Դանիական ազդեցիկ վարկային կազմակերպությունները հրաժարվել են աջակցել Թեղուտի նախագծին

Դանիական ազդեցիկ վարկային կազմակերպությունները հրաժարվել են աջակցել Թեղուտի նախագծին

ԷկոԼուր

Դանիական «Pension Denmark» կենսաթոշակային հիմնադրամը եւ Դանիայի EKF արտահանման վարկային գործակալությունը հրաժարվել են ֆինանսավորել Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը: Ինչպես նշված է EKF-ի կայքում. «Որոշումը կայացվել է հանքարդյունաբերական ընկերությանը EKF-ի հետ պայմանագրի պայմանները կատարել ստիպելու մի քանի փորձից հետո։ Նախազգուշացումներին հետևեց օգնության տրամադրման մերժումը»։ Հիմնական պատճառն այն է, որ Թեղուտում չեն պահպանվում պայմանագրի պայմանները, սոցիալական և բնապահպանական կայունության սկզբունքները։

EKF-ն Թեղուտում առանձնացնում է երեք հիմնական խախտում։ Առաջինը Թեղուտի հանքավայրի պարզեցման ավազանի արտահոսքերն են, որոնք չեն համապատասխանում ջրային չափանիշներին: Նշենք, որ Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները բազմիցս բողոքել են, որ ավազանը չի ծառայում իր նպատակներին, չի նպաստում ջրի մաքրմանն, ու արտահոսքերը աղտոտում են իրենց տարածքները: Ընկերությունը, իր հերթին, բազմիցս խոստացել է այս խնդրին տեխնիկական լուծում գտնել:

Երկրորդ՝ պոչամբարի պատվարը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պահանջներին և պայմաններին: Հիշեցնենք, որ Շնողի և Թեղուտի բնակիչները նշում են, որ պոչամբարից կատարվում են արտահոսքեր, որպեսզի այն չլցվի ավելի արագ տեմպերով, քան նշված է նախագծում։ Ընկերությունը հերքել է սա և վերագրել պարզեցման ավազանի խնդիրներին։

Երրորդ խախտումն անմիջականորեն կապված չէ Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ի հետ, սակայն կապված է Ալավերդու պղնձաձուլական գործարանի հետ, որը շահագործում է «Արմենիան Քափըր Փրոգրամ» (ACP) ընկերությունը, որը «Թեղուտ» ՓԲԸ-ի նման «Վալլեքս» խմբի ընկերություններից է: Վերջինս, ինչպես «Թեղուտ» ՓԲԸ-ն, ներառված է «Վալլեքս» ընկերությունների խմբի կազմում։ EKF-ը նշում է, որ Ալավերդու կոմբինատում ձուլվում է Թեղուտի հանքավայրի պղինձը․ «Կոմբինատում աշխատանքային և անվտանգության պայմանները բացարձակ անընդունելի են․․․ EKF-ը բազմիցս մատնանշել է միջավայրի ցավալի պայմանները, և համառորեն կոչ է արել ընկերությանը միջոցներ ձեռնարկել աշխատանքային պայմանների բարելավման համար»։

Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը խողովակը մի քանի կիլոմետր բարձրացրել է գործարանից, տեղադրելով այն անտառի մեջ, գործարանի բաց տարածքի արտանետումները չնչին չափով են նվազել։ Գործարանը շարունակում է ծխալ՝ աղտոտելով Ալավերդի քաղաքի օդային ավազանը եւ դրա շրջակայքը ծծմբի երկօքսիդով, իսկ խոնավ եղանակին `ծծմբային թթվով, ազոտի միացություններով, տարբեր մետաղների խառնուրդներով` մի քանի անգամ գերազանցելով նորմերը:

Նշենք, որ սա երկրորդ դեպքն է, երբ ազդեցիկ օտարերկրյա կազմակերպությունները հրաժարվում են Հայաստանում հանքարդյունաբերական ընկերությունների ֆինանսավորումից: Վերջերս Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) դադարեցրեց իր մասնակցությունը ցիանիդային մեթոդով Ամուլսարի ոսկու կորզման նախագծին։

Հոկտեմբեր 25, 2017 at 15:39


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր