Ահազանգ. Ախթալա գետակը կրկին աղտոտվել է

Ահազանգ. Ախթալա գետակը կրկին աղտոտվել է

ԷկոԼուր

Ախթալա գետակը կրկին աղտոտվել է, ահազանգում է Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը: Իր ֆեյսբուքյան էջում Դուլգարյանը հրապարակել է տեսանյութեր, թե ինչպես է աղտոտող հոսքը լցվում Ախթալա գետակ և Դեբեդ գետ: Տեսանյութերն արվել են հուլիսի 24-ին: Այսօր՝ հուլիսի 25-ին, աղտոտող զանգվածի հոսքն արդեն դադարել էր:

«Ախթալա գետակն աղտոտված է անհասկանալի նյութերով, որը հավանաբար արտահոսք է հանքերից: Գետակը միախառնվում է Դեբեդ գետին, որից ներքև՝ մինչև հայկական սահմանը, ավելի քան 20 գյուղեր ոռոգում են իրենց այգիներն այս ջրերով, արդեն աղտոտված ջրերով»,- ասում է Օլեգ Դուլգարյանը:

ԷկոԼուրի հետ զրույցում Դուլգարյանն ասաց. «Ախթալա գետակն ամբողջությամբ իրենից պոչանք էր ներկայացնում: Դեբեդ գետին խառնված զանգվածը գետից առանձին էր հոսում»:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ԷկոԼուրին տեղեկացրեցին, որ դեպքից անմիջապես հետո տեսչական մարմնի աշխատակիցները տեղում ջրի նմուշառումներ են իրականացրել, հարուցվել է վարույթ՝ պարզելու համար, թե որն է Ախթալա գետակի աղտոտման պատճառը: Արդյունքները պարզ դառնալու դեպքում տեսչության կողմից կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Սույն նյութը պատրաստվել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանքարդյունաբերության ազդակիր համայնքները` գործընթացի լիարժեք մասնակիցներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ-ի(USAID) աջակցությամբ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»(ԹԻՀԿ) հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում։

Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները /կամ նյութի բովանդակությունը/ միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:



19:13 Հուլիս 25, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news