Անհայտ անձինք այրել են Դալմայի այգիների տարածքում գտնվող պտղատու ծառերը․ Ոչնչացումը շարունակվում է

Անհայտ անձինք այրել են Դալմայի այգիների տարածքում գտնվող պտղատու ծառերը․ Ոչնչացումը շարունակվում է

ԷկոԼուր

2020թ․ մարտի 27-ին անհայտ անձանց կողմից այրվել են Դալմայի այգիների տարածքում գտնվող պտղատու այգիներ։ Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջերում ահազանգել են «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մարի Չաքրյանը և «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը։ 

ԷկոԼուրի հետ զրույցում Ռուզան Ղազարյանը նշեց, որ այրվել է Էլմիրա Կոստանդյանի կողմից մշակվող տարածքը, ով օրեր առաջ ահազանգել էր իր հարևան հողատարածքում ծառերի հատման դեպքի մասին։ Կինն, ի դեպ, օրեր առաջ հայտնել էր մտավախություն, որ շատ շուտով նաև իր հողատարածքին կարող են հասնել։ Ըստ www.a1plus.am կայքի՝ հրդեհն այրել է Էլմիրա Կոստանդյանին պատկանող 3000 քառ․մետր ու Սլավիկ Եղիազարյանին պատկանող 2000 քառ․մետր մակերեսով այգիները։ ԷկոԼուրի հետ զրույցում Էլմիրա Կարապետյանի ընտանիքի անդամը նշեց, որ հրդեհը մեկուսացնելուց հետո Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները հրաժարվել են ակտավորել դեպքը․ «Հրշեջները եկել էին, ԱԻն-ից չեն ակտավորել, ասել են՝ մեկ է փոխհատուցում չեն տալու»։ Էլմիրա Կարապետյանն էլ ավելացրեց, որ դեպքից հետո գնացել է ՀՀ ոստիկանություն, որտեղ նրան պատասխանել են, թե դա մեր գործը չէ․ «Ասացին, եթե հրշեջ ենք կանչել, պետք է ակտավորեին։ Ես ասացի, որ չեն ակտավորել։ Ասացին՝ կճշտենք, հրշեջներ եկել են, այդպիսի դեպք եղել է, թե չէ։ 100-ից ավելի ծառ է այրվել՝ ծիրանենի, բալենի, սալորենի, նռենի․․․»

Ի դեպ, «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ նախագահ Մարի Չաքրյանն իր ֆեյսբուքյան էջում նշել էր այն մասին, որ տարածքի ծառերը գույքագրված չեն եղել, ինչն իր հերթին կարող է բարդացնել փոխհատուցման գործընթացը․ <<Երկու օր առաջ Դալմայի այգիների տարածքում՝ Մոնթե Մելքոնյան և Ծիծեռնակաբերդի խճուղիների միջնամասում գտնվող այգում ծաղկած ծառեր էին հատվել, երեկ էլ այգին այրվել է: Հիշեցնենք, որ ծառերը չեն պատկանում նոր տիրոջը/վարձակալին, քանի որ նրանք տնկվել ու 20 տարի շարունակ խնամվել են նախկին վարձակալի կողմից, որի այգին շարունակաբար տիրապետելու իրավունքը խախտելով է տեղի ունեցել տարածքի օտարումը: Ծառերը չեն գույքագրվել, չեն հաշվառվել, ինչպես և նույն այս տարածքի մյուս հողակտորների դեպքում, ինչն անհրաժեշտ պայման է փոխհատուցման հաշվարկ իրականացնելու և, հետևապես, ծառերի տիրոջը փոխհատուցելու համար: Բացի այդ, ծառերը կտրելու համար տարածքին տիրապետողը պետք է թույլտվություն ունենա, որը, բնականաբար, չէր կարող ունենալ, առանց դրանք գույքագրելու>>: Չաքրյանը նաև տեղեկացրել է, որ այրված տարածքի անմիջական հարևանությամբ է գտնվում նաև պատմամշակութային արժեք ներկայացնող հնձան։

 
Լուսանկարները՝ «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից


19:17 Մարտ 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news