Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է

Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է

ԷկոԼուր

Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը: «Մենք ամառային ամիսներին տեսանք, թե ինչպես լիճը գրեթե ամբողջությամբ դատարկվեց, որովհետև Ախուրյան գետի վրա ՀԷԿ-եր են սարքվել»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքերով Արփի լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է փոքր ՀԷԿ-երի աշխատեցմանը: «Ջուրն այն ժամանակահատվածներում են բաց թողել, երբ գյուղատնտեսական ոչ մի լուրջ խնդիր չկար: Աշնանն է բաց թողնվել` իբր թե աշնանացանը ջրելու համար: Բայց դա ծիծաղելի է. սեպտեմբերի վերջից սկսած մեզ մոտ կայուն անձրեւներ են: Այնպես որ խնդիր չկար ջրի բացթողումների, որպեսզի ոռոգման նպատակով օգտագործեին: Այսինքն, այն ինչ-որ վաղուց Սևանում էր կատարվում, հիմա Արփի լճում է կատարվում»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:

Նշենք, որ Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում, որը ստեղծվել է 2009թ.: «Մենք ստեղծել ենք «Արփի լիճ»  ազգային պարկը, նրա կառավարման պլանը, բայց, ցավոք, մինչեւ այսօր այդ պլանը հասարակությանը չենք ներկայացրել ու չենք քննարկել: Ըստ կառավարման պլանի` մենք չունենք հստակ պատկերացում, թե այնտեղ ինչն է պահպանվում: Իմաստը պետք է լինի Արփի լճի էկոհամակարգը, բայց լճի չորս կողմը` ափերի երկարությամբ, ոչ մի հատված չկա, որ գտնվի պահպանվող գոտու մեջ. ամբողջը  ռեկրեացիոն կամ տնտեսական գոտի է: Միայն երկու փոքրիկ կղզիներն են համարվում պահպավող տարածքներ և երկու բարձրադիր տարածքներ, մեկը` Քարախաչի մեռնաշղթայի հատվածը, մյուսը՝ Դարին դարա արոտավայրային մասիվի հատվածը, որոնք այնքան հեռու են բնակավայրերից, որ անկախ կառավարման պլանից, դրանք պաշտպանված են,- ասաց Գեւորգ Պետրոսյանը եւ հավելեց,-  Հիմա մենք վախենում ենք հաջորդ փուլից, որ քանի որ Արփի լճի ողջ երկայնքը տնտեսական ու ռեկրեացիոն գոտի է, վաղը եթե կլիմայական պայմանները, ճանապարհները հնարավորություններ տվեցին, դա էլ կվերածվի հյուրանոցների, ռեստորանների»:

«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը ֆինանսավորել է KfW գերմանական զարգազման բանկը: Միեւնույն բանկը նաեւ ֆինանսավորում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Ըստ Գեւորգ Պետրոսյանի` Ամասիայի տարածքում գտնվող ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW բանկի միջոցներով:  «Ստացվում է, որ գումար տրամադրողը մի կողմից գումար է տալիս, որպեսզի մենք էկոհամակարգը պահպանենք, մյուս կողմից` ֆինանսավորում է մի ծրագիր, որը նպաստում է էկոհամակարգի քայքայմանը»,-նկատեց նա:

Գյումրիում վերջին տարվա ընթացքում երեք ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվություն է տրված: Անցակցվել են հասարակական լսումներ, որոնց մասնակցել են նաև բնակիչները, սակայն Գեւորգ Պետրոսյանի հավաստմամբ, մարդիկ չեն գիտակցում, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կունենա ՓՀԷԿ-երի շահագործումը: «Մեզ զրկում են բնական ռեսուրսներից ազատ օգտվելու հնարավորությունից: Մի կողմից հանքարդյուանբերության հետևանքով անհետանում են անտառները, մյուս կողմից ՓՀԷԿ-երի պատճառով գետերն են սկսում ոչնչացնել, և մենք ունենում ենք կախվածության վիճակ: Եթե նախկինում գյուղացին կարողանում էր էներգետիկ, սոցիալական ճգնաժամի պայմաններում  օգտվել անտառից, փայտ հայթհայթել, հատապտուղներ հավաքել, օգտվել գետից` ձուկ որսալ, հիմա գյուղացին նույնիսկ դրանից չի կարողանում օգտվել և  լրիվ կախվածության մեջ է ընկնում բիզնեսից»,-ասաց Գ.Պետրոսյան:



13:06 Օգոստոս 30, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news