Աստղաձոր համայնքի բնակիչները ցանկանում են վերականգնել ջրի նկատմամբ իրենց իրավունքները

Աստղաձոր համայնքի բնակիչները ցանկանում են վերականգնել ջրի նկատմամբ իրենց իրավունքները

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի բնակիչները ջրի նկատմամբ իրենց իրավունքները համարում են խախտված: «Մենք ուզում ենք, որ վերականգնվի մեր իրավունքը ջրի նկատմամբ»,- ասում է Աստղաձորի բնակիչ Վարդան Գրիգորյանը:

Աստղաձոր համայնքը չի կարողանում օգտագործել Աստղաձոր գետի ջուրը, դրա փոխարեն թ՛ե խմելու, թ՛ե ոռոգման համար օգտագործում է խորքային հորերից դուրս եկող ջրերը: Համայնքի տարածքում կա 3 խորքային հոր, որոնց ջրերը չեն բավականացնում բնակիչներին: «Այդ ջրերից ժողովուրդը օգտվում է 3 օրում մեկ ժամով… Առաջ ոռոգման ջրի համար պոմպակայան ունեինք, որով Սևանա լճից ջուր էինք վերցնում և ունեինք միջհամայնքային ջուր Աստղաձոր գետից: Այն 5 օր տրամադրվում էր հարևան Զոլաքար գյուղին, 2 օր՝ Աստղաձորին: Այսօր, առանց մեր կարծիքը հարցնելու, չգիտեմ ինչ ծրագրով այդ ջրերը մեզանից տարել են»,- ասացին բնակիչները:

Ամռանը ջրի խնդիրը համայնքում սրվել էր. Սևանա լճից համայնք ջուր հասցնող պոմպերը շարքից դուրս էին եկել, Աստղաձոր գետի ջուրը համայնքին չէր հասնում, ինչի արդյունքում բնակիչները զրկվել էին ոռոգման ջրից, հետևաբար նաև բերքից: Բնակիչների հիմնական եկամուտը գալիս է կարտոֆիլից, որը պահանջում է ոռոգում: Ըստ նրանց՝ յուրաքանչյուր ընտանիք ակնկալում էր ստանալ առնվազ 5 տոննա կարտոֆիլ, որպեսզի ապահովեր իր կենսապայմանները: Սակայն ջուր չունենալու պատճառով բերքի ծավալը պակասել էր մոտ 2 անգամ: «Ամռանը մենք ջրի առումով բավականին լուրջ կացության մեջ հայտնվեցինք, և այս խորքային հորը ծառայում էր հիմնականում ոռոգման նպատակով»,- ասացին բնակիչները: Հիշեցնենք, որ այս բողոքով հուլիսի 10-ին համայնքի բնակիչները փակել էին Երևան-Վարդենիս-Արցախ ռազմավարական ճանապարհը: Չնայած նրան, որ խնդիրը քննարկվել է նաև Գեղարքունիքի մարզպետի և ՋՕԸ-ի տեղական ներկայացուցիչների հետ, այն մնացել է չլուծված:

Ո՛չ համայնքապետը, ո՛չ էլ բնակիչները, իրենց հավաստմամբ, տեղյակ չեն, թե ինչ ծրագրի շրջանակներում են Աստղաձոր գետի ջուրը խողովակներով ամբողջությամբ տեղափոխել հարևան համայնք: Նրանք ասում են, որ ոչ մի հասարակական լսում այս թեմայի շուրջ համայնքում չի անցկացվել: «Եթե թղթերը բերեն, իմ համաձայնությունը, ստորագրությունը և կնիքը լինի, ես օրենքի սահմաններում պատասխան կտամ»,- ասաց Աստղաձորի համայնքապետ Ռոբերտ Խաչատրյանը:

Ակնհայտ է, որ աստղաձորցիներին բաժին հասած խորքային հորերի ջուրը ոչ միայն քանակապես, այլ նաև որակապես տարբերվում է սարերից եկող ջրից: «Արտեզյան հորերից դուրս եկող ջուրը և սարից եկող ջուրը նույնը չեն, և մենք այդ տարբերությունը զգում ենք: Նաև կա մտահոգություն, որ մեր տարածաշրջանում կան ուրանի երևակումներ: Մեզ մոտ եղել են ուրանի հայտնաբերման աշխատանքներ: Քանի որ դա ռազմավարական նշանակություն ունի, մեզ արդյունքների մասին ոչինչ չեն ասել … Քանի որ սրանք համայնքային նշանակության խորքային հորեր են, դրանց անալիզների արդյունքների հրապարակումը պետք է այնպիսի տեղ լինի, որ այդ ջրից օգտվող բնակիչներն իմանան, թե ինչ ջրից են օգտվում: Ես՝ որպես մոտ ապրող մարդ, չգիտեմ անալիզների արդյունքները, չգիտեմ, թե ինչ տարրերով է հագեցված ջուրը, թե ինչքանով են դրանք վնասակար մարդու առողջության համար»,-ասացին Աստղաձոր համայնքի բնակիչները:

Բնակիչների կարծիքով՝ իրենց խաթարված իրավունքները կարող են վերականգնել տեղական ինքնակառավարման մարմինները, ՋՕԸ-ն:

ԷկոԼուրի հարցին, թե ինչպես են պատկերացնում խնդրի լուծումը, համայնքապետը ասաց, որ խմելու ջուրը պետք է բերվի Սառնաղբյուրից, իսկ ոռոգման ջրի համար պետք է պատվար կառուցվի, որպեսզի այնտեղ ջուր ամբարվի և օգտագործվի ոռոգման սեզոնին: Այս աշխատանքները, համայնքապետի գնահատմանբ, կարժենան մոտ 9-10 միլիոն դոլլար: Բնակիչների կարծիքով՝ շատ դժվար կլինի նման գումար ձեռք բերել, և պահաջում են վերականգնել Աստղաձոր գետի ջրի նախկին բաշխումը 2 համայնքների միջև:








19:05 Նոյեմբեր 07, 2017


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news