Ավստրալիայի հրդեհների հետևանքով վտանգավոր ծուխը հասել է Հարավային Ամերիկա

Ավստրալիայի հրդեհների հետևանքով վտանգավոր ծուխը հասել է Հարավային Ամերիկա

ԷկոԼուր

Ավստրալիայի հրդեհների հետևանքով վտանգավոր ծուխը հասել է Հարավային Ամերիկա: Ծուխը հազարավոր կիլոմետրերով տարածվել է Խաղաղ օվկիանոսի վրա և հունվարի 6-ին հասել Արգենտինա և Չիլի: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը՝ նշելով, որ 2020 թ-ի առաջին շաբաթվա ընթացքում հրդեհները հասել են աղետալի մասշտաբների Ավստրալիայի հարավային և արևելյան տարածքներում, ներառյալ Նոր Հարավային Ուելս և Վիկտորիա նահանգները: Այս շրջաններում ջերմաստիճանը բարձրացել է 40 աստիճանից ավելի: Իրավիճակը բարդանում է երկարատև երաշտի և մռայլ քամիների հետևանքով:

2019 թ-ի Ավստրալիայի գարունը, սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենահրդեհավտանգն է եղել: 2019 թ-ի դեկտեմբերի 19-ին գրանցվել է ռեկորդային միջին ջերմաստիճան՝ 41,9 աստիճան, իսկ Ավստրալիայի հարավում՝ 49,9 աստիճան:

Նոր տարվա կանխատեսումները լավատեսական չեն. ամռան հետ սպասվում է երկար հրդեհային սեզոն: Նշվում է, որ հունվարի 10-ից Ավստրալիայում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա:

Հրդեհների դեմ պայքարում են ոչ միայն փրկարարները, այլ նաև զինվորականները:

ՄԱԿ-ը հայտնում է, որ Ավստրալիայում աղետալի և աննախադեպ անտառային հրդեհներն արդեն խլել են 22 մարդու կյանք, ոչնչացրել հարյուրավոր բնակելի շենքեր: Հայտնի է, որ այրվել են միլիոնավոր հեկտարներ և կես միլիարդից ավելի կենդանիներ, շրջակա միջավայրին հասցվել է անուղղելի վնաս:

 

Հունվար 09, 2020 at 14:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր