Սոճիների ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում, փայտանյութով բեռնված մեքենան դիմել է փախուստի

Սոճիների ապօրինի ծառահատում «Դիլիջան» ազգային պարկում,  փայտանյութով բեռնված մեքենան դիմել է փախուստի

ԷկոԼուր

Սույն թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը` ժամը 23.00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում, անհայտ քաղաքացիան առանց պետհամարանիշների բեռնատար Գազ 66 մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային: Մեքենան վարել է ազգային պարկի աշխատակից, Ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը: Բեռնատարը ազգային պարկի աշխատակցի մեքենան դուրս է մղել ճանապարհից, վնասել է այն և դիմել փախուստի:

Միջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղազննումից պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի և 2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին և շրջակա միջավայրին հասցվել է զգալի վնաս:

Ազգային պարկի տնօրինությունը 07.09.2017 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

19:01 Սեպտեմբեր 11, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news