ԷկոԼուր
Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրի իրականացումն անթույլատրելի է: Սա այլընտրանքային հանրային փորձաքննության եզրակացությունն է, որը տրվեց Ամուլսարի ծրագրին տարբեր մասնագետների կողմից դեկտեմբերի 12-ին՝ Երևանի «Ավիատրանս» հյուրանոցում անցկացված հանդիպման ժամանակ: Հանդիպումը կազմակերպել էր Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը:
Ամուլսարի ոսկու հանքավայը պատրաստվում է շահագործել բրիտանական Ջերսի կղզու օֆշորային գոտում գրանցված «Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը:
Այլընտրանքային հանրային փորձաքննություն իրականացնող փորձագետներից յուրաքանչյուրը ներկայացրեց իր բնագավառի մասով Ամուլսարի ծրագրում առկա վտանգներն ու ռիսկերը:
Քիմիկոս Հակոբ Սանասարյանը նշեց, որ ծրագրի իրականացման դեպքում 466 հեկտար հող դուրս կգա ՀՀ հողային հաշվեկշռից: Բացի այդ, Հայաստանը կկորցնի տարեկան 1 միլիարդ 350 միլիոն խմ ջուր` 680 միլիոն խմ` Որոտան գետով հոսող և 670 միլիոն խմ` Արփա գետով հոսող: Այս ջրային ռեսուրսները հանքարդյունաբերության հետևանքով կաղտոտվեն թունավոր տարրերով: Սանասարյանը մեջբերեց գիտնական Պետրոս Ալոյանի հաշվարկները ուրանի վերաբերյալ. «Ալոյանը «Горный журнал» պարբերականում տպագրված հոդվածում նշել է, որ Վայոց ձորի խմբում ուրանային երևակումներից ամենահեռանկարայինը Վայքի և Ամուլսարի երևակումներն են: Վայքի երևակումները գնահատվում են 20-30 հազար տոննա: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Հաշվի առնելով ուրանի և թորիումի պարունակությունը տարածքում` ընդհանուր ռադիոակտիվ հումքի պաշարները գնահատվել են 100 տոննա»:
Իրավաբան Նազելի Վարդանյանն առանձնացրեց Ամուլսարի ծրագրի իրավական հիմնախնդիրները` նշելով, որ այն խախտում է մի շարք օրենքներ:
«Ընդերքի մասին օրենսգիրքը հստակ սահմանում է, որ այն տարածքներում, որտեղ կան հանքային ջրերի աղբյուրներ, չի թույլատրվում որևէ երկրաբանական գործունեություն:
«Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն` Սևանի ջրհավաք ավազանում արգելված է որևէ գործունեություն, որը կարող է ազդեցություն ունենալ Սևանի ջրի որակի վրա: Իսկ Արփա, Որոտան գետերը, Սպանդարյանի, Կեչուտի ջրամբարները հանդիսանում են Սևանի ջրհավաք ավազան, և այդ գետերն ու ջրամբարներն աղտոտվելու են:
Ամուլսարում կա Կարմիր գրքի բուսատեսակ: Կառավարության որոշումը` տեղափոխել այդ բուսատեսակը, «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է», - ասաց իրավաբանը:
Անդրադառնալով Ջերմուկ առողջարանին, որը գտնվում է հանքավայրից 10-12 կմ հեռավորության վրա, Նազելի Վարդանյանն ասաց. «Ջերմուկը, լինելով տուրիզմի և առողջարանային կենտրոն, բոլորովին համատեղելի չէ այն գործունեության հետ, որը ցանկանում են իրականացնել: Ո՞վ է պատասխան տալու, եթե ցնցումների հետևանքով կորցնենք հանքային ջրերի աղբյուրները: Գումար են տալիս (նկատի ունի «Լիդիան» ընկերությանը), որ ազգային պարկ ստեղծեն: Ջերմուկը միշտ էլ եղել է հատուկ պահպանվող տարածք, եղել է ջրաբանական արգելավայր, որտեղ տնտեսական գործունեությունը միշտ սահմանափակված է եղել»:
Երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Շահեն Խաչատրյանն ընդգծեց, որ բացի Ջերմուկի հանքային ջրերից, այդ տարածքում կան բազմաթիվ քաղցրահամ աղբյուրներ, որոնք ևս վտանգվելու են: Բացի այդ, այդտեղ կան սողանքներ: «Դրանք դանդաղ սահող սողանքներ են, և երբ հանքավայրը սկսեն շահագործել, կատարելու են պայթեցումներ, հաստատ իմացեք, այդ բոլոր սողանքներն ակտիվանալու են», - ասաց Շահեն Խաչատրյանը` շեշտելով, որ տարածաշրջանն ավելի թանկ է, քան այն եկամուտները, որոնք ստացվելու են Ամուլսարի ծրագրից:
«Ամուլսարի ծրագիրը վտանգում է Հայաստանի ջրային ավազանի սիրտը և երկրի կյանքը», - իր գնահատականը տվեց աշխարհագրագետ Լևոն Գալստյանը:
Նա մեջբերեց միջազգային հեղինակավոր 3 ընկերությունների եզրակացությունները` տրված Ամուլսարի ծրագրին: Դրանք ավստրալիական Blue Minerals Consultancy, ամերիկյան Buka Environmental և կանադական Clear Coast Consulting, Inc. ընկերությունների գնահատականերն են` կապված թթվային ապարների դրենաժի ռիսկի հետ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ թթվային արտահոսքը կարող է շարունակվել տասնամյակներ և դարեր՝ «Լիդիան»-ի ներկայացրած մշտադիտարկման կարճաժամկետ (5 տարի) տևողությունը անբավարար է:
Հնարավոր է, որ հանքի փակումից հետո հետագա ջրերի մշակման ծախսն ընկնի Հայաստանի կառավարության վրա: Փակման փուլում միջազգային պրակտիկայի հարյուրավոր օրինակներից երևում է, որ ընկերության շահույթները նվազում են ծախսերի մակարդակից ներքև, իսկ տեղի (հայկական) ընկերությունը իրեն հայտարարում է սնանկ՝ մի քանի տասնյակ տարիներով ԹԱԴ-ի վերահսկողությունը թողնելով կառավարությանը։
Հիմնական հարցն այն է, որ Հայաստանի կառավարության համար ընթացիկ ծախսերը հանքի գործունեության դադարեցումից հետո կարող են գերազանցել շահագործման ժամանակ պետության ստացած եկամուտները: Հանքի դատարկ ապարների թափոնների ամեն 1000 տոննայի համար կպահանջվի առաջացող հիսունից վաթսուն տոննա թթվի ընթացիկ չեզոքացում», - մեջբերեց Լևոն Գալստյանը:
Քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը նշեց, որ բնապահպանական փորձաքննությունը բովանդակային, գիտական, հետազոտական փորձաքննություն չի անցկացնում: Փորձաքննությունն արվում է ներկայացնողի տվյալների հիման վրա, և այդ տվյալները չեն ստուգվում: Սեյրան Մինասյանն ասաց, որ ներկայիս ՇՄԱԳ-ով Ամուլսարի ծրագրի իրականացումն անթույլատրելի է:
Դեկտեմբեր 13, 2017 at 15:44