Գառնիի 200 բնակիչ ահազանգում է Խոսրովի արգելոցին, Քարերի սիմֆոնիային, Գառնիի ձորին եւ Գառնի գյուղին սպառնացող վտանգի մասին

Գառնիի 200 բնակիչ ահազանգում է Խոսրովի արգելոցին, Քարերի սիմֆոնիային, Գառնիի ձորին եւ Գառնի գյուղին սպառնացող վտանգի մասին

ԷկոԼուր

Գառնիի 200 բնակիչ ահազանգում է Խոսրովի արգելոցին, Քարերի սիմֆոնիային, Գառնիի ձորին եւ Գառնի գյուղին սպառնացող վտանգի մասին: Նրանք 200 ստորագրությամբ արտահայտել են իրենց բացասական կարծիքը «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգ»-ի ծրագրի վերաբերյալ, հիմնավորել են այդ կարծիքը եւ կազմել են Ծրագրի 2014թ-ի  դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած հասարակական լսումների արձանագրությունը եւ ուղարկել են այն ՀՀ բնապահպանության նախարարություն:

Արձանագրության մեջ ասված է. «Ս/թ դեկտեմբերի 20-ին ժամը 1200-ից 1315-ն §Քաղցրաշենի ոռոգման համակարգ¦-ի ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում Գառնիի համայնքի բնակիչների հետ, որի ընթացքում քննարկվեց վերը նշված ծրագիրը:

Քննարկմանը ներկա էին՝ ԾԻԳ-ի, նախագծային և ՀՀ բնապահպանական փորձաքննության ներկայացուցիչները, ինչպես նաև Գառնի համայնքի ղեկավարը և Գառնի գյուղի բնակիչներ:

Նախագծող կողմը ներկայացրեց Ոռոգման համակարգի ծրագրիրը, այն է՝ ոռոգման ջուրը վերցվում է Ազատ գետից, այնտեղ կառուցելով ջրընդունիչ կառուցվածք (ջրընդունիչը կառուցվում է Գառնիի Հեթանոսական տաճարի ուղղությամբ Ազատի կիրճում) և ջրատար խողովակով մոտ 900լ/վրկ քանակությամբ ոռոգման ջուրը ինքնահոս եղանակով տեղափոխվում է Քաղցրաշենի պոմպակայանի տակ գտնվող ոռոգման ենթակա հողատարածքներ, գործարկումից հանելով Քաղցրաշենի պոմպակայանը:

Ծրագրի հեղինակները գտնում են, որ Ազատ գետում կա բավարար քանակի ջուր և ջրընդունիչ կառուցվածքից հետո գետում թողնվելու է 850լ/վրկ բնապահպանական ելք, որը սահմանված է ՀՀ օրենքով:

Քննարկման ընթացքում ժողովրդի կողմից, առաջարկվող ծրագրին դեմ՝ հնչեցին մի շարք պատճառաբանություններ:

Արտահայտվեցին՝ Համայնքի ղեկավար Աշոտ Վարդանյանը, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմեն Գասպարյանը, ինժեներ-հիդրոտեխնիկ Ալբերտ Հարությունյանը, ուսուցչուհի Դունյա Ադամյանը, Դեղագետ Արուսյակ Այվազյանը, մշակույթի տան տնօրեն Վաղինակ Թադևոսյանը, Գրիգոր Գրիգորյանը, Մակար Դավթյանը, Համլետ Հարությունյանը և այլոք: Առաջարկվող ծրագիրը ժողովրդի կողմից ընդունելի չէ հետևյալ պատճառաբանությամբ՝

1. Ոռոգման ամիսներին, (հատկապես հուլիս, օգոստոս և սեպտեմբեր) Ազատ գետի նշված հատվածում (որտեղ նախատեսված է կառուցել ջրընդունիչ կառուցվածք) գոյություն չունի անհրաժեշտ քանակի ջուր, ուստի հնարավոր չէ գետում պահպանել օրենքով նախատեսված 850լ/վրկ քանակությամբ բնապահպանական ելքը: Բացի այդ, այս տարածքը գտնվում է Խոսրովի արգելոցի տարածքում և նշված քանակի բնապահպանական թողքը Արգելոցի համար, որպես բավարար քանակի թողք անհրաժեշտ է հիմնավորել օրենքով: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ չի վերահսկվում բնապահպանական թողքը, գոյություն չունի վերահսկման մեխանիզմ: Այդպիսի օրինակ կա հենց Գառնիի ոռոգման համակարգի գլխամասում, որը նախագծվող ջրընդունիչից գտնվում է մոտ 18կմ գետի հոսանքով դեպի վերև, Խոսրովի արգելոցի խորքում: Ոռոգման ջուրը վերցնելուց հետո գետում գրեթե ջուր չի մնում: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին այստեղից ոռոգման նպատակով վերցվում է մոտ 650-700լ/վրկ ջուր, այսինքն, եթե թողնվի բնապահպանական ելքը, ապա Գաոնիի հողերը հնարավոր չէ ոռոգել: Այսպիսի մտավախություն կա նաև այս ծրագրի դեպքում: Սակավաջուր ամիսներին բնապահպանական ելքի պահպանմանը, նույնիսկ ցանկության դեպքում, ոչ ոք չի հետևելու, քանի որ ջրատար խողովակի կառուցումից հետո, բնականաբար գործարկումից հանվելու է Քաղցրաշենի պոմպակայանը, իսկ բնակչությանը անհրաժեշտ է ոռոգման ջուր մատակարարել:   

2.  Ազատի կիրճը «Քարերի Սիմֆոնիա»-ով և գետի հիանալի բնակլիմայական պայմաններով համարվում է Հայաստանի տեսարժան վայրերից մեկը: Ծրագրի իրականացման դեպքում խախտվում է Արգելոցի էկոհամակարգը, շինարարության ընթացքում կտրվելու են բազմաթիվ հազվագյուտ (էնդեմիկ) ծառատեսակներ, շարքից դուրս են գալու բազմաթիվ բուսատեսակներ: Ազատ գետը համարվում է Հայաստանի ամենամաքուր գետերից մեկը, գետում ջրի քանակի պակասեցման պատճառով այլևս չի ապահովվի ջրի ինքնամաքրումը,  իսպառ կվերանա Ազատ գետի Կարմրախայտ ձուկը, որը էնդեմիկ տեսակ է:

3.    Ջրատար խողովակի ամբողջ երկայնքով Ազատի կիրճում (մոտ 9կմ) Գառնիի բնակիչները ունեն սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց ոռոգումը, բնականաբար, կատարվում է գետից: Ջրատարի կառուցումից հետո գետում իջնում է ջրի մակարդակը և այս հողերը զրկվում են ոռոգման ջրից: Ծրագրի հեղինակները խոստացան, որ բոլոր բնակիչները կապահովվեն ոռոգման ջրով: Այսինքն, դա նշանակում է, որ նախագծով նախատեսված՝ 900լ/վրկ ջրաքանակը պետք է ավելացվի, իսկ եթե շահագործման ընթացքում պարզվի, որ հնարավոր չէ վերահսկել այստեղ տրվող ջրաքանակը, ուստի հասկանալի է, որ պետք է ավելացվի վերցվող ջրաքանակը` պակասեցնելով բնապահպանական թողքը: Այսինքն, եթե  խնդրիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, ապա Ազատի կիրճում ջրատար խողովակի վրա (բարձր ճնշման տակ) ճիշտ չէ ջրթող փականների տեղադրումը, քանի որ մի քանի փականի բացումից հետո անհրաժեշտ քանակի ջուր չի հասնի նախագծով նախատեսված հողերին: Իսկ ջրթող փականներ չտեղադրել, նշանակում է, որ տեղի բնակչությանը զրկել ոռոգման ջրից:

Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել՝

 Ջուրը համաժողովրդական սեփականություն է, սակայն առաջին հերթին ժողովրդի այն մասի սեփականությունն է, որն ապրում է այդտեղ:

Նկատի ունենալով, որ ծրագրի իրականացումը բնապահպանական խնդիր է առաջացնում Ազատ գետում (Խոսրովի արգելոցում) և սոցիալական խնդիր է առաջացնում բնակչության շրջանում, ուստի ամբողջ գյուղով դեմ ենք արտահայտվում ներկայացված ծրագրին, որի համար ստորագրում ենք»:

Դեկտեմբեր 24, 2014 at 16:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր