Ծիծեռնակաբերդում այրվել է 21 հա, իսկ Հրազդանի կիրճում 4 հա բուսածածկ տարածք

Ծիծեռնակաբերդում այրվել է 21 հա, իսկ Հրազդանի կիրճում 4 հա բուսածածկ տարածք

ԷկոԼուր

Հունիսի 26-ին Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհի արդյունքում այրվել է մոտ 21 հա բուսածածկ տարածք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Դեպքի վայրում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողներին հայտնել է, որ Ծիծեռնակաբերդի անտառապատ տարածքը մոտ 100 հեկտար է, որից 8 հեկտարը պատկանում է համայնքին, մնացածը՝ Ցեղասպանության ինստիտուտ թանգարանին։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է ընդհանուր թվով մոտ 120 փրկարար ծառայող: Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 10 ջարատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:32-ին, մարվել՝ ժամը 23:56-ին: Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը բնակելի տարածքներ։ Մոտակայքում գտնվող շենք-շինություններին, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտին վնաս չի պատճառվել:

Հունիսի 27-ին ևս Ծիծեռնակաբերդի տարածքում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, ժամը 18։39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտակայքում ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մոտեցել նշված հատվածում հերթապահություն իրականացնող ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին, մարվել՝ 21։10-ին։ Այրվել են վնասված ծառի արմատները։

Հունիսի 27-ին հրդեհ է բռնկվել նաև Երևանի Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենս» ռեստորանի մոտակայքի խոտածածկ տարածքում։ Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։08-ին, ամբողջությամբ մարվել է հունիսի 28-ին՝ժամը 00։07-ին։ Այրվել է մոտ 4 հա բուսածածկ տարածք, 11 ծառ և 14 կոճղ։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 46 փրկարար ծառայող։ Հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակել է Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի երկու ջրատար։



Հունիս 29, 2020 at 12:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր