և վտանգի տարածաշրջանը: 200 հա տարածքի վրա ձյան և անձրևի հետևանքով առաջացած ջրերը` հագեցված մի քանի տասնյակ տոննա ծանր մետաղներով, լցվելու են Արփա գետը, որը գտնվում է հարթակից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Արփայով է սնվում Վայոց ձորի բնակավայրերի մոտ 80 տոկոսը: Իսկ այդ ջրով ոռոգված բերքն ունենալու է իր վատ ազդեցությունը: Ես մտածում եմ, որ մեր ծիրանը լրիվ անօգտագործելի կդառնա, և նույնիսկ մենք իրավունք չունենք այդ բերքն օգտագործելու… Նրանք ասում են, թե իբր չեն թողնի` 10 տարի այդ ամբողջ աղտոտված ջրերը ինչ-որ տեղ գնան, հետո կմաքրեն, նոր կլցնեն Արփա գետը: Բնականաբար, 10 տարվա ընթացքում կառաջանա մի քանի հարյուր միլիոն խմ հեղուկ: Իրենց ասելով` պատրաստում են երկու փոքրիկ ջրամբար՝ 160 և 200 հազար խորանարդ մետր ծավալով ջրերի կուտակման համար: Այնտեղ այդքան հեղուկ չեն կարող տեղավորել… Նույնսիկ մեր գիտնականներն էլ ասում են, որ Գնդեվազը երևի տեխնիկապես դուրս գա այստեղից, եթե իրենք իրենց գործունեությունը սկսեն»,- ասաց Գնդեվազի բնակիչ Միհրդատ Ներսիսյանը:

Միհրդատ Ներսիսյան, Գնդեվազի բնակիչ

Գնդեվազ բնակավայր

«2017թ-ի օգոստոսին, երբ քամիները շատ էին, ցիանային արտադրամասի տարածքում փոշու մեջ մարդ չէր երևում: Մարդիկ արդեն մտածում են, բա դեռ գործ չի արած, էդպես փոշի է, բա որ հիմնական գործը սկսեն, ինչ կլինի», - անհանգստացան գնդեվազցիները: 

Ցիանային արտադրամասի տարածքը 2018թ. ձմռանը գրեթե պատրաստ է:

Ջերմուկ առողջարանային քաղաք

Ջերմուկը առողջարան է, որը վերականգնում է իր նախկին առողջարանի համբավը յուրահատուկ «Ջերմուկ» հանքային ջրի, զարգացած առողջարանային ենթակառուցվածքների և պահպանված մաքուր էկոլոգիական միջավայրի հաշվին: 11442 բնակիչ ունեցող Ջերմուկը և հարակից գյուղերը հիմնականում ապրում են առողջարանային զբոսաշրջության հաշվին և ունեն բարձր մասնագիտական հմտություններ այս բնագավառում: Ամուլսարի ենթակառուցվածքների զարգացումը սկսել է հենց Ջերմուկում:
«Լիդիան Արմենիա» ընկերությունը Ջերմուկում վարձակալել թիվ 1 (այլ անվանումը «Մոսկվա») հյուրատունը իր աշխատակիցների բնակեցման համար:

Ըստ «Լիդիան»-ի ծրագրի՝ աշխատակիցները կտեղավորվեն Ջերմուկի որոշ հյուրանոցներում: 250-300 սենյակի վարձակալությունը որոշակի չափով կփոխարինի զբոսաշրջիկային ակտիվությանը՝ արդյունավետորեն փոխարինելով զբոսաշրջիկների «դոլարները» Ծրագրի «դոլարներով»:
«Հանքը շահագործելու հետևանքներն են ինձ մտահոգում: Փոշին արդեն շատացել է մանավանդ ամռանը: Ուզում եմ`հանքը չբացվի, չաշխատի: Ես դեմ եմ, որ Ջերմուկը վերածվում է բանվորական քաղաքի: Այս ամառ քիչ հանգստացող ու քիչ շարժ կար: Առողջարանային քաղաք Ջերմուկն արդեն կորում է: Առաջ ըմպելասրահի փողոցում բոլորը հանգստացողներ էին, այս տարի շատ քիչ էին:
…Առողջության իրավունքը կխախտվի: Մենք գիտենք, որ հանքում կա ուրան, իսկ դա արդեն ռադիացիա է: Ջերմուկը որպես առողջարանային քաղաք, բնականաբար առհասարակ չի գործելու: Նույնսիկ բնակչի ապրելու համար վտանգ կլինի: Եթե այդ ծանր մետաղները, ռադիացիան լինելու է խմելու ջրի մեջ, էլ ինչ խոսենք հանքային ջրի մասին:
…Գյուղացին այսպես, թե այնպես զբաղվելու է գյուղատնտեսությամբ, արդյունքն է կարևոր: Եթե աղտոտված տարածքում են անելու, ամեն ինչն էլ աղտոտված է լինելու: Եթե հարցը հասնի նրան, որ ողջ բնությունը, ջրային պաշարները, հողը աղտոտվի, ով հնարավորություն կունենա, կթողնի, կգնա, ով էլ չի կարող, այդ աղտոտված միջավայրում ամեն ինչն էլ անելու է, աղտոված էլ ուտելու է:
Կուզեի, որ մեր բնությունը մնար մաքուր, առողջ: Մեր քաղաքը լիներ այնպիսին, ինչպիսին որ կար, ինչպիսին, որ մեր պապերն էին ստեղծել մեզ համար, որ մենք թողնենք մեր երեխաներին ու թոռներին այն, ինչ թողել էին մեզ մեր պապերը,- ասացին Ջերմուկի բնակիչները:

 



16:22 Փետրվար 09, 2018


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news