ԷկոԼուր
Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները խմելու և ոռոգման համար օգտագործում են ուրանային հանքերևակումների հետազոտությունների համար նախկինում խփած հորերի ջուրը: Այս մասին ԷկոԼուրին ահազանգեց Աստղաձորի բնակիչ, ֆիզիկայի մասնագետ Արամայիս Ասատրյանը:
Նրա խոսքով` արդեն մի տարի է, ինչ իրենց գյուղի միջով հոսող Աստղաձոր գետի ջուրը ակունքի մոտից 8դույմ խողովակաշարերով որպես խմելաջուր տեղափոխել են հարևան Զոլաքար համայնք: Մոտ 20 տարի առաջ Զոլաքար են տեղափոխել Աստղաձորի ներքևող հատվածի Աղբյուրներ կոչվող տեղամասի աղբյուրի խմելաջուրը` Աստղաձորը թողնելով առանց ջուր: «1950-60-ական թվականներին 34 հոր խփեցին մեզ մոտ ուրանի որոնման համար: Ես կարող եմ ձեզ ցույց տալ հատուկ կարմիրով նշված տարածքները: Հիմա այդ հորերից բաց է մոտ 15-ը, որոնցից դուրս եկած ջուրը մենք օգտագործում ենք և ոռոգման, և խմելու համար»,- ասաց Արամայիս Ասատրյանը: Խնդրի վերաբերյալ աստղաձորցիները դիմել են տարբեր պետական մարմինների` ջուրը ստուգելու համար: «Հորերի ջրից փորձանմուշներ են վերցվել ուսումնասիրության համար և արդյունքում հայտնել են, որ «նորմայի սահմաններում» է: Բայց մեր բնակիչների զգալի մասը հիվանդ են ուռուցքային և և շաքարային հիվանդություններով»,- ասաց Արամայիս Ասատրյանը: Բնակիչները պնդում են, որ չնայած ջրի ուսումնասիրման արդյունքներին, ջրի նկատմամբ իրենց իրավունքը խախտված է, քանի որ մաքուր աղբյուրների ջուրը Աստղաձորից դեպի Զոլաքար տարել են առանց որևէ քննարկման և առանց բնակիչների կարծիքը հաշվի առնելու: Աստղաձորցիները պնդում են, որ Զոլաքար ուղղված Աստղաձոր գետի մնացորդային ջուրն իրենց տրվի:
Սեպտեմբեր 07, 2017 at 17:00