ԷկոԼուր
«Էկոլոգիական իրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին: Հաղորդման մեջ ասված է.
«Հարգելի պարոն Դավթյան,
Հանցագործության մասին սույն հաղորդմանը կից՝ տարբեր կրիչների վրա ներկայացնում եմ հիմքեր՝ 2016թ. հոկտեմբերի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի մարզպետ նշանակված Վահե Ալբերտի Հակոբյանի գործողություններում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշների առկայության վերաբերյալ: Գտնում եմ, որ ներկայացված փաստերի ուսումնասիրությունից առաջանում են հիմնավոր կասկածներ, որ նշված պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ կատարվել են այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական գույքային և ոչ գույքային վնաս են պատճառել անձանց, հասարակական կազմակերպությունների, առևտրային ընկերությունների, ինչպես նաև հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:
Նոր ի հայտ եկած փաստերը վկայում են, որ 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում, անհայտ անձանց կողմից բացված «Փակագծերից դուրս» էջի միջոցով տեղադրված անիմացիոն հոլովակը, որի միջոցով փորձ է արվել վարկաբեկելու «ԷկոԼուր» և «Էկոլոգիական իրավունք» հասարակական կազմակերպություններին, բնապահպաններ Ինգա Զառաֆյանին և ինձ՝ Արթուր Գրիգորյանիս, կարող է կազմակերպված և ֆինանսավորված լինել մարզպետ Հակոբյանի կողմից և իրականացվել է վերջինիս հետ փոխկապակցված սուբյեկտների միջոցով: 2016թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հասցեագրված՝ հանցագործության մասին հաղորդմանն ի պատասխան, նույն թվականի դեկտեմբերի 10-ին ընդունվել է «Նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին» թիվ 10/3-1-5169 որոշումը (կից ներկայացվում է պատճենը): Նշված որոշումը չի բողոքարկվել դատական կարգով, քանի որ այդ ժամանակ դեռևս առկա չէին սույն հաղորդմանը կից ներկայացվող նյութերը:
Սույն հաղորդման շրջանակներում ներկայացված փաստերի ուսումնասիրության և այլ դատավարական գործողությունների միջոցով անհրաժեշտ է պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու արարքին բնորոշ հատկանիշները, որոնք դրսևորվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և դրան կից բարեգործական հիմնադրամի ֆինանսական գործարքներին մարզպետ Հակոբյանի հնարավոր մասնակցության ընթացքում: Սույն հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի քննության արդյունքում կարող են վեր հանվել փաստեր մարզպետ Հակոբյանի գործունեության հետևանքով պետությանն ու կազմակերպություններին ծանր գույքային վնաս հասցնելու, ինչպես նաև անհատ անձանց ու կազմակերպությունների համար էական ոչ գույքային հետևանքներ առաջացնելու վերաբերյալ:
Քրեական հանցագործության հատկանիշներ կարող են լինել նաև մարզպետ Հակոբյանի հետ փոխկապակցված այլ անձանց արարքներում, քանի որ գործողությունները կրում են համալիր բնույթ՝ բազմաթիվ այլ անձանց և կազմակերպությունների ներգրավմամբ:
Հաղորդման հիմքում ընկած հանգամանքները.
Փաստ 1.
2016թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած քննարկման ընթացքում մարզպետ Հակոբյանը նշել է «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին` նշելով, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցները ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնադրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաև «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով (կից ներկայացվում են տեսագրությունները՝ ամբողջական և կրճատված տարբերակներով):
Գտնում եմ, որ հոկտեմբեր ամսին մարզպետ նշանակված Հակոբյանը, ով մինչև մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն և նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մասնավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնդրամին: Ներկայացված փաստի հիման վրա անհրաժեշտ է քրեաիրավական գնահատական տալ մարզպետի և մասնավոր առևտրային ընկերության ֆինանսական միջոցները տնօրինող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի գործառույթները համատեղելու ընթացքում իրականացված ֆինանսական գործարքների օրինականությունը և այդ ընթացքում պաշտոնեական լիազորություններն անցնելով գույքային վնաս պատճառելու փաստերին: Մասնավորապես, ի՞նչ հետևանքներ են առաջացել երկու հիմնադրամների միջև ոչ բանկային ֆինանսական փոխանցումներ կատարելու համար, կամ ի՞նչ իրավական հիմքերով են իրականացվել մարզպետի նշած գործարքները և ի՞նչ չափի հնարավոր գույքային վնաս է պատճառվել պետությանը կամ կազմակերպություններին դրա հետևանքով:
Հաշվի առնելով, որ իր տարեվերջյան հաշվետվության ընթացքում մարզպետ Հակոբյանը մի քանի անգամ մատնանշում է իր կնոջ կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության գործունեության մասին, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք մարզպետ Հակոբյանը չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամի» ֆինանսական միջոցները անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար օգտագործելու նպատակով (ներկայացվում է մարզպետի կնոջ՝ Էլիզաբեթ Պետրոսյանի հայտարարագիրը՝ սեփականության իրավունքով պատկանող գույքի և եկամուտների վերաբերյալ): Կից ներկայացվող նյութերից հետևում է, որ այդ միջոցները կարող էին ուղղակի դիտավորությամբ օգտագործվել այլ կազմակերպությունների և անձանց դեմ՝ վերջիններիս վարկաբեկող հոլովակների պատրաստման և տարածման, համակարգչային (հաքերային) հանցագործությունների կատարման համար՝ ելնելով անօրինական խմբային շահերից և կոռուպցիոն բնույթի այլ նպատակններից:
Փաստ 2.
2017թ. ապրիլի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել Բազմաշահառու խմբի (այսուհետ՝ ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցության նիստ, որի ընթացքում «Հասարակության ձայն» (Civil Voisce) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է փաստաթղթերի պատճեններ, որոնց համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը մոտ 200 միլիոն դրամ է փոխանցել Կապան քաղաքում գործող մի քանի հասարակական կամակերպությունների՝ իր գործունեության համար հանրային աջակցություն ապահովելու նպատակով (կից ներկայացվում է նիստի արձանագրության և ներկայացված փաստաթղթերի պատճենները): Տրամադրված պատճենների զննությունից առաջանում են կասկածներ, որ դրանք կարող են կեղծված լինել: Մինչ օրս չեն ներկայացվել տրամադրված պատճենների բնօրինակները:
Ներկայացված փաստաթղթերից մեկում նշված է 81 միլիոն դրամի փոխանցման մասին, որի մասին նշված է նաև 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում տեղադրված անիմացիոն հոլովակում (հոլովակը ներկայացված է կից տրմադրված սկավառակում, այն կարելի է դիտել նաև ստորև նշված հղմամբ՝ https://www.facebook.com/%D5%93%D5%A1%D5%AF%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80%D5%AB%D6%81-%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%BD-222206958193447/?pnref=story):
Նկարագրված փաստական հանգամանքները ստեղծում են հիմքեր ուրվագծելու անձանց շրջանակը, որոնց մասնակցությամբ իրականացվող քննչական և այլ դատավարական գործողությունների միջոցով կարող է բացահայտվել հասարակական կազմակերպություններին և անհատ անձանց վարկաբեկող հոլովակի ստեղծմանը մասնակցած սուբյեկտներին և դրանում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ֆինանսական, կազմակերպչական և այլ ներգրավվածությունը՝ իր լիազորություններն անցնելով:
Փաստ 3.
Նույն նիստի ընթացքում Արթուր Համբարձումյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Կապանում գործող հասարակական միավորումներին ուղղված ֆինանսական փոխանցումների վերաբերյալ փաստաթղթերը իրեն է տրամադրել «Հասարակության ձայն» հասարակական կազմակերպության գործընկեր «Հանրային դիվանագիտություն» (Paradiplomacy) հասարակական կազմակերպությունը (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրվել է): ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով 2017թ. մարտի 24-ից սկսած «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահը` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը, Էլիզբեթ Պետրոսյանն է (կից ներկայացվում է դրա վերաբերյալ հիմնավորում): 2017թ. ապրիլի 5-ին թարմացված տվյալների համաձայն՝ նույն ընկերության վեբ-կայքի համար որպես ադմինիստրատիվ և տեխնիկական կոնտակտ է նշված տիկին Պետրոսյանը: Մինչ ապրիլի 5-ի փոփոխությունը «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության վեբ-կայքի ադմինիստրատիվ և տեխնիկական կոնտակտ էր նշված «Հասարակության ձայն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը, ինչը վկայում է այս երկու հասարակական միավորումների գործառնական փոխկապակցվածության մասին:
Նշված փաստաթղթերը Էլիզաբեթ Պետրոսյանին կարող էր տրամադրել միայն գործարքի երկու կողերից մեկը: Կան հիմնավոր կասկածներ` պնդելու, որ մարզպետ Հակոբյանը, անձնական և խմբային շահերից ելնելով, կատարել է մարզպետի լիազորությունների հետ անհամատեղելի արարք՝ իր հետ փոխկապակցված անձանց միջոցով հաշվեհարդար տեսնելով հասարակական-բնպահպանական գործունեությամբ զբաղված անհատների և կազմակերպությունների հետ: Նշված արարքը էական վնաս է պատճառել հասարակական կազմակերպություններին և պետությանը: Նախ, քաղաքացիական հասարակության գործունեությանը վարչական մարմնի միջամտության պատճառով անհնարին է դառնում ԱՃԹՆ-ին անդամակցելու՝ Հայաստանի հետագա հնարավորությունը, և Հայաստանը զրկվում է այդ նախաձեռնությանն անդամակցելու պայմանով միջազգային ֆինանսական աջակցությունից: Երկրորդ, մարզպետի հետ փոխկապակցված այլ սուբյեկտների ձեռքով նպատակամղված վարկաբեկվում են մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններն ու հանրային գործունեությամբ զբաղվող անձիք՝ էական վնաս պատճառելով վերջիներիս հեղինակությանը:
Ամփոփելով նշված փաստական հանգամանքները՝ գտնում եմ, որ հանցագործության մասին ներկայացված հաղորդման շրջանակներում անհրաժեշտ է պարզել Սյունիքի մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի կապը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և դրան կից բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև «Սյունիքի զարգացման և ներդրումենրի հիմնադրամի» շրջանակներում իրականացված ֆինանսական գործարքների հետ: Պարզել անձնական և խմբային շահերից ելնելով՝ վերը նշված հիմնադրամների միջոցների օգտագործման հնարավոր փաստերը՝ իր կնոջ կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպության և դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների և անձանց միջոցով:
Անհրաժեշտ է նաև պարզել մարզպետ Հակոբյանի առնչությունը հասարակական կազմակերպությունների և անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման և տարածման հետ, ինչը էական ոչ գույքային վնաս է պատճառել անձանց, հասարակությանը և պետությանը՝ անձանց և կազմակերպությունների հեղինակությունը վարկաբեկելու, ինչպես նաև պետության՝ ԱՃԹՆ անդամակցության և դրանով պայմանավորված վարկանիշի ու միջազգային ֆինանսական աջակցության հնարավորությունը արգելփակելու միջոցով:
Թվարկված գործողություններն անհամատեղելի են մարզպետի պաշտոնեական լիազորությունների հետ և առաջացրել են հանրային սուր լարվածություն: Ելնելով գործի դրվագներից՝ խնդրում եմ հաղորդման քննությունն ուղարկել ըստ ենթակայության: Անհրժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել գործի վարույթի համար կարևոր լրացուցիչ նյութեր:
Հարգանքով,
Արթուր Գրիգորյան»:
Օգոստոս 01, 2017 at 13:21